ՔՊ-ի նախընտրական կարգախոսն է՝ «Ասեք կանենք»:
Aravot.am-ն այսօր «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանին հարցրեց՝ բան չունե՞ք ասելու իշխող ուժին, որ անեն՝ նա պատասխանեց. «Ես կարծում եմ, մեր հայրենակիցներն արդեն իրենց ասեցին, թե իրենք ինչ անեն: Ես տեսնում եմ, որ դեռ չեն արել, այնպես որ վստահ եմ, որ ինչ էլ ասեն՝ չեն անելու: Անելու են այն, ինչ ուզում են, ինչպես արել են այս ժամանակահատվածում՝ հաշվի չնստելով ոչ մեկի կարծիքի հետ»:
Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ Էրեբունիում բնակիչներն ասում էին, որ «այս կառավարությունը մինչեւ չգնա, ոչ մի բան տեղից չի շարժվի»:
Կարդացեք նաև
Մանե Թանդիլյանն ասաց. «Մենք բնականաբար գիտենք ինչպես պետք է լուծվեն խնդիրները եւ հետեւաբար մեր ասելիքն է իրենց՝ սեպտեմբերի 17-ին առանց ցնցումների ազատեք Երեւանը ձեզանից»:
Հարցին՝ համոզի՞չ էր ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի այն բացատրությունը, որ ինքը, որպես փոխքաղաքապետ, իր գործը լավ է անում, ու անարդարացիորեն դա դիտում են որպես վարչական ռեսուրսի չարաշահում՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Որեւէ մեկը անգամ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին չի ճանաչում, ոչ մի ուրիշ փոխքաղաքապետի չի ճանաչում, ուզում եմ հարցնել՝ այդ բոլորը աշխատանք չէի՞ն անում: Եթե չեն անում, ազատե՛ք աշխատանքից վաղն եւեթ, ուրեմն երեւանցին ավելորդ փող է վճարել իրենց, ազատե՛ք նրանց աշխատանքից հենց վաղը, որովհետեւ ոչ ոք չէր աշխատում: Դա ես չեմ ասում, դիտորդներն են ասում, նույնիսկ իրենց հարող դիտորդներն են ասում, թե ինչպես են իրենք ամբողջական վարչական ռեսուրսն օգտագործել, հանրային փողերը ծախսել իրենց քարոզարշավի վրա եւ դրա գնահատականն էլ է տալու երեւանցին սեպտեմբերի 17-ին: Էլ մարդկանց հիմարացնել չի հաջողվելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ