«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Համայնքի բնակիչները տարբեր հարցեր բարձրաձայնեցին՝ խաղահրապարակների, ջրի, վերալակների եւ այլ խնդիրներ։
«Երեխեքին խաղալու տեղ չկա, մենք ջրում ենք, բայց ջուր չկա։ Դու մեր բակը որ տեսնես, բոլոր բակեր եկել են, մերն անտեսել են»,- դժգոհեց բնակչուհիներից մեկը։ Ի պատասխան Ավինյանն ասաց, որ բարեկարգել են Հաղթանակի 40 ամյակի զբոսայգին։ «Հաղթանակի 40 ամյակի զբոսայգին տեսնո՞ւմ եք, էդ լավ է, որ տեսնում եք»,- ասաց նա։
Մեկ այլ բնակիչ էլ դժգոհեց․ «Անդրանիկի 64 հասցեի լիֆտը շատ վատ վիճակի մեջ է, երեխեքը վախենում են, չեն բարձրանում»։ Տիգրան Ավինյանն ի պատասխան ասաց․ «Այս պահի դրությամբ արդեն 1600 վերելակ ենք փոխարինել Երեւան քաղաքում։ 2600 վերելակ է մնացել մեզ փոխարինելու, դա երեւի 3-4 տարվա ընթացքում կանենք, եւ 4 տարի անց Երեւան քաղաքում էլ հին վերելակ չի մնա։ Դա արդեն արված ծրագիր է»։
Կարդացեք նաև
Նա բակային հանդիպումների ժամանակ ասաց, որ վերջին ամիսներին վարչական շրջանների ղեկավարների հետ այցելել են բոլոր շրջաններ, եւ տարբեր պահանջներ են եղել բնակիչներից։ «Որտեղ ասել են՝ բակը հիմնանորոգեք, այնտեղ բակն ենք հիմնանորոգվել, որտեղ ասել են՝ մանկապարտեզը վերակառուցեք, մանկապարտեզն ենք վերակառուցել, որտեղ ասել են՝ սպորտդպրոցի կահույքը փոխարինեք, կահույքն ենք փոխարինել, ասել են՝ տրանսպորտը, տրանսպորտն ենք բարելավել, եւ այդպես շարունակ։ Եվ ձեր պահանջների ու հանձնարարականների հիման վրա Երեւան քաղաքում այս պահին կառուցվում են 24 մանկապարտեզներ, 215 բակեր, պոլիկլինիկաներ, սպորտդպրոցներ, ճանապարհներ։ Շատ կարեւոր է, որպեսզի դուք ձեր խնդրին տեր լինեք, որովհետեւ եթե դուք ձեր խնդրին տեր լինեք, եթե դուք մեզ ասեք, ես ձեզ պատասխանատու հայտարարում եմ՝ չկա մի հարց, որ մենք չկարողանանք լուծել»,- հայտարարեց Ավինյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ