Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ուզում անցնել այդ ստորացումը»․ Մետաքսե Հակոբյանը պատմում է հրատապ բուժօգնության կարիք ունեցողի մասին, որի մայրն անընդհատ հետաձգում է Հայաստան մեկնելը․ «Փաստ»

Օգոստոս 26,2023 09:00

Կառավարության՝ օգոստոսի 24-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «տեղեկություն կա, որ Ադրբեջանն ուզում է Լաչինի միջանցքը միակողմանի բացել»: Սա ենթադրում է, որ մարդիկ կկարողանան հեռանալ Արցախից, բայց վերադառնալ՝ ոչ: Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այսպիսի հայտարարությունների հետ կապված ասում է՝ ցավոք, դրանք օրինաչափ են դարձել:

«Սա ցցուն ապացույցն է նրա, որ Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է մի անձ, որը ո՛չ քաղաքական, ո՛չ պետական գործիչ համարվել չի կարող: Նա ինչպիսին եղել է դեղին մամուլի աստղ կամ կարկառուն ներկայացուցիչ, այդպես էլ մնացել է: Նա ինչ-որ ինֆորմացիայի կրիչ է, որը այստեղից կամ այնտեղից ձեռք է գցում, իսկ հետագայում որպես փաստ ներկայացնում հանրությանը: Սա, մեղմ ասած, անթույլատրելի է, որովհետև երկրի ղեկավարը իրավունք չունի այդպիսին լինել, նման անձը չի կարող երկիր ղեկավարել, առավել ևս նման իրավիճակում գտնվող, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, գումարած այն պատասխանատվությունը, ինչքան էլ նա խուսափի, որն ունի Արցախի մասով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Ընդգծում է՝ այն մանիպուլյացիաները և տեխնոլոգիաները, որոնք կիրառում է ՀՀ վարչապետը, քաղաքականության և պետական գործունեության հետ որևէ աղերս չունեն: «Ըստ էության, նա անցել է իր գործունեության հաջորդ փուլին, երբ ուղղակի Ալիևի նարատիվներն է հնչեցնում, առաջ տանում: Որպես ինֆորմացիայի կրող՝ Փաշինյանը մեզ փոխանցում է այն, ինչը մեզ համար գաղտնիք չէր, դա բազմիցս տարածվել էր ադրբեջանական քարոզչամեքենայով: Խոսքն Արցախից մարդկանց տեղահանելու մասին է: Սա Ադրբեջանի իշխանությունների նպատակն է: Ուղղակի մեկ բան՝ չի կարող Փաշինյանն այլևս մեր փոխարեն ինչ-որ որոշումներ կայացնել: Այո, ինչպես թշնամական պետության ղեկավարը, կարող է մեզ ճնշել, այլ ուղղությամբ տանել: Ականատես եղանք, թե ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հանդես եկավ Հայաստանից մեկնած և Արցախի շահերը ներկայացնող անձը: Բայց, միևնույնն է, որոշումը կայացրել ենք և դրանով արդեն իսկ թե՛ իր, թե՛ իր ադրբեջանցի գործընկերոջ ծրագրերը խափանել ենք: Ուղղակի իրենց թվում է, որ առավել ճնշումների ենթարկելով՝ լինի հոգեբանական, թե ֆիզիկական, հաջողության են հասնելու: Չեմ ուզում պաթոսախեղդ ինչ-որ բան ասել, թե մենք այլ ենք, չէ, սովորական մարդ ենք, բայց հասել ենք մի իրավիճակի ու կարգավիճակի, երբ հոգեբանորեն հետ կանգնելն անհնար է: Շուտով ինն ամիս կլինի, ինչ անասելի, անմարդկային զրկանքների միջով ենք անցնում: Այնպես որ, անկախ նրանից, թե ինչպիսի հայտարարություններ կանի, ինչպես կսեղմի օղակը մեր պարանոցի շուրջը, միևնույնն է, մեր որոշումը կայացրել ենք»,- նշում է զրուցակիցը:

Միջանցքի միակողմանի բացումը էթնիկ զտման դասագրքային օրինակ է որակվում, բայց ստացվում է, որ շատերն, օրինակ՝ կհայտնվեն սեփական առողջության և Արցախ չվերադառնալու երկընտրանքի մեջտեղում: «Օրերս մի մայրիկի հետ էի զրուցում, որի դեռահաս որդին առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք Արցախում չեն կարողանում լուծել: Գրանցված է Կարմիր խաչի ցուցակում, որ հրատապ բուժօգնության կարիք ունի, բայց մայրիկն ասում է, որ անընդհատ հետաձգում է Հայաստան մեկնելը՝ «չեմ կարողանում հոգեբանական պատնեշն անցնել, որ իմ որդու հետ, ում օրորոցից որպես տղամարդ եմ մեծացնում, պարզենք մեր անձնագրերն ադրբեջանական կողմին ու անցնենք, դա համարում եմ ինտեգրման սկիզբը, չեմ ուզում անցնել այդ ստորացումը»: Բառիս բուն իմաստով այսօր պատերազմ է, որին Արցախը դիմակայում է»,-ասում է Արցախի ԱԺ պատգամավորը:

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031