«Թեկնածուները սեփական տների թաղամասեր չեն գնում, որովհետեւ համարում են, որ բնակիչները քիչ են, ինչի՞ գնան, դրա համար էլ այս թաղամասում լույսի հարցը չի լուծվում։ Եթե գային, շրջեին այստեղ, եղածը մի բան չէ, չի եկել, չի տեսել, չի արել»,-այսօր Հույսի ավանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը։ Այս թաղամասը, չնայած գտնվում է Դավիթաշեն վարչական շրջանում, բնակիչների պնդմամբ՝ անտեսված է, իրենց միայն հիշում են ընտրություններից ընտրություններ։
Դավիթ Խաժակյանը, ինչպես տեղեկացրել ենք, լսելով բնակիչների պահանջներն ու դժգոհությունները, խոստացավ զբաղվել․ մարդիկ գլխավոր խնդիր են համարում տրանսպորտը, թաղամասի լուսավորությունը, պոլիկլինիկային, ավելի կոնկրետ՝ բուժսպասարկման հասանելիությունը, խաղահրապարակը։
Խաժակյանը բնակիչներին ասաց՝ ես չեմ խոստանում բաներ, որոնք իրատեսական չեն, իրատեսական է տրանսպորտն այնպես ապահովել, որպեսզի բնակիչները կարողանան կապ ունենան ե՛ւ Դավիթաշենի ե՛ւ Աջափնյակի հետ, որտեղից էլ մայրաքաղաքի այլ թաղամասեր։
Կարդացեք նաև
Քաղաքապետի թեկնածուն բնակիչներին խոստացավ՝ 2024 թվականի Երեւանի բյուջեով կնախատեսեն թաղամասի լուսավորության խնդիրը լուծել, խաղահրապարակ կառուցել եւ այլն։
Aravot.am -ի հարցին՝ արդեն ծրագրում եք 2024 թվականի բյուջեի ծախսերը, վստա՞հ եք, որ բավարար քվե եք ստանալու, Խաժակյանը պատասխանեց․«Ես չեմ կարծում, որ կա այլ ուժ, որը քաղաքային գործունեության իր ակտիվությամբ կարող է նման վստահություն ունենալ։ Բնակիչներն ինձ Դավիթով են դիմում։ Ես ուրախ եմ, որ ինձ ճանաչում են որպես ավագանու անդամի։ Ավագանու քանի՞ այլ անդամի անուն կամ ազգանուն կամ դեմքով գիտեն մեր բնակիչները։ Բայց ես տխրում եմ, որ մեր ավագանիում, ես չաշխատելով իմ հնարավորությունների 120%-ի չափով, միակ ճանաչելին եմ։ Դրա համար ես վստահ եմ, որ ընտրություններին բավարար քվե կստանանք»։
Aravot.am-ը դիմեց բնակիչներին, հետաքրքրվեց՝ արդյոք գիտեն, թե ով է քաղաքապետի պաշտոնակատարը։ «Ավինյանը չի՞, ալերգիա ունեմ իրենից»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մանրամասն՝ տեսանյութում
Խաժակյանի խոսքով՝ լսում է մարդկանց, շատերն ասում են՝ իշխող ուժի թեկնածուն հաղթած է․«Ես էլ հարցնում եմ՝ դուք իրեն ընտրելո՞ւ եք։ Ասում են՝ չէ։ Ասում եմ՝ դուք ծանոթ ունե՞ք, որ իրեն ընտրելու է։ Ասում են՝ չէ։ Հիմա եթե դա էդպես է, ես մարդկանց ասում եմ՝ ժողովուրդ ջան, ձեր ձայնը տեղ հասնելու է, ընտրությունները չեն կեղծվելու, մի գրամ կասկած չունեմ։ Ես չեմ լսել մի դպրոցի ուսուցչի բողոք, որ իրենց տնօրենն իրենց գոնե ակնարկած լինի ընտրել իրենց»։
Խաժակյանի այս հայտարարությանն արձագանքեցին Հույսի ավանի բնակիչները՝ մենք բոլորս ժամանակին ձայն ենք տվել իշխող ուժին, բայց այս պահին մի հատ ձայն չունի իշխող կուսակցությունը, կուշտ ենք իրենցից։
Քաղաքացիներից մեկն էլ Խաժակյանից հետաքրքրվեց՝ եթե չընտրվեք քաղաքապետ, կմիանա՞ք մեր ընտրյալի հետ, որ խոստացած ծրագրերը կատարեք։
Ի պատասխան Խաժակյանն ասաց․ «Սատանի ականջը խուլ․․․ եթե քաղաքապետ չես ընտրվում, կարող ես մնալ ավագանու անդամ։ Մենք իշխանություն չենք եղել, հինգ տարի աշխատել ենք որպես ավագանու անդամ։ Եթե հանկարծ ուրիշ թեկնածու գա, հարցրեք՝ եթե դու քաղաքապետ չընտրվես, կմնա՞ս ավագանիում աշխատես, մեր խնդիրները լուծես։ Եթե կունենանք այնպիսի կարգավիճակ, որ խնդիրները լուծենք, կլուծենք, չենք ունենա այդ լծակը, ապա ինչպես ամեն օր ամեն հարցի համար կռիվ եմ տվել ավագանիում, նույնպես կռիվ եմ տալու։ Ինձ պետք է ներկայություն ավագանիում, որպեսզի այդ խնդիրները լուծենք։ Կան թեկնածուներ, որոնք ժամանակին տարբեր պաշտոններ են զբաղեցրել, մի հատ հարցրեք՝ ավագանի կաշխատե՞ք՝ եթե չընտրվեք, թե՞ մանդատը դնելու եք, գնաք, հետո գալու են մարդիկ, որոնց չեք ճանաչում, ցուցակի առաջին համարին եք ճանաչում, իսկ ինքը մանդատը դնելու է, գնա»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ