Հուլիսի 21-ին «Ազգ»-ում «Պաշտոնական Բեռլինից ակնկալում ենք «Լյուֆթբրյուքե Ստեփանակերտը» կյանքի կոչել» վերնագրով մեր հոդվածի վերջաբանում ընդգծել էինք՝«այս պահին ազնիվ կլինի, եթե Բեռլինը պնդի մարդասիրական օդային հաղորդակցությամբ Ստեփանակերտ սնունդ եւ դեղորայք առաքելու հրատապությունը: Երկրորդ աշխարհամարտի պատճառով երկու բեւեռների միջեւ բաժանված Բեռլինը տեսել եւ մինչ օրս պատմում է այդ մարդասիրական «Լյուքթբրյուքե Բեռլինի» մասին: Հենց այդպիսի օդային կամուրջ՝ «Լյուֆթբրյուքե Ստեփանակերտը» պիտի կյանքի կոչի պաշտոնական Բեռլինը, որ բարոյական իրավունք ունենա հայ-ադրբեջանական հակամարտության մեջ միջնորդ լինել»:
Ուրախ ենք փոխանցել, որ գերմանացի մեր գործընկեր Թոբիաս Էսսերը (Tobias Eßer) օգոստոսի 20-ին նույն բանի անհրաժեշտությունն է տեսնում: t-online հարթակում օգոստոսի 22-ին հեղինակն իր կարծիքն է հրապարակել, նաեւ սուր քննադատել դաշնային կառավարության խոսնակի պատասխանը: Էսսերը հիշեցնում է, որ այս պահին, երբ Արցախում վտանգված է մարդկանց ճակատագիրը, արտգործնախարար Բերբոքը պիտի ցույց տա, որ իր՝ «արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականություն» արտահայտությունը բառերի դատարկ պարկուճ չէ: Փոխարենը ՝ լռություն է տիրում: Սա ամենից առաջ մեկ բան է՝ անպատասխանատվություն» գրում է Էսսերը: «Դաշնային կառավարությունը չպետք է աչք փակի, երբ ցեղասպանություն է սպառնում: Այս պարագայում իհարկե, չպետք է ակտիվացնի հարաբերությունները Ադրբեջանի ռեժիմի հետ», – գրում է հեղինակը՝ շեշտելով. «Հատկապես այն ժամանակ, երբ արտաքին քաղաքականության հենարանն արժեքն է հռչակում»:
Էսսերը Գերմանիային հիշեցնում է հայացք նետել սեփական պատմությանը: Երբ 1948 թվականին խորհրդային օկուպացիան փակեց մուտքը դեպի Արեւմտյան Բեռլին, դաշնակից Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան օդային կամրջի միջոցով մատակարարումը հասցրին Արեւմտյան Բեռլին: Թերեւս ժամանակն է նման օդային միջանցքի ստեղծումը, եւ այդպիսով բարելավել մատակարարման իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, մինչեւ դիվանագիտական լուծումը հասանելի լինի»,- գրում է Թոբիաս Էսսերը:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: