Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Նախընտրական խոստումն այն է, ինչով քարոզարշավի ժամանակ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները»․ ի՞նչ են արձանագրել դիտորդական առաքելությունները

Օգոստոս 25,2023 17:56

Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 23-ին, եւ վերջին երկու օրերին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը քարոզարշավի շրջանակներում տարբեր խոստումներ է տալիս երեւանցիներին։ Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացող մարմիններն արդեն մի շարք խախտումներ են արձանագրել։

«Ականատես» դիտորդական առաքելությունը հրապարակել է իր միջանկյալ տեղեկանքը, որում ի թիվս այլ հարցերի՝ բարձրաձայնվում է նաեւ այն մասին, որ մի շարք համայնքային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողներ սոցիալական ցանցի իրենց էջերում ակտիվ քարոզչությամբ են զբաղված։

Մասնավորապես, նշվում է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանը և տեղակալ Անդրանիկ Ավետիսյանը իրենց ֆեյսբուքյան էջերում որպես ետնանկար հրապարակել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կապված քարոզչական նյութեր։

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սերոբ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում ակտիվ քարոզչություն է անում «Քաղաքացիական պայմանագրի» օգտին:

Աջափնյակ վարչական շրջանի աշխատակիցները մասնակցել են վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կազմակերպված դրամահավաք-երեկոյին և հրապարակել են լուսանկար վարչապետի հետ, եւ այլն։

«Ականատես» դիտորդական առաքելության տեղեկանքի վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որում նշվում է, որ հրապարակված տեղեկանքում չկա որեւէ փաստ կամ հիշատակում Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի դրույթների խախտման վերաբերյալ։

«Անկախ դիտորդ» դաշինքն իր հրապարակման մեջ արձանագրել է, որ Երևանի փոխքաղաքապետ նշանակումից ի վեր Տիգրան Ավինյանի գործունեության լուսաբանման ծավալներն աճել են եւ անգամներով գերազանցել համայնքային իշխանության մյուս ներկայացուցիչների գործունեության լուսաբանման ծավալը։ Նաեւ արձանագրվել է, որ Հանրային հեռուստատեսությամբ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում եւ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում ամենաշատը հիշատակվել է Տիգրան Ավինյանի անունը։

«Անկախ դիտորդ»-ի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իշխող ուժի թեկնածուի կողմից նախընտրական խոստում տալը որեւէ պարագայում խախտում չի կարող համարվել։ «Նախընտրական խոստումն այն է, ինչով նախընտրական քարոզարշավի ժամանակ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները»,- ասաց Իոաննիսյանը։

Անդրադառնալով անհավասար լուսաբանմանն ու վարչական ռեսուրսի չարաշահմանը՝ Իոաննիսյանն ասաց․ «Մեր կարծիքով՝ նախքան նախընտրական քարոզարշավի սկիզբը Հանրային հեռուստատեսությունը եւ Երեւանի քաղաքապետարանի մեդիա ռեսուրսները մրցակցային առավելություններ էին ստեղծում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի համար»։

Ըստ նրա՝ այստեղ իրենք խնդիր են տեսնում, հետագայում պետք է այս հարցն օրենքով կանոնակարգել։ «Եթե Հ1-ը չի կարողանում իրեն պարկեշտ պահել, ապա պետք է օրենքով սահմանվի, որ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը, երբ խիստ կանոնակարգումները գործում են, ոչ թե 25 օր է, այլ 45 օր է, որ ընտրություններից 30 օր առաջ Հ1-ն իշխանության թեկնածու չգովազդի»,- ասաց Իոաննիսյանը։

Անդրադառնալով «Ականատես» դիտորդական առաքելության տեղեկանքին, որ պաշտոնատար անձինք հօգուտ ՔՊ-ի քարոզչություն են անում, Իոաննիսյանն ասաց, որ համաձայն չէ տեղեկանքում տեղ գտած շատ մտքերի հետ։ «Իրենք որպես խնդիր նշում են, որ, օրինակ, Աջափնյակի թաղապետի տեղակալը ֆեյսբուքյան էջում ՔՊ է գովազդում։ Այո, բայց այդ մարդը ՔՊ անդամ է շատ վաղուց, նախքան թաղապետի տեղակալ դառնալը։ Եկեք հասկանանք, որ կան երեւույթներ, որոնք նորմալ են։ Եթե իքս կուսակցության անդամն այդ կուսակցության քարոզով չի զբաղվում, ուրեմն այդտեղ ինչ-որ բան առողջ չէ»,- հավելեց Իոաննիսյանը։

«Ականատես» դիտորդական առաքելության համակարգող Մարիամ Հովեյանը, անդրադառնալով մեր այն հարցին, թե իշխող քաղաքական ուժի թեկնածուի կողմից քարոզարշավի ժամանակ խոստումներ տալը խնդրահարույց համարո՞ւմ են, ասաց, որ այդ հարցը դեռ չեն քննարկել։ «Մենք տեղեկատվությունը պարբերաբար հավաքում ենք եւ տեղեկանքի տեսքով ներկայացնում ենք։ Նոր հայտարարությունները դեռ քննարկում ու վերլուծում ենք, դրանց հետ կապված գնահատական դեռ չունենք»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից իշխող ուժի քարոզչությանը մասնակցելուն, Մարիամ Հովեյանն ասաց․ «Այստեղ կապ ունի այն, թե արդյոք դա արվում է աշխատանքային ժամին, թե՞ ոչ, արձակուրդում է գտնվում անձը, թե՞ ոչ։ ԿԸՀ-ն շեշտել էր, որ իրենք խնդիր չեն տեսնում Ընտրական օրենսգրքի կոնկրետ հոդվածների խախտման տեսանկյունից, բայց մենք ավելի լայն ենք հարցին նայում, ընդհանուր բարեվարքության տեսանկյունից են նայում, արձանագրում ենք նաեւ այն բացերը, որոնք գուցե օրենսգրքով դեռ կարգավորված չեն, բայց խնդիր են, եւ պետք է բարձրաձայնել ու տալ օրենսդրական լուծումները»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031