Գլխավոր դատախազությունից «Հրապարակը» փորձեց պարզել, թե այս պահին պետական դավաճանությանը վերաբերող քանի քրեական գործ է քննվում Ազգային անվտանգության ծառայությունում։ Դատախազությունից պատասխանել են, որ 2023 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննվում է 2 քրեական վարույթ՝ «պետական դավաճանություն» հոդվածով։ Հարցին, թե քանի գործ է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան, դատախազությունից պատասխանել են․ «2023 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ ՀՀ տարբեր դատարաններում պետական դավաճանության հատկանիշներով քննվում են թվով 15 քրեական գործեր»։
Փորձեցինք պարզել նաեւ, թե քանի վարույթով է առաջադրված մեղադրանքը հերքվել, այսինքն՝ նախաքննության ընթացքում պարզվել, որ անձն իրեն մեղսագրվող արարքը՝ պետական դավաճանությունը, չի կատարել։
«2023 թվականի դրությամբ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում իրականացված թվով 1 քրեական վարույթով կայացվել է հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, թվով 1 անձի նկատմամբ՝ «անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը» հիմքով, իսկ քրեական գործով վարույթը կարճվել է՝ որեւէ հանցանքի բացակայության հիմքով»,- պատասխանել են դատախազությունից։
Հաջորդ հարցը վերաբերում էր նրան, թե քանի հոգու մեղադրանք են փոխել, այսինքն՝ պետական դավաճանության մեղադրանքը հանվել է, փոխարենը առաջադրվել է պետական դավաճանության հետ կապ չունեցող ուրիշ մեղադրանք։ Ասենք, օրինակ, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք եւ այլն։ Ըստ դատախազության պատասխանի՝ 4 անձի նկատմամբ այդպիսի որոշում է կայացվել․
Կարդացեք նաև
«ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում իրականացվող թվով 1 քրեական վարույթով 4 անձանց պետական դավաճանության հատկանիշներով ներկայացված մեղադրանքները փոփոխվել են, եւ նրանց ներկայացվել են նոր՝ պետական դավաճանության հետ չկապված մեղադրանքներ»։ Այսինքն՝ 4 անձի առաջադրվել է պետական դավաճանության մեղադրանք, նրանք իրենց հարազատների, ընկերների, բարեկամների շրջապատում խայտառակվել են, հետո ԱԱԾ-ն որոշել է, որ այդ 4 անձինք պետական դավաճանություն չեն կատարել, այլ ուրիշ հանցանք են կատարել։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում