Ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանի գնահատմամբ, հիմնական խնդիրն այն է, որ 1988-89 թվականներին սկսված պատերազմը շարունակվում է, իսկ հայկական հասարակությունը դա չի ցանկանում ընդունել: Այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում կայացած Արցախում ստեղծված իրավիճակի թեմայով քննարկման ժամանակ, պարոն Արզումանյանը կարծիք հայտնեց, որ 2020 թվականի պարտությունից հետո՝ հայկական պետությունը փորձում է ընդունել սխալ նարատիվներ, փակել պատերազմի էջը եւ գնալով այդ ճանապարհով՝ հայտնվել է անհասկանալի ու սխալ իրավիճակում, որտեղ հասարակությանը մոլորեցնում են խաղաղության սխալ պատկերացումներով. «Բայց մենք լավ հասկանում ենք, որ պատերազմը հիբրիդային մեթոդներով շարունակվում է եւ ոչ լայնածավալ գործողությունների արդյունքում մենք ռազմավարական նշանակության տարածքներ ու բարձունքներ ենք կորցրել: Բնական է, որ եթե դու շարունակում ես հորինված խաղաղության գիծը, իսկ թշնամիդ շարունակում է պատերազմը, կորուստներ ես ունենալու ու մենք հասել ենք նրան, որ Արցախն արդեն մոտ 300 օր շրջափակման մեջ է»:
Բանախոսն առաջին խնդիրն այն է համարում, որ պետք է ճիշտ ձեւակերպել, թե ո՞վ է քո թշնամին եւ եթե դա չես անում, դու հաղթելու հնարավորություն գործնականում չունես. «Այստեղ մենք խնդիր ունենք, քանի որ հայկական պետականությունը համարձակություն չունի ասելու, որ ինքը պատերազմի մեջ է ռուս-թուրքական ռազմավարական դաշինքի դեմ, որտեղ Ադրբեջանն ընդամենը կցորդ է, որի միջոցով հայկական պետականության ինքնիշխանության դեմոնտաժն է իրականացվում»:
Արդեն վերջին փուլում ենք. ահազանգում է բանախոսը՝ հավելելով, որ խնդիրն այն է, որ հայ ժողովուրդը՝ կանգնած լինելով նման էկզիստենցիալ խնդրի առաջ, պետք է լուծի մեկ այլ խնդիր՝ Ստեփանակերտում եւ Երեւանում իշխանության հիմնական մասը ներգրավված է եւ մասնակից է հայկական պետականությունների ապամոնտաժման գործընթացին: «Սա ամենասուր սպառնալիքն է, որից դուրս գալու մասին մենք դեռ պետք է մտածենք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպության ղեկավար Մարգարիտա Քարամյանն էլ համամիտ է գործընկերոջ հետ, որ հայկական երկու պետությունների իշխանությունները լծվել են ռուս-թուրքական ծրագրերի իրականացմանը եւ սա ավելի ողբերգական է, քան ռուս-թուրքական ծրագրերն են: Բանախոսը քննադատեց ՄԱԿ-ի ԱԽ քննարկումը, որտեղ ՀՀ իշխանությունը Արցախում տեղի ունեցողը ներկայացրեց իբրեւ սով եւ հումանիտար աղետ, մինչդեռ իրականում Արցախում տեղի ունեցողը, իր գնահատմամբ, ցեղասպանությունն է. սովն ու հումանիտար աղետը դրա մի բաղադրիչն են: Մարգարիտա Քարամյանը հայտարարում է՝ հայկական պետությունների իշխանությունները ջուր են լցնում այն ամենը, այդ թվում նաեւ մարդկային կյանքերն ու 30 տարի կրած զրկանքները, ինչ արվել է պետականություն ունենալու եւ այն պահպանելու համար:
Մարգարիտա Քարամյանն ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքին, որ ՄԱԿ ԱԽ չավարտված նիստից հետո, հայկական իշխանությունները փոխարենն օր ու գիշեր աշխատեին, որեւէ արդյունք գրանցելու համար, գնացին հակառակ ուղղությամբ եւ արդեն մի քանի օր է, ինչ-որ ավտոբուսներով Արցախից երիտասարդների են դուրս բերում դեպի Հայաստան, իբրեւ ուսանողների: Ըստ նրա, Ադրբեջանն էլ, օգտվելով այս նվերից, արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների են բերում, նկարահանումներ են անում, որ հայերը ազատորեն օգտվում են ադրբեջանական անցակետից: «Սա նշանակում է, որ հայկական իշխանությունները լծվել են ադրբեջանական իշխանության այն թեզի իրականացմանը, որ արցախցիների համար այդ ճանապարհը միակողմանի բաց է, իրենք կարող են դուրս գալ, բայց այլեւս չեն կարող վերադառնալ իբրեւ Արցախի քաղաքացիներ, այլ որպես Ադրբեջանի քաղաքացիներ: Ռուս խաղաղապահները, որոնք ուղեկցում են մեր երիտասարդներին մինչեւ անցակետը, ասում են երիտասարդներին, որ կարող են վերադառնալ Արցախ՝ Բաքվով եւ Ադրբեջանի անձնագրով»:
Ըստ տիկին Քարամյանի, ռուս սահմանապահները, դեռ Ստեփանակերտում պարտադրում են, որ երիտասարդները իրենց հետ կարող են ունենալ միայն 50 կգ բեռ: Նա նաեւ հավելում է՝ Վագիֆ Խաչատրյանի դեպքը ցույց է տալիս, որ շատ արցախցի տղամարդիկ չեն կարողանալու հատել այդ անցակետը, նրանց ձերբակալելու են ու գործեր են «կարվելու» նրանց դեմ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ