Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ մանկագիրը չափածո հեքիաթներով եւ զվարճալի առակներով մանուկներին նոր աշխարհ է տեղափոխում 

Օգոստոս 26,2023 13:30

«Առավոտի» զրուցակիցը մանկագիր Ալվարդ Հովսեփյանն է

– Տիկին Հովսեփյան, օրերս լույս են տեսել ձեր պատկերազարդ գրքերը` «Այդպես լինում է հեքիաթում» մանկական չափածո տասը հեքիաթների ժողովածուն եւ «Երկար ու բարակ քառասուն առակ» զվարճալի առակների ժողովածուն։ Ի՞նչ կարեւորություն ունեն դրանք, ի՞նչ եք տալիս մանուկներին։

– Յուրաքանչյուր կյանքի կոչվող գիրք պետք է լինի նպատակամետ, այլապես անիմաստ է այն տպագրելը: Այս ձեւաչափով պայմանավորված՝ ես չմիացրեցի երկու գրքերս մեկ ժողովածուում, քանի որ նրանցից յուրաքանչյուրը իր առաքելությունը պիտի ունենար: «Այսպես լինում է հեքիաթում» գրքով նպատակ եմ ունեցել նորովի մոտեցմամբ երեխաներին մատուցել նոր որակի, նոր չափանիշներով, ավանդական «Լինում է, չի լինում» եւ երկնքից վայր ընկնող երեք խնձորից քիչ շեղվելով՝ ներկայացնել մերօրյա մտածողությամբ եւ հոգեբանոթյամբ կառուցված, համոզիչ, խոսուն կերպարներով սյուժե եւ ամենակարեւորն այս դեպքում՝ չափածո խոսքով, որը արդի մեր մանկագրության մեջ նորություն է, այսօր այդպիսի հեքիաթներ չեն ստեղծվում մեր գրողների կողմից: Պրակտիկան ցույց տվեց, որ մեր դպրոցականները դրանք մեծ սիրով եւ խանդավառությամբ ընթերցում եւ բեմականացնում են թատերական ներկայացման վերածած իրենց հանդեսների ժամանակ:


«Երկար ու բարակ քառասուն առակ» ժողովածուն նույնպես իր տեսակով նորույթ է, եւ այն ստեղծել եմ հատուկ միտումով։ Ցավոք, առակի ժանրը կարծես մոռացության է մատնվել մեր գրողների կողմից, եւ այդ առումով դաշտը ազատ է: Ես, լինելով երկարամյա հայոց լեզու եւ գրականություն առարկան դասավանդող, առակի ժանրը անցնելիս միշտ զգացել եմ նորօրյա օժանդակ նյութի պակաս: Հիմնական դրդապատճառը եղել է սա, որ պարտավորվեմ առակներ ստեղծել: Առակը, լինելով ժողովրդական բանահյուսության բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն, այլաբանության միջոցով ներկայացնելով, ծաղրելով եւ քննադատության ենթարկելով մարդկանց արատները, առավել անմիջական ազդեցություն է թողնում ընթերցողների վրա։


Ժողովածուիս հենց վերնագրից պետք է կռահել, որ ոչինչ, այդ թվում աստվածաշնչյան նշանային թվերից 40 թիվը, պատահականորեն չեն ընտրված։ Այս առակներն իրենց խորհուրդն ունեն, տողատակերն ու ծածկագրված ուղերձները: Նրանք համեմված են հումորով, ժողովրդական բառ ու բանով, առածներով եւ թեւավոր խոսքերով։ Մեկ հաջողված բարոյախրատական առակի անմիջական ազդեցությունն ուսումնադաստիարակչական առումով ավելին է, քան ծնողի եւ մանկավարժների բազմիցս կրկնվող «չի կարելիները»։ Առակները չեմ ավարտել հայտնի «Առակս զինչ ցուցանե» արտահայտությամբ, քանի որ ընթերցողը ինքնին կարողանում է եզրահանգում կատարել:

– Այսօր դժվա՞ր է գրել փոքրիկ ընթերցողների համար։ Ի՞նչն է խանգարում։

– Այսօր փոքրիկ ընթերցողը ընտրության շատ մեծ հնարավորություններ ունի: Ժամանակակից տեխնոլոգիական նվաճումները գայթակղիչ խաղերով եւ հաղորդումներով, տեսանյութերով շատ ավելի հեշտ են գրավում, կլանում երեխաներին, քան բարձրաճաշակ ձեւավորմամբ հետաքրքիր գրքերը: Այստեղ գիրքը մրցակցության մեջ է մտնում համակարգչի անսպառ հնարավորությունների հետ։ Մեր մանկապատանեկան ժանրի գրականության ստեղծագործողների գերխնդիրն է ստեղծել որակյալ, երեխաների նորօրյա հոգեւոր պահանջմունքները եւ հետաքրքրությունները բավարարող գրքեր, որ ձգի ընթերցողին, ասելիք ունենա, խոսի նրա հետ։

– Նկատելի է, որ այսօր շատ քիչ թվով մարդիկ են գրքեր գնում։ Ի՞նչ ճանապարհով եք իրացնելու։

– Ես իրացման հարցում առանձնապես փորձառու չեմ, նախկինում տպագրված բոլոր գրքերս բացարձակապես միայն նվիրել եմ: Գրքերը տպարանից նոր եմ վերցրել եւ դեռ չեմ կողմնորոշվել իրացման հարցում։ Ինչպես կստացվի։

– Ոլորտում ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում։ Ի՞նչ դժվարությունների եք բախվում։

– Նախեւառաջ կցանկանայի, որ մեր պետությունն առավել մեծ ուշադրություն դարձներ մշակույթին, հատկապես գրականությանը, նրա մշակներին: Մեր շարքերում կան տաղանդավոր ստեղծագործողներ, որոնք անմասն են մնում իրենց գիրքը ընթերցողին հասցնելու հնարավորությունից։ Ցանկալի կլիներ համապատասխան հանձնաժողովների ընտրությամբ առավել արժեքավոր գրքերը տպագրվեին պետպատվերի շրջանակներում: Ինչպես նաեւ հնարավորություն ստեղծվեր մեր հեղինակների լավագույն ստեղծագործությունները թարգմանությամբ ներկայացվեին տարբեր երկրներում: Այսօր կան, իհարկե, մասնավոր դեպքեր, սակայն ոչ բոլորին է դա հասու:

– Ըստ ձեզ` ի՞նչ որակներով պետք է օժտված լինի մանկագիրը։

– Մանկագիրը պետք է կարողանա թափանցել մանուկների աշխարհը եւ այնտեղից քաղել իր կողմից գտնված ակնահաճո երանգները՝ հյուսելով իր տաղը, որ հոգեհարազատ լինի ընթերցողին։ Եվ ամենակարեւորը՝ անընդհատ կարդա հայ եւ համաշխարհային մեծերին, արդի ստեղծագործողներին՝ անվերջ բարձրացնելով իր հմտությունների եւ իմացության աստիճանի ձողը։ Մանկագիրը պետք է ունենա լայն մտահորիզոն, տիրապետի հայ եւ համաշխարհային մանկագրության մինիմալ դաշտը, իրազեկ լինի մանկագրության ժանրի նորություններին, երեխաներին մատուցի գեղագիտական ճաշակ զարգացնող որակյալ գրականություն՝ նոր սերնդի արժեհամակարգ ձեւավորող չափորոշիչներով։ Գերազանց տիրապետի մայրենի լեզվին, ունենա հարուստ բառապաշար, պատկերաստեղծման հմտություն, հումորի զգացողություն եւ բանահյուսության իմացություն։

 Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
24.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031