Հարցազրույց դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Աճեմյանի հետ
– Սիրելի Արուս, համավարակից առաջ մեր վերջին հանդիպման ժամանակ խոսելով երաժիշտների համար մնայուն արժեք հանդիսացող CD-ների թողարկումից, հավաստիացրել էիք, որ Գերմանիայում ձեռնամուխ եք լինելու ձեր հերթական CD-ի թողարկման աշխատանքներին (ձայնագրություններ եւ CD-ի պատրաստում)։ Մինչ օրս ոչ մի տեղեկություն չկա այդ մասին, մենք էլ մտածեցինք, որ հավանաբար, ձեր որոշ գործընկերների օրինակով, CD-ի շնորհանդեսն արդեն նշել եք Եվրոպայում, ինչին կհաջորդի հայաստանյան շնորհանդեսը։
– Սա դոկումենտալ ծավալուն նախագիծ է, որը գերմանական կողմի առաջարկն է։ Ընդ որում, այս CD-ի թողարկմամբ սկիզբ կդրվի, դարձյալ գերմանացիների առաջարկով, մեր համագործակցությանը՝ իբրեւ իրենց պրոդյուսերական կենտրոնի արտիստ (անունը չբարձրաձայնեց- Ս. Դ.)։
– Իսկ կբարձրաձայնե՞ք CD-ում տեղ գտած ստեղծագործությունների ցանկը։
– Իհարկե, սկսած Կոմիտասից, Արամ Խաչատրյանից, Առնո Բաբաջանյանից ու Վարդան Աճեմյանից մինչեւ Բախ, Բրամս, Լիստ, Շոպեն, Սկարլատի, Ռախմանինով եւ այլն։ Նշեմ նաեւ, որ բոլոր ստեղծագործությունները սոլո դաշնամուրի համար են։
– Այս պահին չենք կարողանում մտաբերել՝ մեզ մոտ այդպես էլ չունեցա՞ք պրոդյուսեր։
– Մեզ մոտ՝ այդպես էլ ոչ, պարզ պատճառով՝ տարիները, տասնամյակներն անցնում են, իսկ այդ կառույցը չի կայանում։
– Աշխարհի շատ բեմերում եք հանդես եկել։ Հետաքրքիր է՝ գերմանացիները ձեզ որտեղի՞ց հայտնաբերեցին։
– Յութուբից։ Տեղեկացնեմ նաեւ, որ գերմանական այդ կենտրոնը համագործակցում է մեծանուն շատ երաժիշտների հետ եւ պետք է ասեմ, որ ինձ համար պատիվ է դառնալ այդ կազմակերպության արտիստ։
– Իսկ ե՞րբ կսկսվեն CD-ի ձայնագրությունները։
– Կսկսվեն, եթե ոչ օրերս, ապա շատ շուտով։ Նշեմ նաեւ, որ գերմանական կողմը կվերաբացի իմ ՎԷԲ կայքը, այս անգամ՝ եվրոպական չափանիշներով։
– Հաջողություններ ենք մաղթում։ Բայց հիմա անդրադառնանք շուրջ 30-ամյա ձեր բեմական գործունեությանը, մասնավորապես՝ հայաստանյան համերգներին։ Մեր դիտարկմամբ, մանավանդ վերջին տարիներին, դրանք սակավաթիվ են։
– Համամիտ եմ։ Վերջին մի քանի տարիներին այստեղ քիչ եմ բեմ դուրս եկել, քան նախկինում։
– Իսկ ի՞նչն է պատճառը։
– Միանշանակ ողջունելի է, որ հնարավորություններ կան մեր երկիր արտասահմանից շատ երաժիշտներ հրավիրել, բայց նախեւառաջ պետք է մտածել հենց մեր երկրում դեռեւս ապրող ու ստեղծագործող սակավաթիվ տաղանդավոր արվեստագետների մասին, աջակցելով նրանց հայաստանյան ելույթներին՝ առաջին հերթին եւ ինչու ոչ՝ նաեւ արտասահմանյան բեմելներին։
– Ձեր խոսքերից ենթադրվում է, որ դուք…
– Հասկանալի է, բայց չէ՞ որ երաժիշտը նախ կայանում է իր երկրում, որին ծառայում է եւ այդտեղ պետք է հնարավորինս շատ հանդես գա։ Արվեստագետին պետք է թեւեր տալ, այլ կերպ նա չի թռչի…
– Փաստորեն ձեզ թեւեր տվեց Գերմանիան։
– Գիտեք, հյուրախաղերով հանդես գալով աշխարհում, վերադարձել եմ, նույնիսկ շտապել վերադառնալ Հայաստան՝ անկախ շրջագայության տեւողությունից։ Հայտագրերումս էլ անվանս կողքին, բացի Հայաստանից, չեմ պատկերացրել որեւէ այլ երկրի անուն։
– Այնուամենայնիվ, շուտով Հայաստանի փոխարեն հայտագրերում կնշվի այլ երկրի անուն։
– Միանշանակ՝ ոչ։ Եղել եմ, կամ ու կլինեմ երկիրս՝ Հայաստանը ներկայացնող արվեստագետ, շարունակելով տարածել հայ կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչների ստեղծագործությունները։ Կարճ ասած՝ կատարողական գործունեությանս առանցքում, ինչպես միշտ, կդոմինանտի հայ երաժշտությունը։
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
25.08.2023