Հույսի ավանի բնակիչները պաշտոնյաների երես տեսնում են ընտրություններից ընտրություններ, թեկնածունները գալիս են քարոզարշավների ժամանակ, խոստումներ տալիս ու գնում, իսկ բնակիչների մատնանշած խնդիրներն այդպես էլ չեն լուծվում։ Այս թաղամասը մոտ քսան տարի առաջ կառուցել է բարեգործական կազմակերպությունը։ Բնակիչներն ասում են՝ թաղամասում հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներ են բնակվում, Արցախյան առաջին պատերազմում զոհվածների ընտանիքներն են։
Այսօր այս թաղամասում մի փոքր աշխուժություն էր։ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Լուսավոր Հայաստանի» քաղաքապետի եւ ավագանու թեկնածուներն էին այցելել։
«Որոշել ենք ընտրել այն թեկնածուին, ով գոնե մի քիչ ուշադրություն կդարձնի այս թաղամասին։ 600-700 ձայն կա մեր թաղամասում, այն էլ՝ 100 տոկոսանոց ձայներ են։ Մի տան մեջ 7-12 ձայն կա»,-ասացին բնակիչները։
Թաղամասը գտնվում է Դավիթաշեն վարչական շրջանում, սակայն Դավիթաշեն գնացող տրանսպորտ չկա։
Կարդացեք նաև
Բնակիչները «Լուսավոր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանին հերթով ներկայացրեցին խնդիրները՝ 300-ից ավելի երեխա կա, խաղահրապարակ չկա։
«Էրեխեքը չգիտեն որտեղ խաղան, երկու հատ ժեշտի կտոր ունենք, մի տեղից շուռ են գալիս՝ ոտքն են կոտրում, մյուս կողմ են շուռ գալիս՝ գլուխը ջարդում»,-դժգոհեցին բնակիչները։
Թաղամասում առանձնատներ են, ամեն տան դիմաց՝ պտղատու ծառեր։ Բնակիչները դժգոհեցին՝ ոռոգման ջուր չունեն, ծառերը չորանում են։ Լուսավորություն էլ չկա։
«Մի հատ ավտոբուս է աշխատում, այն էլ Կվարտալով Մասիվ է գնում։ Երկու տրանսպորտ ենք փոխում, որ տեղ հասնենք։ Մանկապարտեզ, պոլիկլինիկա, թաղապետարան, մեր բոլոր գործերը Դավիթաշենի հետ են կապված, Դավիթաշենին կպած ենք, բայց Դավիթաշեն գնացող ավտոբուս չկա։ Առաջնային տրանսպորտի հարցն է պետք լուծել։ Մեկը մեռնելու լինի՝ չի կարա պոլիկլինիկա գնա։ Բժիշկն էլ ասում է՝ ինձ տաքսիով բերեք- տարեք, բայց մենք տաքսիի փող չունենք»,-պատմեցին բնակիչները։
Խաժակյանը լսեց խնդիրները, որը որ հնարավոր է, խոստացավ լուծել։
Բնակիչները ցույց տվեցին խաղահրապարակի տեղը։ Բավականին մեծ տարածքում ժանգոտած, կոտրված ճոճանակներ էին։ Խաժակյանը նայեց, մտածեց ու ասաց՝ 2024 թվականի բյուջեով նախատեսելու ենք լուսավորության խնդիրը լուծել, տրանսպորտի հարցը մի քիչ բարդ է, բայց ինչպես Խաժակյանն ասաց՝ տոմսային ընդհանուր համակարգի ներդրմամբ այդ հարցն էլ կլուծվի։ Թաղամասում պոլիկլինիկա բացել չխոստացավ, ինչպես խնդրեցին բնակիչները, բայց առաջնային օղակի ծառայության հասանելիության հարցը խոստացավ լուծել։
Մանրամասն՝ տեսանյութում
Բնակիչները մի քանի հատ նստարան խնդրեցին, ասացին՝ թաղապետարանների կողքին շատ նստարաններ են տեղադրված, ինչ կլինի, եթե մեկ- երկու նստարան էլ իրենց թաղամասում տեղադրվի․«Ծերեր կան, դուրս են գալիս մաքուր օդ շնչելու, նստեն, հանգստանան»։
Արդյո՞ք այսօր ներկայացրած խնդիրների մասին բնակիչները մինչ այս քարոզարշավը տեղեկացրել են պաշտոնյաներին, թաղապետարան, քաղաքապետարան, Aravot.am-ի այս հարցին ի պատասխան բնակիչները միաբերան ասացին՝ 18 տարի է` դիմում ենք, ոչ մի արձագանք:
Բնակիչներից մեկը պատմեց, որ այս տարվա ապրիլին Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարն այցելել էր թաղամաս, ծառատունկի էր մասնակցում, նա էլ խոստացել էր խաղահրապարակի ու տրանսպորտի հարցն էլ լուծել, բայց դեռեւս ոչ մի բան չի արվել։
Ու չնայած Դավիթ Խաժակյանի քարոզարշավն էր, նա էր եկել լսելու բնակիչների դարդերը, բայց նրանցից մի քանիսը Հայկ Մարությանին հիշեցին։
«Մենք Հայկ Մարությանից շատ գոհ ու շնորհակալ ենք։ 2013 թվից եկել է այստեղ, սնուդն է բաժանել։ Էն ժամանակ քաղաքապետ չէր։ Քաղաքապետ եղած ժամանակ էլ աջակցել է ահագին՝ տրանսպորտի հարցն ինքն է լուծել, աղբահանության հարցն էլ է ինքը լուծել»,-ասաց բնակիչներից մեկը։
Մեր դիտարկմանը՝ Հայկ Մարությանն էլ է քաղաքապետի թեկնածու, հիմա Մարությանի՞ն են ձայն տալու, այս բնակիչն ասաց՝ իհարկե, Մարությանին։ Մեր հիշեցմանը՝ հիմա Խաժակյանն է այցելել թաղամաս, բա իրեն ձայն չե՞ք տալու, տիկինը պատասխանեց․«Ով լավ բան արեց՝ նրան էլ կընտրենք»։
Մանրամասն՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին տեղի է ունենալու Երեւանի ավագանու ընտրությունները, որին մասնակցում են 14 քաղաքական ուժ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ