«Վերջին մեկ տարվա ընթացքում ես Երեւան քաղաքում իրականացրել եմ շրջայցեր եւ շատ խնդիրներ ինքս ինձ համար բացահայտել եմ հենց այդ շրջայցերի ժամանակ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, որը նախընտրական քարոզարշավը շարունակում է Էրեբունի վարչական շրջանում։
«Եվ այն խնդիրները, որոնք երեւանցիները մեր առջեւ դրել են, մենք բացի նրանից, որ լուծումներ ենք տվել դրանց, նաեւ մեր ծրագրում դրանց ամբողջական համակարգային լուծումներն ենք առաջարկել։ Իսկ այն, ինչ մենք առաջարկում ենք, այն հիմնադրույթը, որն առաջարկում ենք, ասում ենք՝ ասեք մեզ եւ մենք դա կանենք։ Իրականում պահանջը պետք է լինի երեւանցուց։ Ցավոք սրտի՝ մենք դեռեւս խոսում ենք այն մինիմալ խնդիրների մասին՝ կոյուղու, մանկապարտեզի, այգու բարեկարգման, մարդավայել նվազագույն պայմանների մասին»,- ասաց Ավինյանը։
Լրագրողները բարձրաձայնեցին Երեւանում խմելու ջրի հարցը, Ավինյանն ի պատասխան ասաց․ «Իրականում մեր տանը նույն խնդիրն է։ Այս հարցը մեր տիրույթում չէ, բայց ես երեկ էրեբունցիներին խոստացել եմ, որ նույնիսկ եթե այդ խնդիրը մեկ այլ մարմին չկարողանա լուծել, ես պատասխանատու հայտարարում եմ, որ մենք այդ խնդիրը կլուծենք»։
Լրագրողի հարցին՝ եթե դուք անգամ ձեր տան ջրի խնդիրը չեք կարողանում լուծել, քաղաքի ջրի խնդիրն ինչպե՞ս եք լուծելու, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Այդ մանիպուլյացիաները պետք չէ անել, Վեոլիա ջուրն է պատասխանատուն։ Դա մաքուր մանիպուլյացիա է։ Մենք Վեոլիա ջրի հետ ունեցել ենք քննարկումներ առաջին հերթին կոյուղագծերի եւ ամբողջ ենթակառուցվածքների հիմնանորոգման հետ կապված։ Վեոլիա ջուրը շատ արդարացի ասում է, որ ինքը սահմանափակված է տարեկան ներդրումներ իրականացնել իքս չափով, որը բավական փոքր գումար է։ Եվ դա ամբողջ ջրագծերի փոփոխման համար բավարար գումար չէ։ Բայց նաեւ Վեոլիա ջուրը պետությանը տարեկան վճարում է վարձավճարներ՝ մոտավորապես 9-10 մլրդ դրամի չափով։ Լուծելու ենք հենց այդպես, խոսելու ենք կառավարության հետ, եւ այն գումարները, որոնք կառավարությունը ստանում է ջրագծերի վարձակալության համար, պետք է հետ ուղղվեն այդ ջրագծերի կառուցման ու վերակառուցման համար։ Եվ դա իրագործելի խնդիր է, ես վստահ եմ, որ դա իրականացնելու ենք, ինչպես կառավարության հետ համատեղ իրականացրել ենք շատ այլ ծրագրեր։ Ամենակարեւոր բանը, որ վերջին 1-1,5 տարում վերականգնել է քաղաքապետարանը, կառավարության, նախարարությունների հետ միասնական, մեկ օրակարգով աշխատանքն է»։
Կարդացեք նաև
Ըստ Ավինյանի՝ կա խնդիր, որը պետք է լուծել համակարգային ձեւով։ «Եթե երեւանցիները մեզ ասում են՝ լուծեք այս խնդիրը, մենք չենք փորձելու արդարացումներ գտնել, որ դա մեր պատասխանատվությունը չէ, կառավարությանն է, Վեոլիա ջրինն է»,- հավելեց նա։
Ավինյանը նշեց, որ Երեւանը հիմա մեծ շինհրապարակ է դարձել, բնական է, որ մարդիկ բողոքում են, բայց դա տալու է իր կոնկրետ արդյունքը։ «Կառուցվում են կոյուղագծեր, կառուցվում են մանկապարտեզներ, կառուցվում են այգիներ, դպրոցներ, եւ այդպես շարունակ»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ