Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Գիտելիքների եւ գաղափարների նման փոխհամագործակցությունը մեր ժողովրդին համախմբելու միջոց է»

Օգոստոս 25,2023 12:30

Հարցազրույց «Բալետ-2021» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, Գյումրիի «Խառատյան կատարողական արվեստի կենտրոն» ծրագրի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ

– Հարգարժան Լիլիթ, ընթացիկ տարվա սկզբին անդրադարձել էինք Գյումրիում ձեր հիմնադրամի նախաձեռնած «Խառատյան կատարողական արվեստի կենտրոնի» վերականգնման նախագծի ճարտարապետական դիզայնի կոնցեպտը International Design Awards-ում ոսկե մրցանակի արժանանալու փաստին։ Վերջերս ձեր կայքից տեղեկացանք, որ այդ նախագիծը եւս մեկ ձեռքբերում է գրանցել։ Խնդրում ենք մանրամասնել։

– Անցած շաբաթվա ընթացքում նախագիծը երկու կարեւոր ձեռքբերում գրանցեց, մեկը Մոնրեալում կայացած GRANDS PRIX DU DESIGN մրցանակաբաշխությանը եւս մեկ ոսկե մրցանակի արժանանալն է, որտեղ կարեւորվել է նախագծի դերակատարումը Գյումրի քաղաքը որպես մշակույթների խաչմերուկի, համաշխարհային մշակութային բնապատկերի միացման վայր հանդիսանալը, որի միջոցով Հայաստանը կերկխոսի աշխարհի հետ։

«Խառատյան կատարողական արվեստի կենտրոնի» ճարտարապետական հորինվածքը

– Նշեցիք, որ մրցանակաբաշխությունը կայացել է Մոնրեալում՝ Կանադայում։ Նախորդ հոդվածից մեր ընթերցողը հավանաբար կմտաբերի, որ նախագծի կոնցեպտը մշակել է կանադաբնակ անվանի ճարտարապետ Ազադ Շիշմանյանը (NEUF ճարտարապետական արվեստանոց) հայաստանյան «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի (համահիմնադիրներ՝ Մերուժան Մինասյան, Նարբեհ Պետրոսյան) հետ։ Արդյոք այդ մրցանակաբաշխությանը մասնակցում են միայն Կանադայում մշակված նախագծեր։

– Նախագիծը հիմնվել է 2007թ., Մոնրեալում, նպատակ ունենալով ճանաչել Քվեբեկի դիզայներների եւ ճարտարապետների գերազանցությունը, որոնք աչքի էին ընկնում իրենց բացառիկ գործերով։ 13 տարի մրցանակաբաշխությունը բաց էր բացառապես Քվեբեկի ընկերությունների համար, իսկ 2020-ից այն ձեռք է բերել միջազգային հեղինակություն եւ այլեւս բաց է աշխարհի համար։

Նշեմ, որ առաջին երեք միջազգային մրցանակաբաշխությունների ընթացքում ավելի քան 35 երկրի թեկնածուներ կարողացել են օգտվել այդ հնարավորությունից՝ միջազգայնորեն հայտնի դարձնելով իրենց աշխատանքները։ Այժմ մրցույթը ոչ միայն միջազգային ճանաչման, այլեւ առաջխաղացման հնարավորություններ է ստեղծում բոլոր գործընկերների, թեկնածուների, եզրափակչի մասնակիցների եւ, իհարկե, դափնեկիրների համար՝ ներառյալ հեղինակության ու ապրանքանիշի ճանաչման, հրապարակվելու, նոր շուկաներ հասնելու առումով։

– Ասացիք, որ երկու կարեւոր ձեռքբերում եք գրանցել, ո՞րն է երկրորդը։

– Կենտրոնն իր ենթակառուցվածքով, շրջակա հանրային այգով եւ տարբեր թիրախային խմբերի համար մշակութային, կրթական, փորձառական, մասնակցային ու քաղաքային զբոսանքի բազմազան ծրագրերով ընդլայնելու եւ բարելավելու է Գյումրիի զբոսաշրջության ոլորտը, մասնավորապես՝ մշակութային ստեղծագործական, ժամանցի ու գործարար զբոսաշրջությունը։ Կենտրոնը նպատակ ունի դառնալու արվեստի, կրթության, փորձարարության, գիտության, ստեղծարար արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների եւ տուրիզմի զարգացման ու կայացման հարթակ։

Նշեմ, որ օրերս՝ օգոստոսի 18-ին, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եւ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանի հետ։ Քննարկվեցին Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» ու այլ ծրագրերի շրջանակում նախագծի իրականացման եւ համագործակցության հնարավորությունները։ Իսկ նախագծի իրագործման ճանապարհին նախապատրաստական երկար ու լուրջ գործընթացներ են սպասվում։ Բայց կարեւորն այն է, որ կառավարության եւ մասնավորապես պարոն Քերոբյանի կողմից հստակ գնահատական կա կենտրոնի թե ճարտարապետական հորինվածքի, թե ծրագրային բովանդակության մեծ ներուժը՝ Գյումրին դարձնելու միջազգային մշակութային եւ զբոսաշրջային կենտրոն։

Մյուս կողմից՝ պետք է բարձրաձայնել, որ այս նախագիծը սփյուռքահայ եւ հայաստանցի ճարտարապետների համագործակցության արդյունք է եւ երկու աշխարհիների միաձուլման հրաշալի ցուցադրություն։ Գիտելիքների եւ գաղափարների նման փոխհամագործակցությունը մեր ժողովրդին համախմբելու միջոց է եւ այդ իմաստով նախագիծն արդեն կառուցողական ուժ է։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
24.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031