Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էմանուել Մակրոնի հայտարարությունը հիմնավորում է, որ գործի է դրվում «չար ոստիկանի» տարբերակը․ Արամ Սարգսյան

Օգոստոս 26,2023 11:40

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «ՄԱԿ-ի ԱԽ նիստի բանաձև ընդունել-չընդունելու հարցը ճնշման գործիք է Ադրբեջանի վրա, միջազգային կանոնակարգով և երրորդ երկրի տարածքում Ադրբեջան-ԼՂ հանդիպում կազմակերպելու համար, որի արդյունքում պետք է բացվեր ինչպես Լաչինի միջանցքը, այնպես էլ Աղդամի ճանապարհը։ Նման համաձայնության արդեն իսկ հասել էր ԱՄՆ-ը` Բոնոյի այցից և ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ։ Էմանուել Մակրոնի հայտարարությունը հիմնավորում է, որ գործի է դրվում «չար ոստիկանի» տարբերակը, որը նախատեսում է ոչ միայն կոշտ բանաձև, այլև ոչ դիվանագիտական գործիքակազմ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Լեռնային Ղարաբաղի հարցում նա ընդգծել է Ֆրանսիայի դերը, որը ճնշում է գործադրում մարդասիրական հասանելիությունը երաշխավորելու համար։

Ստորև ներկայացված է հարցազրույցից մի հատված․

– Դուք խոսեցիք ավելի լայն Եվրոպայի մասին՝ ընդհուպ մինչև Կովկաս… 2020 թվականին դուք հայտարարում էիք, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերանվաճումն անթույլատրելի է։ Ութ ամիս է, ինչ Ադրբեջանը շրջափակում է իրականացնում այս տարածաշրջանի նկատմամբ։ ՄՔԴ-ի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն շրջափակումը որակում է որպես ցեղասպանություն սովի միջոցով: Իսկ Դուք ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այս ուղղությամբ։

– Մեր դիվանագիտությունը պարզ է, բայց այժմ դիվանագիտության ժամանակը չէ։ Ես ցավում եմ և դատապարտում եմ այդ շրջափակումը։ Մենք միշտ ասել ենք, որ կանգնած ենք ժողովուրդների ինքնիշխանության կողքին։ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ է։ Այս հարցում ես չեմ կարող կրկնել արտահայտված ամենակոշտ դիրքորոշումները: Ֆրանսիան հստակորեն դատապարտել է 2020 թվականի պատերազմը և կազմակերպել բազմաթիվ մարդասիրական գործողություններ։ Այսօր մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվի մի համաձայնություն, որը թույլ կտա  տևական խաղաղություն հաստատում և ժողովուրդների ու մշակույթների պաշտպանություն: Այս խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքին։

– Չնայած նրան, որ միջազգային փորձագետները փաստում են ցեղասպանական գործընթացի առկայությունը․․․

– Ես ձեռնպահ կմնայի այդքան արագ այդ ձևակերպումն օգտագործելուց։ Մենք գործ ունենք անընդունելի հումանիտար իրավիճակի հետ, հատկապես՝ Լաչինի միջանցքի շուրջ։ Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության նպատակով գործադրվող ճնշումը պահպանելն է և մենք մեր առավելագույն ջանքերն ենք գործադրում այդ ուղղությամբ։ Մասնավորապես՝ մենք շարունակում ենք նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի սննդամթերք և դեղորայք հասցվի Լեռնային Ղարաբաղ և ազատ մուտքն այնտեղ  պահպանվի։ Բացի այդ, այսօր Հայաստանը վտանգված է նաև սեփական սահմաններին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031