Օգոստոսի 24-ին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի երկրորդ նիստը՝ ուղղված հրդեհների կանխարգելմանը:
Նիստին մասնակցում էին ՆԳՆ փրկարար ծառայության, ինչպես նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Աշխատանքային խմբի ղեկավար, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը նշել է, որ առաջին հանդիպումից մինչ օրս իրականացվել են անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման ու հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքներ։
Փրկարար ծառայության կողմից հանրային իրազեկման աշխատանքներում ներգրավվել են 643 օպերատիվ խմբեր՝ ընդհանուր 1504 փրկարարական ծառայողներով։ 5751 օբյեկտներում ու անտառամերձ հանրային վայրերում իրականացվել են հանրային իրազեկման աշխատանքներ, փակցվել է 8436 պաստառ՝ հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ։ Անտառամերձ տարածքներում կազմակերպվել է հերթապահություն՝ 816 փրկարարական ծառայողներով։
Կարդացեք նաև
Նիստի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները․ մարզային այցելություններ, հրդեհների արձագանքման նախապատրաստական աշխատանք անտառտնտեսություններում, տեղերում անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհի արձագանքման պլանների ստուգում, քարոզչություն։ Նաև սահմանվել են հերթապահություններ, հանդիպումներ են տեղի ունեցել ՏԻՄ-երի ղեկավարների հետ և այլն:
Հատուկ անդրադարձ է կատարվել նաև անտառամերձ հատվածներում փայտածուխի արտադրամասերի գործունեությանը: Առաջարկվել է առկա օրենսդրական դաշտի սահմաններում դրանք տեղափոխել անվտանգ տարածքներ:
Քննարկման ընթացքում որոշվել է նաև ավելի ակտիվացնել հանրային իրազեկման, հերթապահության և մշտադիտարկման ուղղությամբ համատեղ միջոցառումները:
ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ