Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Մարությանը քաղաքապետ ընտրվեց, այդ օրվանից սկսեց իմ զանգերին չպատասխանել. Ռոբերտ Նազարյան. «Հրապարակ»

Օգոստոս 25,2023 10:53

Զրուցել ենք 2001-2003 թթ․ Երեւանի քաղաքապետ աշխատած Ռոբերտ Նազարյանի հետ:

– Իսկ ի՞նչ կասեք թեկնածուների մասին` Տիգրան Ավինյան, Հայկ Մարության, Մանե Թանդիլյան եւ այլք:

– Հայկ Մարությանի մասին կարող եմ միայն խոսել: Երբ Մարությանը քաղաքապետ ընտրվեց, այդ օրվանից սկսեց իմ զանգերին չպատասխանել: Ես իրեն շատ կարեւոր բան ունեի ասելու, մեկ ամիս շարունակ զանգահարեցի իրեն, բայց այդպես էլ ոչ մի զանգիս չպատասխանեց: Իսկ ես սովորական քաղաքացի չէի…. դե, եթե անգամ իմ զանգերին չի պատասխանում, երեւանցիների հետ էլ չի շփվի, ի՞նչ քաղաքապետ երեւանցիների համար: Իսկ ես ուզում էի որոշակի հարցեր քննարկել նրա հետ, որպես ոլորտում փորձառու մարդ, բայց նա այդպես էլ չխոսեց:

– Երեւանի քաղաքապետ շատերն են ցանկանում դառնալ: Թեկնածուներն այնքան շատ են, որ անգամ նրանց անունները հաճախ չենք կարողանում մտապահել: Այդքան հե՞շտ է մայրաքաղաք կառավարելը:

– Ես մինչեւ Երեւանի քաղաքապետ դառնալը տարբեր աշխատանքներ եմ տարել, նախ՝ Երեւան քաղաքի կապիտալ շինարարության վարչության պետն եմ եղել, հետո եղել եմ Երեւանի գործկոմի նախագահի տեղակալը` չորս տարի շարունակ, դրանից հետո նախարար եմ աշխատել: Նախքան գործկոմում աշխատելն էլ ղեկավարում էի հսկայական շինարարական ընկերություն` Երեւանի տնաշինական կոմբինատը, որտեղ աշխատում էր ավելի քան 2 հազար 700 մարդ: Ունեինք մեր նախագծային ինստիտուտը, ունեինք նաեւ շինինդուստրիայի երկու գործարան, կազմակերպություններ, որոնք շենքերը հանձնում էին բնակիչներին: Այդ շենքերն այսօր կազմում են Երեւանի բնակֆոնդի 14 տոկոսը: Ասեմ ավելին` այդ շենքերն այսօր ամենասեյսմակայունն են: Ինչ եմ ուզում ասել, որ անգամ այդ փորձից հետո ինձ համար դժվար էր Երեւանի պես քաղաք ղեկավարելը, որովհետեւ այն ուներ, այսօր էլ ունի բազում խնդիրներ, որոնք կանոնակարգելու համար նախ պետք է դրանց խորքային ծանոթ լինել: Պետք է ճիշտ կադրային ընտրություն լինի: Քաղաքապետ աշխատելը շատ բարդ է, այն ժամանակ էլ շատ բարդ էր, չկար բյուջե, ունեինք մեծ պարտքեր, մանկավարժները մոտ ութ ամիս աշխատավարձ չէին ստացել, ես որ նշանակվեցի քաղաքապետ, անգամ շենքի հոսանքն էին պարտքի պատճառով անջատել:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031