Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ նախկինում այդ 10 կամ 20 մլրդ դրամն ուզող կա՞ր»․ Տիգրան Ավինյանի պատասխանը դիտորդներին

Օգոստոս 25,2023 14:32

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին այն մասին, որ դիտորդական կազմակերպություններն իշխող ուժին մեղադրում են վարչական ռեսուրս կիրառելու համար։ «Ականատես» դիտորդական կազմակերպությունն իր տեղեկանքում նշել է, որ կառավարությունը 10 մլրդ դրամով ավելացրել է Երեւանի քաղաքապետարանի հատկացումները, ինչը նախկինում չի եղել։ «Իսկ ուզող կա՞ր նախկինում, այդ 10 կամ 20 մլրդ դրամն ուզող կա՞ր։ Մարդ կա՞ր, որ հասկանում էր, որ այս ծավալի խնդիրները, որոնք Երեւան քաղաքն ունի, այն բյուջեի շրջանակում, որը Երեւանն ունի, ուղղակի լուծելի չեն։ Թող այն ժամանակ էլ մարդը գնար, պտտվեր, հասկանար՝ ինչ պահանջ կա, ինչ խնդիրներ կան լուծելու եւ իր պահանջը ներկայացներ կառավարությանը։ Կառավարությունն էլ կբավարարեր, ես վստահ եմ, որ կբավարարեր»,- ի պատասխան ասաց Ավինյանը։

Նա հավելեց․ «Մինիմալ ենթակառուցվածքների մասին է խոսքը։ Մենք սիրում ենք պաթոսախեղդ նախադասություններ, բայց եթե ասում են՝ Նոր Խարբերդը Երեւան է, 9-րդ մասիվը Երեւան է, մենք նվազագույն ենթակառուցվածքներ պետք է իրենց համար ապահովենք»։

Անդրադառնալով հարցին, որ Երեւանի մայթերը զավթված են, ի՞նչ տարբերակ են առաջարկում, Ավինյանն ասաց․ «Եկեք այդտեղ էլ ծուռը նստենք, դուզ խոսենք, այդ մայթերն ո՞ւմ կողմից են զավթված։ Էլի երեւանցիներիս կողմից են զավթված։ Վերջին մեկ տարվա ընթացքում ավելի շատ կրպակներ են քանդվել մայթերի վրայից, քան դրան նախորդած 4 տարիների ընթացքում։ Վերջին մեկ տարվա ընթացքում ավելի շատ հնաոճ սրճարաններ, մսի պասաժներ, «պեռաշկիանոցներ» են հանվել այգիներից, քան դրան նախորդած 4 տարիների ընթացքում։ Եվ հենց այդ ուղղությամբ ենք մենք շարժվում»։

«Այո, երեւանցիներն այդ գիտակցումն ունեն, որ մեզ այլեւս մայթերի վրա կրպակներ պետք չեն, մեզ էդ հնացած կաֆեները այգիներում պետք չեն, մեզ պետք են բարեկարգված այգիներ։ Հետեւապես 15 այգիներում մենք իրականացնում ենք բարեկարգման աշխատանքներ։ Կրկին ասում եմ եւ պատասխանատու եմ ասում՝ աննախադեպ ծավալների։ Եվ այս աշխատանքներն իրականացնելու համար ընդամենը երկու բան էր պետք՝ լսել մարդկանց, հասկանալ իրենց խնդիրները, հասկանալ ինչ են մեզ ասում, եւ դա իրականացնելու կամք»,- հավելեց Ավինյանը։

Նա նշեց նաեւ, որ այս փուլում ապամոնտաժում են այն բենզալցականները, որոնք չունեն համապատասխան փաստաթղթեր։ Բոլոր այն օբյեկտները, որոնք սեփականության կամ վարձակալության փաստաթղթեր ունեն, երկրորդ փուլով են անդրադառնալու դրանց։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031