Օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է հանրապետության լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է պաշտոնավարման 20-օրյա գործունեությունը, անդրադարձել է արտաքին ու ներքին մարտահրավերներին:
Երկրում ստեղծված բարդ իրավիճակի մեղմացմանն ուղղված ջանքերին զուգահեռ աշխատանքներ են տարվել խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման, Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի վերագործարկման, բարեկամական խմբերի ու շրջանակների հետ ակտիվ շփումների վերականգնման ուղղությամբ:
Կարդացեք նաև
Խոսելով մեր ներուժը հնարավորինս օգտագործելու անհրաժեշտության մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ քննարկվել է արտերկրում գտնվող մեր ներկայացուցչությունների աշխատանքները ակտիվացնելու հարցը: Նա շեշտել է համահայկական ջանքերը միավորելու հրամայականի մասին:
Դավիթ Իշխանյանը հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել նաև պետական կառավարման համակարգի ու հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ներքաղաքական իրավիճակին, խորհրդարանի հեղինակության բարձրացման, տեղեկատվական դաշտի խնդիրներին:
Ազատ ու անկեղծ մթնոլորտում լրագրողներն իրենց կարծիքներն են արտահայտել և հարցեր ուղղել խորհրդարանի ղեկավարին:
ԱՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ