«Ստացվում է՝ ինչպես սատանան խունկից, այնպես էլ ոստիկանները փախչում են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցից։ Նրանք անմիջապես փախչում են տարածքից՝ ասելով, որ քաղաքականությամբ չեն զբաղվում։ Բայց սա քաղաքական հարց չէ, սա անվտանգային խնդիր է»,-այսօր Էրեբունի վարչական համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ոստիկանների հետ զրույցից հետո իր եզրահանգումները ներկայացրեց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
Այսօր էլ քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն ոստիկանների հետ զրույցի էր բռնվում` փորձելով ճշտել Արցախի հարցում նրանց` իբրև ՀՀ քաղաքացու դիրքորոշումը։ Ըստ նրա, փաստացի, եթե ոստիկանությունը սպասարկում է գործող իշխանությանը, դրանով խախտում է ՀՀ օրենսդրությունը, մինչդեռ ոստիկանությունը պետք է պաշտպանի մեր Սահմանադրությունը, մեր Անկախության հռչակագիրը։
«Իրենք իրավունք չունեն, ուսադիր կրելով հանդերձ, ընդունելու մեր օրենսդրությանը հակասող մոտեցում։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը պետական հանցագործություն է եւ խաբեություն ընտրողներին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը խոստացել է ընտրողներին, որ հետապնդելու է Արցախի ինքնորոշման իրավունքը եւ բերելու է խաղաղություն, իսկ հիմա տեսնում ենք, որ փաստացի Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս՝ դրանով իսկ նպաստելով Արցախի պաշարմանը»,-նշեց քաղաքապետի թեկնածուն` կոչ անելով այս ամեն ինչին «Ո՛չ» ասելու համար սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18։00-ին, գալ Ազատության հրապարակ՝ Արցախի Անկախության օրվան նվիրված հանրահավաքին՝ ցույց տալու, որ Արցախը մենակ չէ, Արցախն ուրացել են իշխանությունները, բայց ո՛չ ժողովուրդը։
Անդրադառնալով Երևանի կառավարման խնդիրներին էլ` Անդրանիկ Թևանյանն ասաց, որ Երեւանում արդյունավետ կառավարումը հնարավոր է միայն ամբողջական իշխանափոխությամբ։ Ըստ նրա` այն թեկնածուները, որոնք կասեն՝ իբր իրենք Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմադիր քաղաքապետ են աշխատելու, նշանակում է կա՛մ մոլորյալ են, կա՛մ ստախոս. «Ամբողջական իշխանափոխությունը ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ հանրապետությունում հնարավորություն կտա իրական ու դրական փոփոխություններ իրականացնելու։ Իսկ ամենագլխավորն այն է, որ ամբողջական իշխանափոխությունը Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման երաշխիքն է։ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է թուրք-ադրբեջանական զույգի բոլոր նախապայմանները, բավարարում է նրանց պահանջները, որի հետեւանքով մեր 120 000 արցախցիներ հայտնվել են պաշարման մեջ, հարցականի տակ է հայտնվել Հայաստանի գոյությունը»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ