Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Թարվերդյան․ «Մենք գալիս ենք ոչ միայն ծառայելու մեր քաղաքացիներին, այլեւ տեր ենք կանգնելու մեր քաղաքին»

Օգոստոս 26,2023 20:42

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Միացյալ Հայաստան» կուսակցությունն այսօր քարոզարշավը սկսեց Նոր-Նորք վարչական շրջանից։

Կուսակցության նախագահ, գործարար Երվանդ Թարվերդյանը, որը գլխավորում է կուսակցության ավագանու թեկնածուների ցուցակը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ պիտի երեւանցին ընտրի հատկապես իրենց ուժին, ասաց․ «Որովհետեւ երեւանցին բավական խելացի է։ Նա ընտրություն է կատարելու ոչ միայն զուտ հայտարարությունների, այլեւ ծրագրերի, որոնք իրականանալու են։ Ցանկացած թեկնածու ոչ թե պետք է ամպագոռգոռ հայտարարություններ անի, այլ ծրագիր ներկայացնելիս ասի, թե ինչպես է դա անելու։ Մեր ներկայացրած ցանկացած ծրագրային թեզ ամբողջությամբ իրականանալի է։

Եթե մենք ասում ենք, որ քաղաքը անկանոն է զարգանում եւ ավագանու առաջին սուրբ գործը պետք է լինի քաղաքի զարգացման կոնցեպցիան, կամ գլխավոր հատակագիծը մշակելը եւ հաստատելը, դա արվելու է օր ու գիշեր՝ անգամ ուժասպառ լինելով։ 30 տարուց ավելի քաղաքապետերը եւ նրանց թիմերը անկանոն աշխատում են օրվա խնդիր լուծելով։ Չհասկանալով, թե ինչքան կարեւոր է գլխավոր պլանը եւ դրա հաստատելը, իրենց անձնական մոտեցումներից ելնելով շինարարության թույլտվություններ են տալիս։ Ու շատ դեպքերում այն հանգամանքում, երբ այդ շենքերը սպասարկող կոմունալ հարմարությունները չկան։

Երեւանցի երիտասարդը պետք է մեզ ձայն տա, որովհետեւ մենք առաջին անգամ առաջարկում ենք պետության դերն ավելացնել քաղաքացի-պետություն հարաբերություններում։ Մենք ասում ենք, որ երիտասարդ երեւանցին  պետք է կարողանա հենց մայրաքաղաքից ձեռք բերել բնակարան։ Ընդ որում, շուրջ երկու անգամ մատչելի, քան այսօր շուկայում վաճառվող բնակարանը՝ գումարը մաս-մաս վճարելով։

Երեւանցին մեզ պետք է ձայն տա, որովհետեւ մենք գալիս ենք ոչ միայն ծառայելու մեր քաղաքացիներին, այլեւ տեր ենք կանգնելու մեր քաղաքին։ Սա անտեր քաղաք է, ամեն մեկը ինչ ուզում՝ անում է։ Մենք անելու ենք այն, ինչ մյուսները չեն կարող։ 30 տարուց ավել Հրազդանի կիրճը աղբանոց է դարձել։ Միայն իրենց հարազատներին ու ընկերներին վայր են տվել, որպեսզի ռեստորան կառուցեն ու փող աշխատեն։ Փող աշխատելն ինքնին դրական բան է։ Ես ինքս էլ փող աշխատում եմ։ Դրանից հարկեր են վճարվում, ուսուցիչն ու թոշակառուն աշխատավարձ ու թոշակ են ստանում։ Սակայն այդ ամենը կարելի է անել այնպես, որ քաղաքացին օգտվի։ Քաղաքական գործիչների համար սովորական երեւույթ է դարձել հայտարարություն անել, ընտրվել ու հետո բացատրել, թե իրենց հայտարարած ծրագրերը ինչու չեն իրականացնում։ Այսօրվա իշխանությունը եկել է ծրագրով։ Հիմա համեմատեք, թե իրենց ներկայացրած ծրագրի քանի տոկոսն են իրականացրել»։

Aravot.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը, Երվանդ Թարվերդյանը պատասխանեց․ «Բավականին մեծ, քանի որ այն տրամաբանությունը, որ ունի մեր քաղաքական ուժը, միշտ մեծագույն պահանջարկ ունի հասարակության մեջ։ Մենք ազնիվ քաղաքական ուժ ենք։ Մենք չենք ստում, թե ոչ մեկի հետ կոալիցիայի չենք գնալու ու հետո բացատրենք, թե ինչու գնացինք։ Մենք հայտարարում ենք, որ համագործակցելու ենք բոլոր քաղաքական ուժերի հետ»։

Ճշգրտող հարցին, եթե իշխող ուժը մեծամասնություն կազմի, նրա հետ է՞լ եք համագործակցելու, պարոն Թարվերդյանը պատասխանեց․ «Նորից եմ կրկնում, բոլոր ուժերի հետ»։

Aravot.am-ը նաեւ հետաքրքրվեց, թե իրեն վարչապետի պաշտոնում տեսնող գործիչը հիմա պայքարում է Երեւանի ավագանու անդամ դառնալու եւ հետագայում, եթե ստացվի, քաղաքապետ դառնալու համար, դա նշաձողի իջեցում չէ՞։ «Ոչ։ Որովհետև ես գլխավորում եմ «Միացյալ Հայաստան» կուսակցության ցուցակը, որովհետեւ այսօր քաղաքական ընտրություններ են։ Հարցն այն չէ, որ ես պատրաստվում եմ դառնալ քաղաքապետ։ Հարցն այն է, որ մենք ստանձնելու ենք պարտավորություն քաղաքացիների մոտ եւ ունենալու ենք ազդեցիկ խմբակցություն։ Ազգային ժողովում, եթե անգամ արտահերթ ընտրություն լինի, մենք էլի մասնակցելու ենք ու նորից ցուցակը ես եմ գլխավորելու։ Խնդիրը նշաձողը չէ։ Քաղաքական ընտրություններ են, եւ քաղաքական ուժը պարտավոր է մասնակցել»,-պատասխանեց Երվանդ Թարվերդյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031