Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր գիրք անձ է»

Օգոստոս 26,2023 12:00

«Առավոտի» զրուցակիցը բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-նյարդաբան, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի ընդհանուր հարցերի գծով տեղակալ Ավետիս Ավետիսյանն է։ Զրուցել ենք վերջինիս «Կատարողից ղեկավար. 30+3 կանգառ» հեղինակային գրքի մասին։ Նշենք, որ բժշկի նախորդ՝ «Ամենաերկար նամակը. ճանապարհ դեպի լույս» գիրքը ընթերցողին հասանելի է երեք լեզուներով։ 

– Պարոն Ավետիսյան, Ձեր կուտակած կենսափորձը «Կատարողից ղեկավար. 30+3 կանգառ» գրքով հանրությանն եք փոխանցում։ Ինչո՞ւ որոշեցիք աշխատել նման գիրք ստեղծելու ուղղությամբ։

– Մարդիկ տարբեր խմբերի են բաժանվում, կան մարդիկ, ովքեր սիրում են սովորեցնել, նրանց այլ կերպ ուսուցիչներ են անվանում։ Իրականում էությամբ ուսուցիչները քիչ են, դրանք մարդիկ են, որ ոչ միայն հաճույք են ստանում շարունակական ինքնակրթությունից, այլեւ չեն կարողանում այդ մեծ տեղեկատվությունը պահել իրենց ներսում, ձգտում են փոխանցել։ Սա հոգեվիճակ է։ Ես ինձ համարում եմ այդ մարդկանցից մեկը։ Հաճույք եմ ստանում մյուսներին բարձրացնելու, հզորացնելու երեւույթից։ Հետեւաբար, գիրքը, որը նվիրեցի իմ երեքամյա լուրջ վարչարարական փորձի արձանագրմանը, պետք է լույս տեսներ եւ դրա համար ինձ պարզապես մոտիվացիա էր անհրաժեշտ եւ գրքի պատմությունը ներկայացնելով՝ այդ մոտիվացիան ինձ համար հանդիսացավ բիզնես խորհրդատու, գործարար Սամվել Գեւորգյանը։ Մեր հանդիպումից հետո որոշում կայացրի երկրորդ գրքիս ուղղությամբ աշխատել։ Գրքին հանձնեցի այն, թե ինչպես մարդը կատարողից դառնա ղեկավար, ինչպիսի փոխակերպումների պետք է ենթարկվի, եթե որոշել է ղեկավարել։ Ղեկավար ասելիս վաղուց ես չեմ պատկերացնում այն չինովնիկին կամ բյուրոկրատին, որ կոստյումով մատ է թափ տալիս բոլորի վրա եւ ձայն է բարձրացնում։ Ես նկատի ունեմ մեկին, ով պարզապես նվիրվում է տվյալ կազմակերպությանը, առաջնորդում է, ղեկավարում է՝ կանգնելով իր անձնակազմի կողքին, միեւնույն ժամանակ ինքն էլ դառնում լավագույն աշխատողներից մեկը։ Խորը վստահություն ունեմ, որ մեր երկրում տարատեսակ ճգնաժամերի պատճառը պայմանավորված է ուժեղ ղեկավարների եւ առաջնորդների բացակայությամբ։

– Գիրքն ո՞ւմ է հասցեագրված, ինչ-որ առանձնահատկություններ ունի՞։ Այն կարդալով ընթերցողը կհամոզվի՞, որ դրա շնորհիվ կարող է իր կյանքում բազում փոփոխություններ կատարել:

– Գիրքը հասցեագրված է բոլոր այն մարդկանց, ովքեր ներքին փոփոխության նկրտումներ ունեն, մասնավորապես, եթե ավելի առարկայական խոսենք, դրանք այն մարդիկ են, ովքեր փորձում են իրենց ուժերը փորձել որեւէ ղեկավար օղակում։ Առանձնահատկությունները հիմնականում կայանում են նրանում, որ, ինչքան էլ հաշվի է առնված համաշխարհային փորձը, այն մի ղեկավարի կյանքի պատմություն է, պրակտիկ օրինակներ են, որոնք արտացոլված են այդ գրքում։ Յուրաքանչյուր գիրք անձ է։ Այն ընթերցողը, որը փնտրում է, միշտ գտնում է, եւ համոզելու խնդիր չունենք։ Ամեն մի առիթը կարող է դառնալ ոգեշնչման աղբյուր։

– Կյանքի եւ ինքնաճանաչման մասին գաղափարները փոխանցում եք փիլիսոփայական բարդ տերմինաբանությա՞մբ, թե՞…

– Առհասարակ ես մեծացել եմ այնպիսի միջավայրում, որտեղ փողոցային մշակույթը շատ հարուստ է եղել, բայց միեւնույն ժամանակ շնորհիվ ծնողներիս եւ ուսուցիչներիս՝ ստացել եմ լավ կրթություն, նաեւ բարձրագույն կրթություն, դրանից հետո մշտապես ինքնակրթվում եմ։ Ինքնաճանաչման գաղափարներն իմ շարունակական աճի հիմքն են, ես ինձ հավերժ ուսանող եմ զգում։

Ես սիրում եմ փիլիսոփայել, ինձ դուր է գալիս։ Բայց բարդ տերմինաբանություն չկա, որպես ընկեր եմ զրուցել գրքում, կապ եմ ստեղծել հեղինակ-ընթերցողի միջեւ։ Հիմքում կա անկեղծություն, իսկ ցանկացած հարաբերությունների մեջ անկեղծությունը հաղթում է։

– Ընդհանրապես աշխարհում անձնական աճի վերաբերյալ գրքերը մեծ հետաքրքրություն են վայելում ընթերցողների շրջանակում: Այդօրինակ գրքերի կարեւորության մասին խոսենք։

– Յուրաքանչյուր օր ապրելու եւ աճ գրանցելու համար է։ Մարդու հնարավորություններն ու ներուժն անսահմանափակ են, հետեւաբար չի կարելի մսխել սեփական հնարավորությունը՝ հոգի, բանականություն, խոսք ունենալու եւ արարելու։ Մենք ստեղծելու անսահմանափակ շնորհ ունենք։ Խոսքերիս հավաստիքը հաշմանդամ, վերջույթներ չունեցող մարդիկ են, ովքեր օլիմպիական մեդալներ են նվաճում, ովքեր կարողանում են հաղթահարել ցանկացած տեսակի դժվարություն։ Յուրաքանչյուր մարդ առաջին հերթին պետք է իր ներսը նայի։

– Եվ վերջում՝ ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ դասը եւ գլխավոր մոտիվացիան։

– Բազմաթիվ դասեր եմ քաղել ու հիմա էլ շարունակում եմ։ Ամենամեծ դասերն, իհարկե, իմ սխալներից ու անհաջողություններից եմ քաղել։ Մոտեցումը, որը որդեգրել եմ՝ երբեք չեմ դադարելու սխալվել։ Այդ գործընթացին հարազատներդ, ընտանիքիդ անդամները, ընկերներդ քեզ քննադատում են, առավել եւս, եթե դիպչում ես ընտանեկան բյուջեին, նեղություն ես տալիս մյուսներին, քո սխալի պատճառով ուղղակի կամ անուղղակի տանջվում են նաեւ մյուսները։ Բայց ես չեմ դադարում գործել, որովհետեւ եթե կշեռքի վրա դնենք այն հաջողությունները, որոնք հաջորդել են այդ անհաջողություններին եւ ճիշտ քայլերը, որոնք հաջորդել են սխալ քայլերին, դրանք ե՛ւ արդյունավետության, ե՛ւ իրենց արժեքի տեսակետից նժարի վրա ավելի ծանր են։ Սա անձնային աճն է։ Մարդ չպետք է դադարի զարգացնել իր միտքը։

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031