Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ դե ֆակտո քաղաքապետ եւ ՔՊ ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանը մի այլ կարգի առատաձեռն ու շռայլ է դարձել՝ համայնքային բյուջեով երեւանցիներին լավություն է անում։ Ընտրություններին «Ասեք՝ կանենք» կարգախոսով մասնակցող Ավինյանը, առանց ասելու, սկսել է Երեւանում ճանապարհներ կառուցել, խաղահրապարակներ վերանորոգել, ապօրինի շինություններ ու բենզալցակայաններ ապամոնտաժել՝ հավանաբար ակնկալելով, որ երեւանցիներն էլ իրենց խոսքը կասեն՝ ընտրություններին իրեն ընտրելով։
Մասնավորապես, 110 մլն դրամ է հատկացվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան պուրակի բարեկարգման աշխատանքների համար։ Պայմանագիրը «Սեթշին» ՍՊԸ-ի հետ կնքվել է օգոստոսի 14-ին։
Նույն օրը՝ օգոստոսի 14-ին, 5 մլն 340 հազար դրամ քաղաքապետարանը հատկացրել է Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 31 շենքի ֆուտբոլի դաշտը հիմնանորոգելու համար։ Օգոստոսի 11-ին քաղաքապետարանը 26 մլն 493 հազար դրամ հատկացրել է Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի 17-18 շենքերի բակային տարածքների հիմնանորոգման համար։
Օգոստոսի 8-ին 305 մլն 568 հազար դրամ է քաղաքապետարանը հատկացրել Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ․ Հովսեփյան փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհի կառուցման համար։ Այդ աշխատանքը պետք է իրականացնի «Արհովշին» ՍՊԸ-ն։ Աշխատանքների առաջին փուլը, ըստ պայմանագրի, պետք է ավարտված լինի պայմանագիրն ուժի մեջ մտնելուց 80 օր հետո։
Կարդացեք նաև
Օգոստոսի 23-ին կնքված պայմանագրով քաղաքապետարանը 29 մլն 124 հազար դրամ է փոխանցել «Արկադշին» ՍՊԸ-ին՝ Ազատության հրապարակի արտաքին լուսավորության ցանցը բարելավելու համար։ Նույն օրը կնքված մեկ այլ պայմանագրով «Ասֆալտ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին փոխանցվել է 48 մլն 906 հազար դրամ՝ Կենտրոնում գտնվող շինությունների՝ ավազաշիթով մաքրման համար։
Օգոստոսի 1-ին կնքված պայմանագրով էլ Ավինյանը որոշել է Գետառ գետի կեղտաջրերը մաքրել։ Այդ նպատակով «Լիլանարմ» ՍՊԸ-ին փոխանցվել է 246 մլն դրամ, որով ընկերությունը Գետառ գետի վրա պետք է կեղտաջրերի մաքրման կայան կառուցեր։
Սրանք ընդամենը օգոստոս ամսվա գնումներն են, որոնք անմիջապես նախորդում են Երեւանի ավագանու ընտրություններին։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում