«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետեւյալ մեղադրանքին․ «ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալը իր ֆեյսբուքյան էջում տարածել է մեզանից գողացած նախընտրական հոլովակը: Դա էլ քիչ է՝ կադրում, որտեղ ես ստորագրում եմ եվրոպական ավտոբուսների համաձայնագիրը, ինձ կադրից ջնջել են, իմ խոսքը փոխարինել են ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել են» ՔՊ-ի լոգոն։ Կեղծել, կեղծել ա, միանգամից ընտրություններն էլ կեղծեք...»։
«Ներողություն եմ խնդրում երեկվա անփութությանս համար, բայց գոնե սելը ճռռալու փոխարեն, սելվորը չճռռար»,– գրում է Վահագն Ալեքսանյանը եւ մանրամասնում․ «Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էլ տեսանյութը մոնտաժել էր, այնպես էր ստացել, որ այդ երեք հոգու մեջ չկա Հայկ Մարությանը։ Կադրը տեւում է մեկ վայրկյան, եւ եթե շատ մանրակրկիտ նայած մարդ չլինի, անհնար է մոնտաժը նկատել։ Այդ տեսանյութը ես էլ էի կիսել, ինչումն էլ կայանում է իմ մեղքը։ Այս ամենը շատ տարօրինակ եւ աբսուրդային չէր լինի, եթե չլիներ քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանի վերջին ելույթը»։
Ալեքսանյանը միացնում է Մարությանի ելույթի հատվածը, որում նա, անդրադառնալով MAN ավտոբուսներ ձեռք բերելու թեմային՝ ասում է՝ թող հեքիաթներ չպատմեն, թե կառավարությունն ուզում է ավելի լավ ավտոբուսներ բերել․ «Բերող էիք, բերեիք։ Մենք 850 ավտոբուսի կարիք ունենք։ 211-ի գնումն էինք անում էդ պահին։ Մնացածն էլ դուք բերեիք։ Երեք տարի ժամանակ ունեիք։ Բերեիք։ Էսօր բերեք, վաղը բերեք։ Մի բան բերեք»։
Վահագն Ալեքսանյանն արձագանքում է․ «Բերեցինք, բերեցինք, պարո՛ն Մարության, բերեցինք, որ այս արտահայտությունից հետո տանեք ու դնեք Ձեր նախընտրական հոլովակում։ Հետո էլ ինձ ասեք՝ «Կեղծում, կեղծում եք, ընտրություն էլ կկեղծեք»։