«Մենք մամուլով և սոցիալական ցանցերում շատ ակտիվ ենք, նաև անմիջական շփումներ ունենք ընտրողների հետ, շրջում ենք քաղաքով, հանդիպում ընտրողների հետ, զրուցում նրանց հետ, փոխանցում ենք նրանց մեր քարոզչական բուկլետները: Մեր տպավորությունն այնպիսին է, որ այո, մեզ ճանաչում են և գիտեն մեզ, գիտեն մեր գաղափարները, գիտեն նաև՝ ինչ ենք առաջարկում և կարծում եմ, որ բավականին լավ է քաղաքացիների տրամադրվածությունը իմ և իմ կուսակցության նկատմամբ»: Aravot.am-ի հետ զրույցում այսպես ամփոփեց քարոզչության առաջին եռօրյակը Երևանի ավագանու ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը:
«Հանրապետություն» կուսակցության թիմն այսօր՝ քարոզչության երրորդ օրն, անցկացրեց Աջափնյակ վարչական շրջանում: Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գլխավորությամբ՝ քարոզչական փոքրիկ թիմը փողոցից-փողոց անցնելով, բակերով, այգիներով շրջելով, նույնիսկ տրանսպորտի կանգառներ մտնելով՝ քաղաքացիներին իրենց բուկլետները բաժանեց, զրուցեց նրանց հետ:
Հետաքրքրվեցինք, թե քարոզչության առաջին օրը կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ այս ընտրություններում իրենց քաղաքական ուժի միակ մրցակիցը համարում է գործող իշխանության թեկնածուին՝ Ավինյանին, իսկ Ավինյանը, ի տարբերություն իրենց թիմի՝ արդեն երեք օր է՝ ակտիվ քարոզչություն է իրականացնում, այդ դեպքում ինչպե՞ս են պատրաստվում հաղթել
«Ուրիշ ո՞վ, պետք է լինի մեր մրցակիցը, եթե մենք պատրաստվում ենք մեծամասնություն վերցնել ավագանիում, շատ նորմալ է, որ նա, ով այս պահին մեծամասնություն ունի ավագանիում, նրանից պետք է վերցնենեք իշխանությունը, հետևաբար, այո՛, իրենք են մեր մրցակիցն այս ընտրարշավում: Մենք մեր մեթոդներով ենք պայքարում այդ իշխանության համար»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ