Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարրական կուլտուրայի մասին» հոլովակներ՝ քաղաքային տրանսպորտում, նավիգացիոն համակարգ, Աջափնյակի մետրո, մետրոյի վերգետնյա ուղիներ․ տրանսպորտի հարցը՝ նախընտրական ծրագրերում

Օգոստոս 25,2023 20:00

Aravot.am-ը համադրել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ծրագրերը։ Փորձել ենք պարզել, որ ուժն ինչպես է պատկերացնում Երևանում հանրային տրանսպորտի ոլորտը։

«Ապրելու երկիր» կուսակցությունն առաջարկում է հանրային տրանսպորտի նավիգացիոն համակարգի ներդրում, կանգառներում տրանսպորտային շարժի և սպասելաժամանակի թվատախտակների տեղադրում։ Ըստ նախընտրական ծրագրի՝ հիմնվելով Կառավարման թվային կենտրոնի տվյալների վրա՝ յուրաքանչյուրը հնարավորություն կունենա տեղում տեսնել իրեն անհրաժեշտ հանրային տրանսպորտի ժամանումը, ստանալ տեղեկություն, թե որ տրանսպորտը նստել քաղաքի մի կետից մյուսը հասնելու համար։

Առաջարկվում է նաև Հանրային տրանսպորտի առցանց վճարման համակարգի ներդրում․ «Այս երկար սպասված բարեփոխումը իրականություն է դառնալու՝ ապահովելով նաև նախապես վճարելու ու հետագայում օգտվելու տարբեր ճկուն հնարավորություններով»։

«Ապրելու երկիր»-ը խոստանում է 1 տարվա ընթացքում տրանսպորտի սպասման առավելագույն ժամանակը դարձնել 8 րոպե։ Ծրագրում նշված է․ «Երևանում տրանսպորտային կանգառները կտեղադրվեն այնպես, որպեսզի դրանք ընկած լինեն յուրաքանչյուր բնակելի շենքից կամ տանից առավելագույնը 600 մ հեռավորության վրա»։ Հանրային տրանսպորտի աշխատանքը 06:30 – 01։00»։ «Ապրելու երկիր»-ը նաև կարևորում է հանրային տրանսպորտ՝ հարմարեցված և մատչելի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։

Ըստ «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրի՝ ներդրվելու է նոր միասնական տրանսպորտային համակարգ՝ վերանայելով երթուղիները և, ըստ անհրաժեշտության՝ նաև կանգառասրահների տեղադիրքերը․ «Շարունակաբար արդիականացնելու ենք ավտոբուսների և տրոլեյբուսների շարժակազմերը՝ նախապատվություն տալով էլեկտրական և էկոլոգիապես մաքուր տրանսպորտի ձեռքբերմանը, ապահովելու ենք ավտոբուսների և մետրոյի չվացուցակի հասանելիությունը կանգառասրահներում, կայքի և բջջային հավելվածի միջոցով, փոխարինելու ենք գործող կանգառասրահները նոր՝ «խելացի» լուծումներով վերազինված կանգառասրահներով»։

ՔՊ-ն խոստանում է կառուցել ավտոբուսների կայանման և սպասարկման համար նախատեսված 4 դեպո, շարունակել ավտոբուսների համար առանձնացված գծերի ներդրման գործընթացը, արդիականացնել հասարակական տրանսպորտի գործող երթուղիները՝ ավելացնելով դրանց սպասարկման ծածկույթը։

Աջափնյակի մետրոյին կրկին անդրադարձ կա․ «2024թ. մեկնարկելու ենք և մինչև 2028թ. ավարտին ենք հասցնելու Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը, 2024թ. մեկնարկելու ենք և մինչև 2026թ. ավարտին ենք հասցնելու «Սուրմալու և «Փեթակ» առևտրի կենտրոնների հատվածում նոր կայարանի կառուցումը, 2027թ. ունենալու ենք դեպի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան տանող մետրոյի կայարանի կառուցման նախագիծ, մինչև 2027թ. ավարտելու ենք Երիտասարդական կայարանի երկրորդ մուտքի շինարարությունը, որը դուրս կգա Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի հարակից տարածքում»։

«Հանրապետություն»-ն առաջարկում է ճշգրիտ և օպտիմալ ժամանակացույցով աշխատող հանրային տրանսպորտի չվացուցակի գործարկում, տոմսային միասնական համակարգի գործադրում, ժամային գրաֆիկի երկարացում․ առաջարկում են մետրոյի և հանրային տրանսպորտի աշխատաժամանակը սահմանել մինչև ժամը 01։00։ Առաջարկվում է Երևանի մետրոպոլիտենի կառուցումը դարձնել շարունակական՝ ընդգրկելով ամբողջ քաղաքը։

Հայաստանի եվրոպական կուսակցությունը ցանկանում է հասնել հասարակական փոխադրամիջոցների զանգվածային էլեկտրականացման։ Նախընտրական ծրագրում ամրագրված է․ «Հատուկ կարեւորություն և արագ իրականացում է տրվելու մետրոյի վերգետնյա ուղիների և կայարանների կառուցմանը։ Հիմնական ուղղություններն են լինելու Հրազդան գետի կիրճով կառուցվելիք գծերը Դավթաշենի, Կիևյանի և Հաղթանակի կամուրջների միջև՝ նշված շրջաններում համապատասխան հանգույցների ստեղծմամբ և հեռանկարային զարգացում ապահովելով դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ, Զվարթնոց օդանավակայան, իսկ մյուս ուղղությամբ՝ դեպի Քանաքեռ, Զեյթուն եւ Նոր Նորքի զանգվածներ տանող վերգետնյա մետրոյի միջոցով։ Այդ նախագծի արժեքը տասնյակ անգամ ավելի էժան է և մի քանի անգամ արագ կարող է կատարվել, քան՝ ավանդական ստորգետնյա մետրոն»։

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախընտրական ծրագրում կոնկրետ հանրային տրանսպորտին առնվող բաժին չկա, որոշ անդրադարձեր կան միայն․ «Քաղաքային և մերձքաղաքային հանրային փոխադրումների ցանցի բարեփոխում, նոր ցանցի մշակում և ներդրում, ինչպես նաև կառավարման արդիականացում․Երևան քաղաքում և մերձքաղաքային փոխադրումային հաղորդակցության մեջ էկոլոգիապես մաքուր և էներգարդյունավետ հանրային փոխադրամիջոցների ցանցի զարգացում»։

«Հանրային ձայն»-ը խոստանում է թարմացնել ավտոպարկը, խիստ վերահսկողություն սահմանել մասնավոր տրանսպորտային երթուղիների նկատմամբ, բարեկարգել կանգառները, ներդնել տրանսպորտի ուղևորատոմսերի համակարգ, գործարկել չվացուցակներին՝ օնլայն հետևելու մեխանիզմ, քաղաքավարության, տեղ զիջելու և տարրական կուլտուրայի մասին հիշեցնող աուդիո կամ վիդեո հոլովակների պարտադիր ներկայացում քաղաքային տրանսպորտում, լուրջ վերահսկում տրանսպորտում հնչող երաժշտությանը, ընդհուպ մինչև հատուկ ցանկի մշակում և տրամադրում։ «Հանրային ձայնը» խոստանում է վերականգնել տրամվայները, թարմացնել տրոլեյբուսների պարկը և այլն։

«Հաղթանակ» կուսակցությունն իր ծրագրով՝ «Վիկտորի պլանով» առաջարկում է հասարակական տրանսպորտն անվճար դարձնել։ Նշենք, որ կուսակցության ծրագիրը դեռ ամբողջությամբ չի հրապարակվել։

«Միացյալ Հայաստանը» կարևորում է բոլոր գլխավոր փողոցներում հասարակական տրանսպորտի՝ ավտոբուսների, տաքսիների, հատուկ նշանակության ավտոմեքենաների համար առավոտյան և երեկոյան ծանրաբեռնված ժամերին առանձնացված ուղիների տրամադրում։ Խոստանում են ստեղծել հիմնական ճանապարհներին կից ավտոմեքենաների վերգետնյա և ստորգետնյա կայանատեղիներ, ներդնել լուսաֆորների կառավարման խելացի համակարգ՝ արհեստական ինտելեկտի կիրառմամբ, մի շարք փողոցներում ստեղծել հեծանվաուղիներ։

«Լուսավոր Հայաստանը» նախընտրական 10 առաջարկներում առանձնացված կերպով հանրային տրանսպորտին չի անդրադառնում։ Փոխարենն առաջարկում է լուծել Մյասնիկյան պողոտայի գերծանրաբեռնվածության հարցը․ «Առաջարկում ենք Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կազմակերպել ժամանակակից դարձափոխային երթևեկության համակարգերով։ Այսպիսով հնարավոր կլինի խցանումների ժամանակ լրացուցիչ գիծ հատկացնել ծանրաբեռնված հոսքի համար»։

 

Նշենք, որ կան կուսակցություններ, որոնք Երևանի քաղաքային խնդիրների լուծմանը վերաբերող նախընտրական ծրագիր չեն ներկայացրել, քանի որ հայտարարում են, որ իրենք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են ոչ թե քաղաքային, այլ քաղաքական օրակարգով։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031