Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում կրքերը թեժանո՞ւմ են, թե՞ հանդարտվում

Օգոստոս 25,2023 10:40

«Վստահ եմ, որ ռուսական կողմին ձեռնտու չէ, որպեսզի Ակնայով ճանապարհ բացվի, որովհետեւ իրենք շատ լավ հասկանում են, որ դա եւս մեկ քայլ առաջ է՝ դեպի, այսպես կոչված, ինտեգրում, իսկ ՌԴ-ին այդքան էլ ձեռք չի տալիս, որ արցախահայերը ինտեգրվեն Ադրբեջանին եւ այս կոնֆլիկտն ընդհանրապես մարի: Համենայնդեպս, կոնֆլիկտի առկայությունն իրենց ձեռնտու է». «Առավոտի» զրուցակիցն է Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանը:

– Կմանրամասնե՞ք, ի՞նչ է կատարվում Արցախի ներքաղաքական կյանքում. վերջին օրերի լարվածությունը պահպանվո՞ւմ է, թե՞ հանգուցալուծումներ են գտնվել:

– Գիտեք, զուտ ներքաղաքական առումով արտառոց լարվածություն չի էլ եղել: Ուղղակի, Արցախի նախագահը որոշել էր հրաժարական տալ, հետո, հավանաբար, ինչ-որ բան է փոխվել՝ կամ ճնշում է եղել, կամ՝ ինքն է մտքափոխվել, կամ՝ շրջապատի մարդիկ ասել են՝ ինչո՞ւ ես հրաժարական տալիս, եւ որպեսզի ինքը կարողանար իր հրաժարական չտալն ինչ-որ ձեւ ներկայացներ, բացատրեր եւ անցկացներ՝ կազմակերպեց Կարեն Մաթեւոսյանի  (վերջինս 44-օրյա պատերազմից հետո ստեղծված Արցախի աշխարհազորի ղեկավարն է: Աշխարհազորայինները օրերս հարձակվել էին խորհրդարանի շենքի վրա եւ  պատասխան էին պահանջում այն գործիչներից, ովքեր Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում.-Ն. Գ.) ներկայացումը: Այդ ընթացքում, Ռուբեն Վարդանյանը հանդես եկավ հրապարակումով՝ քննադատելով Արայիկ Հարությունյանի վարքագիծը: Բայց, որ ասենք՝ քաղաքական ճգնաժամ կա, ինչ-որ կուսակցություններ դուրս են եկել խորհրդարանից՝ իշխող կուսակցության դեմ, իշխանափոխության են ձգտում, այդպիսի ոչինչ չկա: Ավելի շատ՝ փոթորիկ՝ մեկ բաժակ ջրում:

– Այսինքն, խոսակցությունների ու հայտարարությունների, այսպես ասենք, ձայնն ավելի՞ բարձր է, քան իրականում, գործողությունների մակարդակում առկա իրողություննե՞րը:

– Գործնականում որեւիցե բան չկա եւ այդ ամենն էլ զուտ Արայիկ Հարությունյանի պահվածքից է գալիս: Ինքը, օրինակ, նույն հաջողությամբ կարող էր այն միջավայրում, որտեղ որ խոսել էր իր հրաժարականի մասին, ասել, որ հանգամանքներ են փոխվել ու հիմա նպատակահարմար չի գտնում հրաժարական տալ. եւ, որեւիցե բան չէր լինի:

– Իսկ ԱԺ նախագահ ընտրված Դավիթ Իշխանյանի դեմ սկսված արշավի մասին ի՞նչ կասեք: Նույն Կարեն Մաթեւոսյանը սպառնաց, պիտակավորեց, Արայիկ Հարությունյանի շրջապատից Տիգրան Պետրոսյանը նույնպես սպառնալիքներ ու քննադատություն հնչեցրեց:

– Ոչ թե Դավիթ Իշխանյանի դեմ էր, այլ, պարզապես, Կարեն Մաթեւոսյանը, որպեսզի կարողանա պաշտպանի նախագահին, պիտի թիրախ գտներ, այլապես ումի՞ց պետք է պաշտպաներ ու ընտրել էր ԱԺ-ն: Իսկ Կարեն Մաթեւոսյանն այն մակարդակի մարդ է, ով կարծում է, որ ԱԺ «դիրեկտորը» ԱԺ նախագահն է: Ու որպես թիրախ ընտրվեց Դավիթ Իշխանյանը կամ ԱԺ-ն, որովհետեւ փողոցում, այսպես ասած, հանդես եկողները Արայիկ Հարությունյանի հրաժարական չեն պահանջում: Երեք ընդդիմադիր ուժերն են՝ ՀՅԴ, «Արդարություն» կուսակցություն եւ Արցախի ժողովրդավարական կուսակցություն, որ ժամանակ առ ժամանակ խոսում են Արցախի նախագահի փոփոխության մասին: Դավիթ Իշխանյանն ուղղակի հայտնվեց կիզակետում. Դավիթ Իշխանյանի անձի, նրա ԱԺ նախագահ լինելու հետ կապված, կարծես որեւէ մեկը որեւէ խնդիր չունի:

Հաշվի առնելով նաեւ Արցախի  իրավիճակը, այդ իրադարձությունները մեծ հնչեղություն ստացան, բայց գրեթե նույնաբովանդակ պատմություն եղավ նաեւ հունվար ամսին, որն այդքան մեծ հնչեղություն չստացավ:

– Իսկ Ակնայով բեռների տեղափոխման մասին խոսակցությունները իրականության հետ ի՞նչ աղերս ունեն: Արայիկ Հարությունյանը համաձայնություն տվե՞լ է:

– Առաջարկ իրականում կա, բայց համաձայնություն Արայիկ Հարությունյանը չի տվել ու չի էլ ցանկանա տալ, որովհետեւ ինքն էլ է շատ լավ հասկանում, որ դա նշանակում է Արցախի սուբյեկտայնության իջեցում, իսկ մեծ հաշվով, Արցախի սուբեյկտայնության իջեցման կրողն ինքն է: Այսինքն, այսօր Արցախի Հանրապետությունում ամենաշատն Արայիկը չի ցանկանա, որ ԱՀ-ն նախագահ չունենա: Դրա համար, ինքը կուզենա, որ Ակնայի ճանապարհը չբացվի, բայց ուզենալը եւ կարողանալը տարբեր բաներ են, քանի որ ինքը գտնվում է երկկողմանի ճնշումների տակ. մի կողմից՝ Արեւմուտք-Նիկոլ Փաշինյան-Ադրբեջան, մյուս կողմից՝ 120 հազար սոված ժողովուրդ:

– ՌԴ-ն էլ է կողմ այդ ճանապարհի բացմանը, այդ մասին նախ Սերգեյ Լավրովը խոսեց, ապա ՄԱԿ-ի ԱԽ նիստում ՌԴ ներկայացուցիչը:

– ՌԴ-ի հետ կապված շատ հակասական են տեղեկությունները: Արայիկ Հարությունյանը ներկայացնում է, որ ռուսական կողմը նույնպես համաձայն է Ակնայով ճանապարհի բացմանը, բայց ոչ հրապարակային  խողովակներով, համենայնդեպս, որոշակի ուղերձներ են գալիս, որ դա ՌԴ-ի ուզած տարբերակը չէ: Նաեւ մի երկու ամիս առաջ, երբ խորհրդարանի խմբակցությունների ղեկավարները Լենցովի հետ հանդիպել են եւ հարց են տվել՝ արդյո՞ք ռուս խաղաղապահ զորակազմի՝ Ակնայից սպասարկվելու հարց կա, ինքը բացասական է արտահայտվել եւ վստահեցրել, որ իրենց օրակարգում նման հարց չկա, իրենք սպասարկվելու են 102-րդ ռուսական ռազմաբազայից:

– Այսինքն, ՌԴ-ի հրապարակային, պաշտոնական արտահայտվող դիրքորոշումը չի՞ համընկնում իրական ցանկությունների եւ գործողությունների հետ:

– Այո, իհարկե: Ես չեմ կարծում, որ օրինակ, նույն ռուսական կողմը կարողանա պաշտոնապես ասել, որ Ակնայի ճանապարհը չբացեք, որովհետեւ դա երրորդ կողմի համար ոչ ճիշտ վարքագիծ է: Դա, մեծ հաշվով, նույնն է, որ ՌԴ-ն ասի՝ ԱՀ-ն ճանաչեք: Բնական է, որ հրապարակային, իրենք ընդհանուր խոսույթը վերցնելու են նույնը, ինչ-որ մյուսները եւ ինչը որ տեղի ունեցավ ՄԱԿ ԱԽ նիստում. մի տարբերությամբ, որ մեկն ասում էր՝ երկուսն էլ ճանապարհ են՝ օգտագործեք, մյուսն ասում էր՝ մեկը մյուսին չի կարող փոխարինել եւ այլն, բայց, ներքուստ, կարծում եմ, ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ ռուսական կողմին ձեռնտու չէ, որպեսզի Ակնայով ճանապարհ բացվի, որովհետեւ իրենք շատ լավ հասկանում են, որ դա եւս մեկ քայլ առաջ է՝ դեպի, այսպես կոչված՝ ինտեգրում, իսկ ՌԴ-ին այդքան էլ ձեռք չի տալիս, որ արցախահայերը ինտեգրվեն Ադրբեջանին եւ այս կոնֆլիկտն ընդհանրապես մարի: Համենայնդեպս, կոնֆլիկտի առկայությունն իրենց ձեռնտու է:

Արայիկ Հարությունյանը, համոզված եմ, ներքուստ կցանկանա, որ Արցախի սուբյեկտայնության աստիճանը ոչ թե իջեցնի, այլ մի բան էլ բարձրացնի: Միեւնույն ժամանակ, 120 հազար սոված ժողովրդի ճնշմանը դիմակայելն էլ է բարդ: Դրա համար, ինքը չի ասում՝ ես համաձայն եմ, կամ՝ համաձայն չեմ: Ասում է՝ եկեք ազգովի որոշենք:

– Իսկ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությո՞ւնն ինչպես կմեկնաբանեք. պարզվում է՝ ՀՀ վարչապետը հավաստի տեղեկություն ունի, որ Ադրբեջանը միակողմանի բացելու է Բերձորի միջանցքը եւ միայն Արցախից ելք է թույլ տալու:

– Նիկոլ Փաշինյանը դարձել է Ալիեւի նարատիվները տարածող գործիք: Այն, ինչ Ալիեւի մտքում կա, ինքը բարձրաձայնում է եւ լրագրողական ժանրի մեջ: Իմիջիայլոց, նույն մակարդակի վրա է նաեւ Ակնայով բեռների տեղափոխման մասին խոսակցությունը, որովհետեւ որեւէ պաշտոնական հաղորդագրություն կամ տվյալ չկա: Նիկոլը, փաստորեն, Ալիեւի ցանկությունները վերբալացնում է, խոսում է դրանց մասին: Իրականության մեջ կա նման ծրագիր, Ալիեւը դա չի էլ թաքցնում, բայց դա Նիկոլի ասել-չասելու հետ կապ չունի: Պարզապես, Նիկոլը սկսել է Ալիեւին «սլիվ տալ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ.-1. Հարցազրույցն արդեն պատրաստ էր, որ տարածվեց  Արցախում իշխող «Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունը Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ: Սամվել Բաբայանի կուսակցությունն Արայիկ Հարությունյանից պահանջում է. «Հանրության սեփականությունը դարձնել ապագա նախագահի եւ կառավարության անդամների թեկնածության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հավուր պատշաճի գնահատել համաշխարհային տրամաչափի այդ քաղաքական դերակատարներին եւ վերջապես ի կատար ածել պադվալային պայմանավորվածությունները՝ պաշտոն ու ֆինանսական միջոցներ տրամադրելով վերջիններիս։ Առավելագույնս բարենպաստ միջավայր ստեղծել Արցախի՝ համախոհաբար ճյուղավորված քաղաքական քաղցկեղն առավել արմատավորելու համար, քանզի Արցախի փրկությունը Հայաստանում իշխանափոխության մեջ է, իսկ Հայաստանի փրկությունը՝ Արցախի ցեղասպանվող ժողովրդի պայքարի։ Արցախի ճակատագիրը շաղկապել վերոնշյալ քաղաքական շրջանակների հետ, որոնց 25-ամյա գործունեությունն ուղղված է Արցախի սնանկացմանը։ Օբյեկտիվ են գործող նախագահին ուղղված պահանջ-մեղադրանքները՝ իրենց գործունեության կամ անգործության արդյունքը՝ Արցախի հանձնման գործընթացը սեփականելու եւ միանձնյա տնօրինելու մեջ։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը ձեռնպահ է մնում ներարցախյան քաղաքական խմորումներից եւ դրանց գնահատական տալուց, քանի որ դրա գնահատականը օրեր անց գործնականում ժողովո՛ւրդը կտա»։

Հ.Գ.- 2. Ի դեպ, երեք օր առաջ «Միասնական հայրենիք-ՔՄԴ» իշխանական դաշինքի՝ Սամվել Բաբայանի կուսակցությունը ներկայացնող ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ  օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ այդ օրը չի կարող պատասխանել հարցին՝ ի՞նչ է կատարվում Արցախի ներքաղաքական կյանքում: Խոստացել էր հաջորդ օրը պատասխանել, երբ առավել տեղեկացված կլինի: Մինչ օրս, սակայն, պարոն Պետրոսյանը մեր զանգերին չի պատասխանում: Մարսել Պետրոսյանն իր ֆեյսբուքյան մի գրառման մեջ նման հարցեր էր հնչեցրել. «Ինչո՞ւ է անհանգստացել Ռուբեն Վարդանյանը, որ Արայիկ Հարությունյանը հրաժարվում է հրաժարական տալ: Ինչո՞ւ չի ուզում իրերը կոչել իրենց անվամբ ու պարզաբանել, թե Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո ստվերային իշխանությունը, որ բաղկացած է հիմնականում պաշտոնաթող նախկին չինովնիկներից, առանց ժողովրդի իմացության, ժողովրդի թիկունքում, ո՞ւմ են ծրագրել բրթել ու ամրացնել նախագահի բազկաթոռին: Ո՞րն է նման քայլի նպատակը, տրամաբանությունը, հեռանկարը: Ստացվում է, որ Արայիկ Հարությունյանը ինչ-որ քաղաքական խմբակի հույսերն ու ակնկալիքները չի արդարացրել»:

Երեկ մեզ նաեւ Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության անդամներից չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ սույն հայտարարության վերաբերյալ:

«Առավոտ» օրաթերթ
25.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031