Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնագրայինների աշխատանքի արդյունավետությունը դեռեւս քննարկման ու գնահատման փուլում է, քանի որ վիրտուալ հերթերը ձգվում են շաբաթներ շարունակ․ «Ժողովուրդ»

Օգոստոս 26,2023 10:48

Կուտակումներից խուսափելու համար անձնագրայիններում անցան էլեկտրոնային սպասարկման: Թվում էր, թե այսքանով խնդիրը լուծված է, սակայն ավելի ուշ առաջացավ մեկ այլ խնդիր: Հերթերի կուտակումները մայրաքաղաքից տեղափոխվեց մարզեր: Պատճառը հերթերի ուշ հասնելն ու համակարգի թերի վիճակն էր: Երեւանից քաղաքացիները տեղափոխվում էին մարզերի անձնագրայիններ՝ «հայավարի» իրենց գործարքը կատարելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հետ՝ ճշտելու, թե ինչ լուծում են նախատեսում այս դեպքում:

«Յուրաքանչյուր հերթագրման համար ամենաքիչը տրամադրվում է 7, ամենաշատը՝ 25 րոպե՝ կապված ծառայության բովանդակությունից: Օրինակ՝ ելքի կնիք տրվում է 7 րոպեում, իսկ անչափահասի անձնագրավորում՝ 25»: Նաեւ տեղեկացրին, որ, իհարկե, այժմ հերթերը մայրաքաղաքում բեռնաթափվել են, սակայն անձնագրայինների աշխատանքի արդյունավետությունը դեռեւս քննարկման ու գնահատման փուլում է, քանի որ վիրտուալ հերթերը ձգվում են շաբաթներ շարունակ:

«Եկող շաբաթվանից սկսած՝ ավելացվելու է նոր գործիքակազմ, որը ավելի արդյունավետ կդարձնի հերթագրումների համակարգը: Հաշվի առնելով, որ, օրինակ, լիազորված անձը կարող է միանգամից տասնյակ մարդկանց համար հերթագրվել եւ գալ գործարք կատարելու, թողել ենք այդ հնարավորությունը, բայց նաեւ կան քաղաքացիներ որոնք չարաշահում են սա եւ հերթագրվում են մի քանի անգամ միեւնույն գործարքի համար այն նպատակով, որ երբ հարմար լինի, այդ օրն էլ մոտենան։

Մենք լիազորված անձանց համար այլ լուծում ենք մտածել, մնացածի համար սահմանափակում ենք դրել: Յուրաքանչյուր քաղաքացի կունենա մեկ անգամ հերթագրվելու հնարավորություն, եւ եթե չի կարողանա այդ օրը ներկայանալ, ստիպված կլինի եւս մեկ անգամ հերթագրվել, այսինքն՝ միաժամանակ երեք տարբեր անձնագրայիններում երեք տարբեր օրեր պահել անձնագրավորման համար չի կարողանա»:

Վարչությունից տեղեկացրին նաեւ, որ նոր գործիքներ են մտածվել՝ հերթագրումը չեղարկելու հետ կապված: Մասնավորապես՝ քաղաքացիների՝ հերթագրումը չեղարկելու դեպքում այդ տեղերը կազատվեն, եւ այլ քաղաքացիներ հնարավորություն կունենան չեղարկված տեղերում հերթագրվելու: Եթե, օրինակ, քաղաքացին, անընդհատ թարմացնելով, տեսնում է, որ մոտակա հասանելի օր կա, կարող է հերթագրվել: Բացի սա, կա նաեւ ձեռքով կարգավորում։ Սա իրենից ենթադրում է հետեւյալը. եթե քաղաքացու գործարքը հրատապ է, եւ այդ հրատապությունը հիմնավորված է որեւէ փաստաթղթով , օրինակ՝ կա պլանավորված ճամփորդություն, եւ ավիատոմսերը գնված են, դրանք եւս իրականացվում են արտահերթ սպասարկումով: Այս հրատապությունը եւս ունի իր կատեգորիաները՝ առողջական խնդիրներ, հաշմանդամներ, տարեցներ եւ այլն: Այսինքն՝ ինչ-որ կարգավորումներ այժմ ձեռքով են արվում, մինչեւ կավտոմատացվեն:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031