«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավ էր իրականացնում Էրեբունի վարչական շրջանում: Սարի թաղի բնակիչները քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի հետ զրույցում բողոքեցին իշխանություններից:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այսօր նաեւ իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանն է այցելել Էրեբունի, նրան չե՞ք տեսել, չե՞ք փոխանցել ձեր դժգոհությունները՝ բնակիչ Ռիտա Արիստակեսյանը պատասխանեց. «Չէ, մենք չենք հանդիպել ու ես այ էսքան կուշտ եմ իրանից»,- ասաց կինը՝ ցույց տալով կոկորդը:
Նա ասաց. «Սկի չեմ էլ դուրս գա իմ տնից, որ իր հետ հանդիպեմ: Չեմ էլ տեսել սկի, որ եկել է»:
Կարդացեք նաև
Հարցին՝ կոնկրետ ինչի՞ց եք դժգոհ, որովհետեւ Ավինյանն ասում է, որ ինքը, որպես փոխքաղաքապետ, շատ լավ է աշխատել՝ նա պատասխանեց. «Առաջին հերթին այս փողոցը նեղ է, խանութ ենք գնում, մեքենաների արանքով ենք գնում, մայթերը սաղ չկան: Երեխեքին մանկապարտեզ ենք տանում փողոցի մեջտեղով, մեքենաների արանքով, բա հետո՞: Ո՞նց է լինելու»:
Նրա ձեռքին «Ապրելու երկիր» կուսակցության ծրագրի սեղմագիրն էր, ասաց՝ 2 օր է՝ կարդացել է ծրագիրը ու Մանե Թանդիլյանի հետ են հույս կապում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ