Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պատկերացնենք եւ հասկանանք, թե ինչ է օջախի ծուխը ծխեցնելը կամ հանգցնելը

Օգոստոս 25,2023 13:00

Հուլիսի 26-ին Անդրանիկ Մանուկյանն ընդդեմ «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի՝ սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին թիվ ԵԴ/23833/02/22 քաղաքացիական գործով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը ավարտեց բողոքի քննությունը, մասնակի բավարարեց Մանուկյանի ներկայացուցչի բողոքը, շինարարություն իրականացնող ընկերությանը արգելեց Մանուկյանի սեփական տարածքում իրականացնել շինարարություն: Ստացվեց, որ այս պահին կա երեք տարբեր որոշումներ. արգելել շինարարությունը, թույլատրել շինարարությունը, մասնակի թույլատրել շինարարությունը… Ներկայացնում ենք սիրված մտավորականի խոսքը:

Իրականում երկիրը, պետությունն ու պետականությունը հատուկ խորհուրդ եւ իմաստ ունեն, բայց…։ Ցավում եմ, որ բոլոր ժամանակներում իշխանավորը, ղեկավարը կամ առաջնորդն անտեսում է իրեն վերաբերող պատասխանատվությունը, եւ պատասխանատվության չենթարկվելով, առիթից օգտվելով, անում է այն, ինչ ցանկանում է։ Քանի որ բոլոր տեսակի օրենքները գրված են հօգուտ իրենց, անձեռնմխելի են եւ ապահովված մինչեւ կյանքի վերջ, վստահ են, որ չեն պատժվելու։ Ասում են՝ մարդը բարձրագույն արժեք է, օրենքը բոլորի համար հավասար է եւ մարդու համար առաջնայինը կյանքի անվտանգությունն է։ Իրականում բարձրագույն արժեքը խաղաղ կյանքն է՝ մարդու, բնության եւ Արարչի մեկտեղումով։ Ճշմարիտ է, բայց արի ու տես, որ մեզ ի վերուստ տրված է կյանքը, թեեւ ապրում ենք, իրական չէ։ Բոլորը պահանջում են, պարտադրում, զրկում, բռնանում, անտեսում, քննադատում։ Իրենք ճշմարիտ են այս ամենն անելիս, իսկ իրենցից ո՞վ է պահանջում։ Ենթական, որ վախի մեջ է ապրում, կախում ունեցո՞ղը, մուրացկանի հոգեբանությամբ ապրո՞ղը, կամ գուցե ստրո՞ւկը։ Ինձ համար պետական համակարգը հանցագործ մաֆիա է, որը կարող է գործել ճիշտ, օրինակելի կամ էլ հանցավոր համաձայնությամբ։ Ժողովուրդն ասում է, որ ձուկը գլխից է հոտած, իսկ Ավետարանն ուսուցանում է, որ մարդիկ գործերով են ի հայտ գալիս, բարի կամ չար։

Անդրադառնամ իմ ապրած կյանքին, որպես օրինակ, միասին պատկերացնենք եւ հասկանանք, թե ինչ է օջախի ծուխը ծխեցնելը կամ հանգցնելը։ Նախ ասեմ, որ ես տուն եմ կառուցել, ընտանիք ստեղծել, հոգեւոր եւ մշակութային կյանքով ապրում եմ։ Դա փաստ է։ Պետության հետ կապված բոլոր հարկային տուրքերը, պարտք ու պահանջները օրինական կատարել եմ շուրջ 40 տարի։ Ավետարանն ասում է, որ մարդիկ գործերով են ի հայտ գալիս, իսկ ժողովուրդն ասում է, որ անառակինը եւ հանցագործինը 40 օր է: 1988թ.-ի անկախությունից սկսած մեր պետությունը ցանկանում է կարգ ու կանոնի մեջ ապրել, ինչին համամիտ եմ եղել եւ գործել ու ապրել եմ այդպես։ Ես այդ մարդկանցից մեկն եմ, ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ ցանկությունը, պարկեշտ, առաքինի կյանքը մի բան է, նյութապաշտության մեջ չբավարարվելով՝ այլասերվելն այլ բան։ Ոչինչ, որ դու քո անձն ես փչացնում, ամբողջ ցավը, վտանգն ու տառապանքն այն է, որ քո վարքով վատ օրինակ ես դառնում, գայթակղություն՝ դիմացինի համար։

Միշտ աշխատել եմ, որ իմ եւ պետության հետ կապված խնդիրները լուծում ստանան օրենքով՝ կարգ ու կանոնով։ Իրականում պարզվում է, որ օրենքն ու կարգը իշխանավորինն է, որն ունի պետական լծակներ։

Ազգային ժողով, կառավարություն, հարկադիր մարմին, քաղաքաշինության կոմիտե, հրշեջ տեսչական մարմին, քաղաքապետարան, մարդու իրավունքներ, դատարան…նրանք գործում են օրենքով։ Կա «ՀՀ քաղաքաշինության մասին» օրենքը, որտեղ իրավունքների մասին գրված է կետ առ կետ։ Այն անտեսվում է ամբողջությամբ։ Փաստացի կա իմ տունը, որպես մշակութային օջախ, որում ապրում եմ եւ դասավանդում սերունդներին։ Սա չեք կարող հերքել։

Պետական բոլոր գործող մարմինները մտածում եւ գործում են պետության եւ հասարակության ներքին կամ արտաքին անվտանգության շահերից ելնելով։ Փաստացի կան այս բոլոր ինստիտուտները, գրագետ պրոֆեսիոնալ մասնագետները, որոնք մինչ հանցանք գործելն անցկացրել են համալիր փորձաքննություն։ Ո՞րն է համալիր փորձաքննության իմաստը, եթե անտեսվել է իմ փաստացի ապրելու տեղն ու միջավայրը։ Մարդու հույսը, հավատը եւ փրկությունը փաստացի դատարանն է եւ որոշ դատավորներ։ Սխալվում եք, եթե այդպես եք մտածում, քանի որ դատավորն էլ փաստացի առաջնորդվում է նյութապաշտ մասնագետների, փաստաբանների եզրակացության հիման վրա եւ խաղում է իր դերը բառախաղերով։ Օրինակ, հանցանքը կանխելու փոխարեն մեկին տանջամահ է անում, մյուսից ակնկալիքներ սպասելով, որոշում է կայացնում։ Շինարարը նյութական վնաս է կրում, մի այլ դատավոր ասում է, որ ես լավ մշակույթի գործիչ եմ, շատ ափսոս է, բայց ոչինչ անել չի կարող։ Իմ անձը փրկելու համար, առաջարկում են ինձ կտրել իմ բնօրրանից եւ փոխհատուցում հատկացնել, մինչդեռ գողին կամ հանցագործին բերել ենք դատարան հանցանքը կանխելու համար։ Դատավորն էլ հասկանալով նյութապաշտության ուժի չափը եւ խնդրին այդ կերպ մոտեցումը, որոշում է կայացնում՝ ինձ ափսոսելով, կառուցել շենքը մասնակի։

Այդպես է վարվում նաեւ հարեւան Ալիեւը։ Նա հնարավորություն է տալիս հայերին, որ ապրեն Ադրբեջանի կազմում կամ էլ լքեն իրենց բնօրրանը։ Մի այլ դատավոր վարույթ է վերցնում գործը, որ դատավարություն սկսի, բայց տասը օր անց հետ է վերցնում որոշումը, առանց երկու կողմերին լսելու, հիմնվելով միայն մի կողմի փաստերի վրա, ասում է, թե՝ շինարարը նյութական վնաս է կրում։ Ես խոսում եմ փաստից եւ փաստերով, դատավորը՝ նյութից։ Մի այլ դատավոր դադարեցնում է շինարարությունը, գնում արձակուրդ, փոխարինող դատավորը նորից որոշում է կայացնում դադարեցնել շինարարությունը, նորից բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանը հաստատում է առաջին ատյանի որոշումները։ Շինարարների բողոքարկելուց հետո առաջին ատյանի նույն դատավորը, որը կասեցրել է շինարարությունը ինձ շատ սիրելով ու հարգելով հանդերձ, ինձ չնեղացնելով շինթույլտվություն է տալիս, հերքելով իրեն փոխարինող դատավորին եւ վերաքննիչի երեք դատավորի, նշելով, որ ինքը վերջին պահին է հասկացել, որ շինարարը նյութական վնաս է կրում։ Դուք պատկերացրեք, թե ինչպիսին են մեր երկրի արդար դատավորներն ու նրանց դատավարությունները։ Ես ամենապարզ ու ճշմարիտ զոհն եմ, որտեղ արդարության ու արդարադատության մեջ գործում է անձնական եսը եւ շահը, որին մի պարզ բառով անվանում են նյութապաշտություն։ Առիթը կա օգտվելու եւ սնվելու, կարո՞ղ ես զուսպ լինել։ Նվիրյալներին խոսքս չի վերաբերում։ Ես խոսում եմ փաստից՝ փաստերով, իսկ գործին առնչվող մարդիկ՝ փաստերը շրջանցելով։ Սայաթ -Նովան ասում էր, որ «Զորն անզորին կերել է», իսկ Ջիվանին ասում էր՝ «աշխարհիս ընթացքի վրա ես կխնդամ, սիրտս կուլա»:

Ինձ համար ամենահեքիաթային աշխարհներից մեկն էլ այն է, որ բոլոր մարդկային մասնագիտությունները ընդունում եւ հասկանում եմ, բայց իրավաբանական իրավունքի մասնագետին, որին դատավոր են անվանում, չեմ հասկանում։ Ինձ համար տիեզերքը փուլ է գալիս։ Ըստ իրավունքի կրթություն ստացած մասնագետի ես կլինեմ որակյալ կամ անորակ, բայց ոչ մի մարդ արարած դեռ աշխարհի արարման դեմ չի կարողացել գնալ, քանի որ բոլորն էլ մահկանացու են եւ երկնավոր…։

«Մի դատիր, որ չդատվես». ամբողջ աշխարհի ողբերգությունը սարքված կեղծիքների մեջ է։ Որովհետեւ չեն կիրառվում Արարչագործության կանոնները։ Մարդիկ գործերով են ի հայտ գալիս։ Եթե դատավորը կամուկացով, բառախաղերով, դերասանական վարպետությամբ է դատական նիստերը երկարատեւ ժամանակով ձգձգում, իմացեք, որ այդ գործերն ավարտվում են ի վնաս արդարության։ Այդպես է լինելու, քանի դեռ կա մարդկային գործող ուժը, ապրելու կարիքը, աշխատանքից ազատվելու վերադասի վախը եւ անձնական շահը։ Ասելիքս նվիրյալներին չի վերաբերվում։

ԱՆԴՐԱՆԻԿ սարկավագ ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031