Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ճանապարհը չեք սարքել», «Ծրագիրը չեք հրապարակել»․ բանավեճ ՔՊ–ի եւ «Ապրելու երկրի» միջեւ․ «Առերեսում»

Օգոստոս 26,2023 09:30

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարում, որում այս անգամ անդրադարձ եղավ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման եւ մեկնարկային անհավասար մրցակցային միջավայրի մասին դիտորդների եզրահանգումներին՝ քննարկվեցին նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերի առանձին դրույթներ։

Մասնավորապես, երբ քննարկվում էին ՔՊ խոստումները, թե «2024թ. մեկնարկելու ենք և մինչև 2028թ. ավարտին ենք հասցնելու Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը։ 2024թ. մեկնարկելու ենք և մինչև 2026թ. ավարտին ենք հասցնելու «Սուրմալու և «Փեթակ» առևտրի կենտրոնների հատվածում նոր կայարանի կառուցումը։ 2027թ. ունենալու ենք դեպի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան տանող մետրոյի կայարանի կառուցման նախագիծ»՝ հակափաստարկներ ներկայացրեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Երեւանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր»-ի ցուցակի 2-րդ համար Մեսրոպ Առաքելյանը։ Եվ ահա թե նրա պնդումներին ինչպես հակադարձեց Երեւանի փոխքաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 5-րդ համար Սուրեն Գրիգորյանը։ Ներկայացնում ենք մի հատված նրանց բանավեճից։

Մեսրոպ Առաքելյան․ Ախր, Ծիծեռնակաբերդի խճուղու 100 մետր ճանապարհը մի տարի է՝ չեք սարքում, պրն Գրիգորյան, դուք ո՞նց եք մետրո սարքելու։

Սուրեն Գրիգորյան․ Կսարքենք, կտեսնեք։

Մեսրոպ Առաքելյան․ Հա, բայց մի տարի է՝ 200 մետր ճանապարհն ինչի՞ չեք սարքել․․․ Կենտրոնն Աջափնյակին միավորող ճանապարհը չեք սարքել՝ ասում եք՝ մետրո՞ ենք սարքում․․․

Սուրեն Գրիգորյան․ Մենք բազմաթիվ այլ ճանապարհներ ենք կառուցել, որոնք կարող եք տեսնել։ Ես կարող եմ այլ հարց տալ՝ մի քանի օր առաջ, ձեր նախընտրական ծրագիրը ներկայացնելիս, խոստանում էիք, որ օգոստոսի 23-ին արդեն հրապարակված կլինի ծրագիրը։ Անգամ այդ խոստումը չեք իրականացրել, դուք ո՞նց եք ճոպանուղային ցանց կառուցելու։

Մեսրոպ Առաքելյան․ Հրապարակված է տարբեր տիրույթներում։

Սուրեն Գրիգորյան․ Ձեր կայքում հրապարակված չի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված չի։ Դուք ասում եք՝ ճանապարհ չեք կարողանում սարքեք, ո՞նց եք մետրո սարքելու, ես էլ ասում եմ՝ դուք ծրագիր չեք հրապարակում, ո՞նց եք ճոպանուղային ցանց սարքելու։

Մեսրոպ Առաքելյան․ Գնացեք՝ տեսեք, Ալավերդիում, Նոյեմբերյանում ու Տաթեւում ինչքան գործ ենք արել։ Հիմա, ասենք (ծրագիրը դեռ միայն բետա տարբերակով հրապարակելը․-Ա․ Ի․) տեխնիկական խնդիր է։ Ասում եմ՝ էդ ճանապարհն ինչի՞ մի տարի չեք սարքել 100 մետրը, որովհետեւ մենք չէինք հրապարակել ծրագիրը՝ դրա՞ համար․․․

Սուրեն Գրիգորյան․ Ճանապարհը քանդվել է՝ այդ ճանապարհի կառուցման հետ կապված՝ գործակարգավարականին ժամկետները զեկուցվել են, այդ ժամկետներում կկառուցվի․․․ Էլ չեմ ասում, որ այլ ճանապարհներ են կառուցվել, բազմաթիվ, շատ ավելի մեծ։

Մեսրոպ Առաքելյան․ Մի տարի, 100 մետր ճանապարհ, դժվա՞ր է սարքել։ Այդ ճանապարհի մասին եմ խոսում։

Սուրեն Գրիգորյան․ Դե, ես էլ ձեր նախընտրական ծրագրի հրապարակումից եմ խոսում՝ Ալավերդիի փոփոխություններից չեմ խոսում։

Մեսրոպ Առաքելյան․ Երբ որ քաղաքային իշխանություն եք՝ 100 մետր ճանապարհ չեք սարքել՝ իրավունք ունե՞մ կասկածել, որ մետրո չեք կառուցելու։

Սուրեն Գրիգորյան․ Ես էլ հակադարձ հարց տամ՝ իրավունք ունե՞մ կասկածելու, որ ճոպանուղային ցանց չեք կառուցելու, եթե անգամ մի PDF ֆայլ չեք հրապարակում ժամկետում․․․

Մեսրոպ Առաքելյան․ Կներեք՝ հենց հրապարակենք, կսարքե՞ք այդ ճանապարհը։ Եկեք այդպես պայմանավորվենք՝ մենք այս ծրագիրը հենց հրապարակում ենք, դուք Ծիծեռնակաբերդի ճանապարհը սարքում եք։

Սուրեն Գրիգորյան․ Մեր որեւիցե ծրագրի իրականացում ձեր գործողություններից կախված չէ։

 

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031