«Հայկ Մարությանը հիմնվել է համալիր փորձաքննության արդյունքների վրա»,- Aravot.am-ի դիտարկմանը՝ «Ֆիզգորոդոկ» կոչվող տարածքի բնակիչները քննադատում են Հայկ Մարությանին, քանի որ նրա՝ քաղաքապետ լինելու ժամանակ է տրվել այդ տարածքում շինթույլտվությունը, այսպես արձագանքեց «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Հովսեփ Կուբաթյանը։
Նշենք, որ «Ֆիզգորոդոկ» կոչվող տարածքի բնակիչներից Սեդա Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել է, որ այդ տարածքում շինթույլտվություն տրվել է Հայկ Մարությանի՝ Երևանի քաղաքապետ լինելու տարիներին։ Նա մասնավորապես նշել է․ «Ասեցինք` հողն ապօրինի կերպով է օտարվել, պետք է վերադարձնել համայնքին։
Արեցիք` բնակիչներին «սուտ» հանեցիք, շինթույլտվություն տվեցիք Մարությանի թեթև ձեռքով, մինչև որ 2 տարի անց ՀՀ գլխավոր դատախազությունը փաստեց` ապօրինի օտարում է եղել, պետությանը խոշոր չափի վնաս է հասցվել: Ո՞վ պատժվեց»։
Հովսեփ Կուբաթյանը հաստատեց, որ շինթույլտվությունը եղել է, երբ Հայկ Մարությանն էր Երևանի քաղաքապետ ու պարզաբանեց․ «Քաղաքապետարանը, որ փաստաթղթեր է ստանում, օրինակ՝ շինթույլտվություն տալու համար, եթե կասկածելի բան է լինում, ուղարկում է համապատասխան մարմիններին։ Քաղաքապետարանը ոչ իրավասություն ունի, ոչ էլ կարող է ստուգել դրա օտարումը՝ օրինակա՞ն, թե՝ անօրինական է եղել։ Մինչև շինթույլտվության փաստաթղթերը գալիս են քաղաքապետարան, շինթույլտվությունն անցնում է համալիր փորձաքննություն Քաղաքաշինության կոմիտեում։ Այսինքն՝ բոլոր հնարավոր քաղաքաշինական նորմերը, հակահրդեհային նորմերը և այլ բոլոր նորմերն ուսումնասիրվում են, և կոմիտեն տալիս է դրական եզրակացություն։ Քաղաքապետարանը, դա հիմք ընդունելով, տալիս է շինթույլտվություն»։
Կարդացեք նաև
«Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակով Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանի թիմակիցները ՔՊ-ին մեղադրում են հայտնի տեսանյութից Մարությանի կադրը ջնջելու մեջ։ Այս առիթով ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանն արձագանքել էր․ «Ես չեմ ուզում մեկնաբանել կոնկրետ, որովհետեւ չգիտեմ, թե ով ինչ տեսանյութ է նկարահանել։ Եթե ինչ-որ մեկն իրեն ինչ-որ տեսանյութից հանել է, դա ամոթալի է»։
Հովսեփ Կուբաթյանին հարցրինք՝ սա բավարա՞ր պատասխան էր, և արդյոք իրենց թիմն իրավական ընթացք տալո՞ւ է կատարվածին, նա պատասխանեց․ «Այդտեղ արձագանքի հարց չկա, կա փաստ։ Թե չէ դրանից հետո՝ ով, ինչ կարձագանքի, արդեն երկրորդական է»։
Նրան ասացինք, որ Տիգրան Ավինյանը «ամոթալի» բառն է օգտագործել, Հովսեփ Կուբաթյանը նկատեց․ «Դա իրականությունը չի փոխում։ Մենք երևի դիտորդական առաքելություններին նամակ կուղարկենք, որպեսզի դրա վրա ուշադրություն դարձնեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ