«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավ իրականացրեց Էրեբունի վարչական շրջանում: Քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը բնակիչներին ներկայացրեց «երկու երնեկ՝ մի տեղ» փաթեթը, որով առաջարկում են բեկումնային լուծումներ տալ թե՛ քաղաքային, թե՛ քաղաքական խնդիրներին:
Նա խնդրեց, որ քաղաքացիները գնան ընտրատեղամաս եւ կատարեն իրենց ընտրությունը՝ վստահեցնելով, որ տեր են կանգնելու յուրաքանչյուր քվեին:
Կարդացեք նաև
Սարի թաղում, որտեղ տրանսպորտի լուրջ խնդիր կա, Թանդիլյանը ներկայացրեց ճոպանուղու համակարգը. «Այն ներդնելու ենք սեպտեմբերի 18-ից սկսած եւ առաջին գիծը 10 ամիս հետո պիտի իրագործվի: Կայարաններից մեկը հին Սարի թաղում ենք նախատեսում, որպեսզի դուք կարողանաք հեշտությամբ հասնել Երեւանի տարբեր մասեր: Մենք երազում ենք ժամանակից, ուժեղ Երեւանի մասին եւ այդ երազանքն արտացոլված է մեր ծրագրերում: Մեկ քվեով դուք կարող եք իշխանազրկել ՔՊ-ին Երեւանում»:
Սարի թաղի բնակիչներից մոտեցան Մանե Թանդիլյանին ու դժգոհեցին իշխանություններից, ասացին՝ տարիներ շարունակ մեծ գումարներ ուզում՝ իրենց հայրական տները սեփականաշնորհել թույլ տալու համար. «Պապաս 44 թվից էս տունն առել է, չենք կարողանում սեփականաշնորհել, ասում են՝ անօրինական է»,- ասաց Սարի թաղի բնակիչներից մեկը ու սկսեց լացել:
Սարիթաղցիներն ասում էին, որ ընտրությունից ընտրություն իրենց հիշում են, իրենք էլ չեն զլանում, գնում են ընտրության, ընտրում են ու մոռացվում: Մանե Թանդիլյանը խոստացավ ուսումնասիրել խնդիրը: Բնակիչներից մեկն ասաց. «Մինչեւ մեր կառավարությունը չփոխվի, ոչ մի բան էլ չի շարժվի տեղից: Այ էս կառավարությունը պիտի անպայման փոխվի, որովհետեւ մեր երկիրը քանդեց»:
Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Դրա համար էլ կուսակցություն ենք ստեղծել ու պայքարում ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ