Այսօր «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց թիմակիցները ամեն օր բոլոր համայնքներում շրջում են, ներկայացնում են իրենց ծրագիրը, որ մարդիկ գիտակցված ընտրություն կատարեն, ընտրեն լավագույնին, ոչ թե չարյաց փոքրագույնին. «Հիմնականում մարդիկ դժգոհում են ավտոտնակներից, որոնք խանգարում են բակային տնտեսությանը, երեխաներին:
Խնդիրները բազմաթիվ են՝ աղբահանություն, թափառող շներ: Արդեն թաղամասեր կան, շնառատ են ուզում վերանվանել: Այս առումով մենք թափառող շների խնդրի լուծման համակարգային լուծում ունենք: Ավտոտնակների խնդրի լուծման համար ներկայացնում ենք ստորգետնյա կամ շարժական parking-ների ծրագիրը»:
Կարդացեք նաև
Մանե Թանդիլյանը նշեց, որ քաղաքացիների հետ շփումները ցույց են տալիս, որ մի ստվար հատված կողմնորոշված չեն. «Ասում են՝ գնալու ենք ընտրության, բայց դեռ չենք որոշել: Սա շատ լավ է, նշանակում է՝ մարդիկ պատրաստվելու են գիտակցված ընտրության, իսկ ես հենց այդ ընտրությանն եմ ապավինում: Ես համոզված եմ, երբ մտածեն, ուսումնասիրեն ծրագրերը, թեկնածուներին, իրենց ընտրությունը կանգնելու է «Ապրելու երկիր» կուսակցության վրա»:
Թանդիլյանը նաեւ նշեց, որ երբ ընտրվի «Ապրելու երկիրը» դա կլինի ուժեղ արտաքին ազդակ. «Երեւան քաղաքում ընտրում են ընդդիմադիր ուժ, որը խոսում է Արցախի խնդրի մասին, խոսում է ինքնորոշման իրավունքի մասին եւ Արցախի ժողովրդի անվտանգության մասին, մոռացության չի տալիս այդ հարցերը եւ չի ասում՝ այս խնդիրն ինձ չի վերաբերում: Երբ մայրաքաղաք Երեւանը դեմ լինի այսօրվա քաղաքական իշխանություններին եւ դա արձանագրվի ընտրությունների միջոցով, դա արդեն կխոսի լրիվ այլ քաղաքական խոսույթի եւ գործընթացների մասին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ