Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են Գյումրին արհեստականորեն վերածում թանկ քաղաքի․ զբոսավարի մտահոգությունը

Օգոստոս 25,2023 19:07

Գյումրու՝ զբոսաշրջային քաղաք դառնալու հեռանկարի ֆոնին, կտրուկ թանկացել են  հյուրատների, ռեստորանների ու սրճարանների գները։ Այս մասին ահազանգում են ոչ միայն գյումրեցիները, որոնցից շատերին հատկապես զարմացնում են քաղաքի պատմական հատվածում գտնվող սրճարանների ու ռեստորանների սահմանած գները, այլ հենց զբոսաշրջային ոլորտի մասնագետները։

Զբոսաշրջային ընկերություններից մեկի պատասխանատու Լիզա Գասպարյանը, որը տարիներ շարունակ Գյումրին գովազդելիս՝  որպես առավելություն նշում էր այս քաղաքի էժան գները, այժմ սթափության կոչ է անում սպասարկման ոլորտի պատասխանատուներին՝ նախազգուշացնելով, որ նրանք արհեստական թանկացումների ճանապարհով ոչնչացնում են Գյումրու զբոսաշրջային ոլորտը։

«Թանկացումներ նկատելի են ամենուր․ սկսած հյուրատնային, հյուրանոցային ծառայություններ մատուցողներից՝ վերջացրած սրճարան, ռեստորաններից։ Այն, որ մենք 3-4 տարի անընդհատ բրենդավորվում ենք Գյումրին, անընդհատ խոսում, ասում ենք՝ Գյումրին հարմար, կոլորիտային, մշակութային քաղաք է, ևս մեկ կարևոր առավելություն ունի՝ էժան քաղաք է, և դա գրավում էր մարդկանց, որովհետև երևանյան ռեստորանների գնացուցակներից հետո գալիս էին Գյումրի՝ հիացմունքով 2-3 անգամ տարբեր ռեստորաններից էին օգտվում։

Սա բիզնես մտածողություն ունեցող մարդու համար ուղղակի պիտի ողջունելի լիներ, այս տարի մենք ականատես եղանք նաև թանգարանների թանկացմանը։

Հարգելիներս, եկեք երկար ժամանակ պահենք էժան գնային քաղաքականությունը, որպեսզի հայտնվենք զբոսաշրջային քարտեզի վրա։ Մենք դեռ զբոսաշրջային քարտեզում չենք, այն, ինչ անում ենք դեռ ներքին տուրիզմ է, իսկ այն չի կարող լուրջ տուրիզմ համարվել, միջազգային տուրիզմ համարվել։

Մենք դեռ տեղում նոր-նոր կայանում ենք մեր սխալների վրա՝ շուկայի հետ աշխատելով, հարաբերվելով, փորձելով ձևավորել շուկան։

Երևի սպասում էին 2019-ի և 2021-ի ակտիվությանը, զբոսաշրջային սեզոնը ուշ սկսվեց ու միանգամից բոլորը բարձր գներով սկսեցին ծառայություն մատուցել։

Մեր տուրիստականը ունի հյուրատուն, որը հինգ տարի է՝ գործում է։ Հինգ տարի առաջ մենք ինչ գնային քաղաքականությամբ մտել ենք շուկա, մինչև հիմա պահում ենք այդ գնային քաղաքականությունը, կապ չունի թանկացումներ են, թանկացել են տնտեսական պարագաները, աշխատավարձն է ավելացվել, հոսանքը և այլ, և այլն։ Թանկացումներ կան, բայց մենք պահում ենք գինը, որովհետև շատ կարևոր է՝ հյուրը նորից հետ գա։ Դա ամենակարևոր ցուցանիշն է, երբ որ դու ամսական կամ վեցամսյա հաշվետվություն ես անում՝ հասկանալու համար, թե քո հյուրերից քանի տոկոսն է նախընտրում հետ գալ։ Լինում են դեպքեր, երբ մարդիկ 3-րդ անգամ են գալիս, 4-րդ անգամ են գալիս։

Պիտի շատ հոգացավորեն և նրբանկատորեն մոտենալ հարցին, էլի եմ ասում՝ բիզնես մտածողություն է պետք, իսկ դրա համար կրթություն է  պետք։

Առաջին տարիներին ով տանը որևէ սենյակ զարդարում, ինչ-որ ձևով փոխում, հյուրատուն էր դարձնում, ողջունում էինք, ասում էինք՝ քաղաքում մտածողություն է փոխվում, բայց միայն սենյակ կամ ռեստորան ունենալ և այդ  սենյակի, ռեստորանի գնացուցակի, մենյույի մեջ միայն թվեր գրել՝ չմտածելով իրական շարժունակության, իրական տնտեսական բանաձևի մասին, անգրագիտություն է։ Իսկ այս ձևաչափով երկար շարունակել չենք կարող։

Մենք պիտի վերանայենք գնային քաղաքականությունը, պիտի նայենք, թե մեր քաղաքն ինչ է առաջարկում հյուրերին, ինչով ենք գրավիչ, հետաքրքիր, տարբերվող, նոր մտածենք գներ թանկացնելու մասին։ Մենք պիտի կարողանանք լավ ճանաչել ինքներս մեզ։ Շատ լուրջ մարկետինգային գործիքներ են պետք, որ վերջապես Գյումրին հայտնվի միջազգային տուրիստական լոկացիաների ցուցակում»,-ասում է Լիզա Գասպարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Տիգրան Գասաբյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031