Հայրենազրկման հեղինակը չի կարող բանակցել Արցախի համար
Կառավարության նիստում երեկ հրեշավոր գաղափար է հնչել. «մշակվում են ծրագրեր՝ Լաչինի միջանցքը միակողմանի բացելու վերաբերյալ…»։
Սա հենց այն է, ինչը կոչվում է հայրենազրկում, էթնիկ զտում։
Հարց. որտե՞ղ է մշակվում այդ ծրագիրը։ Ադրբեջանո՞ւմ։ Բա ո՞նց էիր այդ երկրի կազմում Արցախը ճանաչում։ Չէի՞ր հասկանում, որ ամիսներ հետո սա է լինելու։ Տասնյակ մարդիկ հրապարակայնորեն զգուշացրել են դրա մասին։
Կարդացեք նաև
Թե՞ այդ ծրագրերը մշակվում են միջնորդ երկրներում, որոնք մի պահից սկսած անընդհատ շեշտում են, որ Ն. Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։
Հ1 նայող ժողովրդին պարզ պետք է ասել, որ միջազգային բոլոր հեղինակավոր լրատվամիջոցներում և զեկույցներում, նույնիսկ՝ հայամետ, արդեն 7-8 ամիս է՝ հստակ նշվում է, որ Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։
Ու հնարավոր հայրենազրկումը, որի շեմին ենք մենք, սկսվել է հենց այդ բանավոր ճանաչումից հետո։ Ու Արցախի շրջափակումը սկսվել է հենց այդ ճանաչումից հետո։
Իրավիճակը փոխելու մեկ հնարավորություն կա՝ փոխել բանակցությունների բովանդակությունը։ Սա հնարավոր է միայն մեկ դեպքում՝ փոխել բանակցողին։ Երբ ասում են, որ շրջափակման և Արցախի պահպանության բանալին Երևանում է, հենց սա նկատի ունենք։ Փոխել բանակցողին՝ նշանակում է զգուշորեն փոխել բանակցությունների ընթացքը, թույլ չտալ պատերազմ և թույլ չտալ հայրենազրկում։
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խումբ