Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Վարչական ռեսուրսը չարաշահվել է, թե՞ ուղղակի իշխանության գործունեությունն է միշտ շատ լուսաբանվում․ «Առերեսում»

Օգոստոս 26,2023 22:00

Վարչական ռեսուրսի չարաշահման ցայտուն օրինակ է հանդիսանում Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում թեկնածուներից միայն մեկի՝ Երևանի փոխքաղաքապետ, ՔՊ կուսակցության կողմից քաղաքապետի հայտարարված թեկնածու Տիգրան Ավինյանի գործողությունների լուսաբանումը,– նշել էր «Անկախ դիտորդ» դաշինքը՝ մանրամասնելով․ «Երևանի փոխքաղաքապետ նշանակումից ի վեր Տիգրան Ավինյանի՝ գործունեության լուսաբանման ծավալներն աճել են և անգամներով գերազանցել համայնքային իշխանության մյուս ներկայացուցիչների գործունեության լուսաբանման ծավալը»։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում Երեւանի փոխքաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 5-րդ համար Սուրեն Գրիգորյանն այս առնչությամբ մասնավորապես ասաց, թե չի կարելի մեղադրել վարչական ռեսուրսի չարաշահման մեջ՝ առանց որոշակիացնելու, թե «Ընտրական օրենսգրքի» ո՞ր դրույթն է խախտվել․ «Լուսաբանվում է գործունեությունը։ Երբ ասվում է, թե ավելի շատ է եղել՝ ինչո՞վ է սահմանված․․․ Պրն Ավինյանի համակարգման տիրույթներն ավելի շատ լուսաբանում են ենթադրում, ավելի շատ շրջայցեր, քան իմ համակարգման ոլորտները։ Ավելին՝ պրն Ավինյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շատ վաղուց հայտարարելով, որ նա առաջիկա ավագանու ընտրություններում լինելու է քաղաքապետի թեկնածու՝ մամուլի ուշադրությունը նաեւ արդեն սեւեռել է իր ուղղությամբ»։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Երեւանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր»-ի ցուցակի 2-րդ համար Մեսրոպ Առաքելյանը համաձայնեց «Ականատես» դիտորդական առաքելության գնահատականին, թե վարչական ռեսուրսի խնդրահարույց օգտագործման հետեւանքով «ձևավորվել է անհավասար մրցակցային միջավայր, և, առնվազն հանրային տեսանելիության առումով, իշխող քաղաքական ուժի թեկնածուն ստացել է ակնհայտ առավելություն»։ Քարոզարշավից առաջ հավասար լուսաբանման առնչությամբ հավելեց, թե իշխանության կուսակցության կողմից չպետք է օրենքի բացը հիմք դառնա վարչական ռեսուրսի չարաշահման համար․ «Եվ իշխող կուսակցությունը, որը բազմիցս բողոքել է նախկին իշխանությունների նման գործելաոճից՝ առաջինն ինքը պետք է փորձի հավասար հնարավորություններ ապահովել»։

Մեսրոպ Առաքելյանի վերջին դիտարկմանը Սուրեն Գրիգորյանն արձագանքեց․ «Անկեղծ ասած՝ չեմ հիշում, որ մենք դրանից (քիչ անց հստակեցրեց՝ «գործունեությունը շատ լուսաբանելուց»․Ա․ Ի․) բողոքած լինենք»։ Եվ հավելեց․ «Իշխանության գործունեությունը միշտ ավելի շատ է լուսաբանվում՝ բոլոր ժամանակներում։ Մամուլը միշտ ավելի շատ սեւեռված է իշխանության գործունեության, քան ընդդիմության գործունեության լուսաբանմանը։ Կան համայնքներ, որոնցում իշխանություն եք ստանձնել․ վստահ եմ՝ ձեր փորձով էլ կարող եք դա տեսնել»։ Մեսրոպ Առաքելյանը սակայն առարկեց․ «Ցավոք, առնվազն պետական լրատվամիջոցների կողմից գրեթե չկա լուսաբանում»։

Ի դեպ, «Ականատեսը» նաեւ նշել է, թե մինչ պաշտոնական քարոզչության մեկնարկը՝ նկատվել են տարածվող նյութեր, «որոնք թեև չեն արգելվում օրենքով, նպաստում են մրցակցային դաշտի խեղաթյուրմանը»։ Եվ այս շարքում մասնավորապես նշվել են «Քո քաղաքամայրը» խորագրով պաստառները, Մանե Թանդիլյանի նկարները, «Արցախը ապրելու է» կարգախոսով պաստառը եւ «Տիկին նախարար» ֆիլմը։ «Ապրելու երկիր»–ի համահիմնադիրը պնդեց, որ ոչ սերիալը, ոչ «Արցախը ապրելու է» պաստառը կապ չունեն կուսակցության հետ․ «Չեմ կարծում, թե «ապրելու» բառը մեր կուսակցության հեղինակային իրավունքն է, եւ դրա օգտագործումն ամենեւին պետք չի կապել մեր հետ»։ Իսկ մնացած իրազեկող նյութերի առնչությամբ նշեց, թե իրենց քարոզչությունը հանրային միջոցներով չեն արել՝ տարբերությունը դա է։

Մինչդեռ ուսումնասիրելով 2019-2023 թվականներին պետբյուջեից Երևանի քաղաքապետարանին կատարված հատկացումները՝ «Ականատեսը» պարզել է․ «2023 թվականի գարնանը ՀՀ կառավարությունը կտրուկ՝ ավելի քան 100%-ով ավելացրել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորումը՝ մոտ 10 մլրդ դրամից հասցնելով մոտ 20,6 մլրդի։ Սա խնդրահարույց է այն պարագայում, երբ ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունների համաձայն, 2020-2022թթ․ ՀՀ կառավարությունը նվազեցրել էր Ազգային ժողովի կողմից պետական բյուջեով Երևանի քաղաքապետարանին կատարված հատկացումները (2020-ին՝ 433,5 մլն, 2021-ին՝ 1,778.3 մլն, իսկ 2022-ին՝ 369,4 մլն ՀՀ դրամով)։ Այս հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ լրացուցիչ հատկացումն արվել է Երևանի ավագանու ընտրություններում հանրային համակրանքը հօգուտ իշխող քաղաքական ուժի ուղղելու և նրա համար մրցակցային առավելություն ապահովելու համար»։

«Այդպես ցանկացած հանրային միջոցի ծախս, որ ուղղվում է ինչ-որ խնդրի լուծման՝ կարող եք դիտարկել իբրեւ համակրանքն ավելացնելու նպատակով արված,– ասաց Երեւանի փոխքաղաքապետը։– Իշխանությունը հանրային միջոցներ է կառավարում, այո, իր անձնական միջոցները չի կառավարում եւ ինչ-որ խնդիրների լուծմանն ուղղում է այդ միջոցները։ Չուղղի՞, այդ գործը չանի՞՝ ուզում եմ հասկանալ»։

Մեսրոպ Առաքելյանը պատասխան հարցեր ուղղեց ու մասնավորապես՝ «Կառավարությունն այդ ժամանա՞կ իմացավ, որ վերելակները պետք է փոխարինվեն, նախորդ տարի չգիտե՞ր», ու նաեւ՝ «Մյուս համայնքները որ դիմեն կառավարությանը՝ ասեն, կլինի՞ պահուստային ֆոնդից մի քիչ գումար տաք, մենք ասֆալտ անենք՝ կտա՞ կառավարությունը, ոնց տվել է Երեւանի քաղաքապետարանին»։

Բանավեճն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031