Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհն սկսվում է Երեւանից, քվե ստանալու դեպքում ես ձեզ խոստանում եմ անձամբ զբաղվել Փաշինյանով»․ Անդրանիկ Թեւանյան

Օգոստոս 25,2023 19:30

«Միացիր, որ փոխենք» կարգախոսով «Մայր Հայաստան» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակեց Դավթաշեն վարչական շրջանում։ Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց․ «Մենք բակից բակ, փողոցից փողոց, տնից տուն անցնելու ենք ու հերթով բոլորին համոզելու ենք, որ միակ ճանապարհը, որպեսզի մենք հաղթահարենք բոլոր դժվարությունները ապահովենք Արցախի ու Հայաստանի անվտանգությունը, դա իշխանափոխությունն է։ Եվ մեր թիմն իրականացնելու է այդ իշխանափոխությունը, Նիկոլ Փաշինյանը կոնկրետ իմ կլիենտն է»։

Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն օրենքից ու Սահմանադրությունից դուրս է, որովհետեւ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս՝ հայտնվելով ոչ լեգիտիմ կարգավիճակում։ «Նիկոլ Փաշինյանը պղծել է Հայաստանի անկախության հռչակագիրը, եւ նրան իշխանությունից հեռացնելը բոլորս սուրբ քաղաքացիական ու քաղաքական պարտականությունն է։ Համապատասխան քվե ստանալու պարագայում ես ձեզ խոստանում եմ անձամբ զբաղվել Նիկոլ Փաշինյանով։

Կոչ եմ անում ընտրություններին մասնակցել հետեւյալ տրամաբանությամբ՝ մի կողմից իշխանությունն է, մյուս կողմից՝ Մայր Հայաստան դաշինքը, որը խնդիր է դրել ամբողջական իշխանափոխություն իրականացնել։ Դուք Երեւանի ընտրությունները դիտարկեք որպես համապետական մասշտաբի ընտրություններ եւ իշխանափոխության հնարավորություն։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման գլխավոր երաշխիքն է։ Նիկոլ Փաշինյանը կատարում է Թուրքիայի ու Ադրբեջանի նախապայմանները, նա Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս՝ փաստացի հրաժարվելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից։

Նիկոլ Փաշինյանն ամբողջ Հայաստանի տարածքը դրել է հարցականի տակ եւ նրա առաջարկը երեւանցիներին հետեւյալն է՝ դառնալ թուրքական վիլայեթ ու մի կերպ յոլա գնալ։ Ընդ որում, ինքը դրա երաշխիքն էլ չի տալիս, ասում է՝ Ադրբեջանը որոշել է միակողմանի դատարկել Արցախը, որից հետո չի ճանաչում նույնիսկ Հայաստանի 29 800 քկմ-ն։ Դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ Ադրբեջանի մաս է ճանաչում Արցախը՝ դրանով իսկ ցեղասպանության մատնելով Արցախի մեր հայրենակիցներին։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհն սկսվում է Երեւանից։ Նիկոլ Փաշինյանը մոռացել է իր բոլոր խոստումները եւ հայտնվել օրենքից դուրս»,- ասաց Թեւանյանը։

Նա հավելեց, որ «Քաղաքացիական պայմանագրին» ձայն տալու դեպքում շատ վտանգավոր զարգացումներ կարող են լինել։ «Սիրելի ժողովուրդ, ձեզ խաբել են, որ եթե Արցախը չհանձնենք, ապա պատերազմ կլինի։ Ճիշտ հակառակը, Արցախը հանձնելուց հետո կընկնեն Սյունիքը, Գեղարքունիքը, ապա Երեւանը։ Արցախը պաշտպանում է մեր ամբողջ դարպասը, եւ մենք իրավունք չունենք անփութորեն վերաբերվել մեր անվտանգության համակարգին։ Նիկոլ Փաշինյանը ձեզ խաբել է, որ Արցախը զիջելով՝ կպաշտպանի 29 800-ը։ Նախ նա այդ տարածքից արդեն ահագին մաս հանձնել է, երկրորդ, նույնիսկ ինքն է խոստովանում, որ չունի երաշխիք, որ 29 800-ը կպաշտպանի։ Մենք կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո լծվել աշխատանքի, հաղթահարել այս թունավոր մթնոլորտը, ապահովել մեր երկրի զարգացման հնարավորությունը»,- հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031