Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե քննադատում եք Փաշինյանին, ուրեմն չեք կարող գնալ Հայաստան. Կոնստանտին Զատուլին. «Հրապարակ»

Օգոստոս 25,2023 10:23

Կոնստանտին Զատուլին, Անդրանիկ Միհրանյան, Արամ Գաբրիելյանով, Մարգարիտա Սիմոնյան, դաշնակցականներ Մուրադ Փափազյան, Արենի Մարկոսյան, Նժդեհ Գարագավորյան․ սա ոչ ամբողջական ցուցակն է այն անձանց, որոնք ելույթներ են ունեցել ի պաշտպանություն Արցախի ու Հայաստանի, քննադատել են Փաշինյանի կառավարությանը եւ անցանկալի անձ են ճանաչվել Հայաստանում։ Երեկ տեղեկացանք, որ արգելվել է նաեւ սոցիոլոգիայի դոկտոր, պրոֆեսոր, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը Հայաստան։

Զրուցեցինք ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինի հետ, որը եւս անցանկալի անձ է ճանաչվել։

– Ես ընդամենը կարող եմ ենթադրել, թե ինչու է դա արվել։ Ինչ վերաբերում է մուտքն արգելելու պաշտոնական հիմքերին, մեզ դրանք չեն հայտնում։ Չհաշված, որ երբ ինձ էր վերաբերում արգելքը, գիտեք` անցյալ տարի իմ մուտքն արգելեցին, իմ դեպքում փորձ արվեց ինձ, Մարգարիտա Սիմոնյանին կամ Արամ Գաբրիելյանովին ինչ-որ խոսքեր ու գործողություններ վերագրել, որոնք, իբր, վնաս են հասցրել, դիսկրեդիտացիայի են ենթարկել Հայաստանը եւ այլն։ Միանգամայն ակնհայտ է, որ դա գիտակցաբար արվող զրպարտություն է, որովհետեւ բոլոր այն անձինք, որոնց մասին մենք խոսում ենք այսօր, ներառյալ Կրիվոպուսկովը, տարիներ շարունակ ամեն կերպ, ուժերի ներածի չափով աջակցել են ռուս-հայկական հարաբերություններին։ Ակնհայտ է նաեւ պատճառը, թե ինչու են մեր մուտքն արգելել։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շրջադարձ է կատարում, ինչպես ասում են՝ գետանցման ժամանակ ձիեր է փոխում։ Այսինքն՝ չնայած այդ առիթով հնչող բառակույտին, դրա շուրջ ստեղծված մառախուղին՝ նա ձգտում է նախ վարկաբեկել Ռուսաստանը, ապա այդ հիմքով հարցականի տակ դնել երկու երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունները, գոյություն ունեցող պայմանավորվածությունները, ՀՀ մասնակցությունը ՀԱՊԿ-ում եւ այլն։ Իհարկե, պարոն Փաշինյանին եւ նրա թիմին պետք չեն վկաներ Հայաստանի ներսում, պետք չեն մարդիկ, որոնք հաճախ այցելելով Հայաստան, հանդիպելով Հայաստանում, պաշտպանեն իրենց տեսակետները։ Ահա ինչու, լինելով բարձր հարգի դեմոկրատ (կամ իսկական դեմոկրատ), Փաշինյանն այդ մարդկանց ուղղակի չի թողնում Հայաստան։

– Գիտեք՝ շատերը չեն կիսում ՀՀ իշխանությունների տեսակետները, եւ մուտքի արգելքի մասին հերթական լուրը շատերին զարմանալի է թվում։

– Ես ուշադիր կարդում եմ սոցցանցերը, ասել, թե ոչ ոք չի կիսում, չի կարելի։ Կան մարդիկ, որ կիսում են եւ խրախուսվում են, քաջալերվում։ Մեզ փորձում են ներկայացնել անհեթեթ, խելքից դուրս պահանջներ։ Ինձ, օրինակ, ասել են, որ ես պահանջել եմ ինչ-որ միջանցքների բացում, թեեւ իրականում ճիշտ հակառակ կարծիքով եմ հանդես եկել, որ ես կասկածում եմ ՀՀ կառավարությանը, որ նա պայքարում է հայ ժողովրդի շահերի համար։ Այս արգելքները մտցնողները մտածում են, ինչպես Լյուդովիկոս 14-րդը՝ պետությունը ես եմ։ Եթե քննադատում եք Փաշինյանին, ուրեմն չեք կարող գնալ Հայաստան։ Եթե ՀՀ-ում այդպես են համարում, ես ոչինչ չունեմ ասելու, բայց, իմ կարծիքով, Լյուդովիկոս 14-րդն իր երկարատեւ պատմական ճանապարհին ինչ-որ նվաճումներ ուներ։ Իսկ պարոն Փաշինյանի որեւէ նվաճում ես անգամ խոշորացույցով չեմ կարողանում հայտնաբերել։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031