Լրահոս
Օրվա լրահոսը

PR-ով երկրի ինքնիշխանության պաշտպանությո՞ւն

Օգոստոս 25,2023 12:00

Ալիեւը «ինտեգրացիոն» յուրօրինակ հայեցակարգ է առաջ մղում նաեւ Հայաստանի դեպքում, որը ներկայացվում է որպես «հումանիտար» հարց

Ադրբեջանի կողմից ընդդեմ Արցախի բացահայտ ագրեսիվ քաղաքականությանն ի պատասխան՝ Հայաստանի իշխանությունների անհամարժեք քայլերի մասին քննադատություն բավականաչափ հնչել է եւ շարունակում է հնչել: Իսկ ընդդեմ Հայաստանի վարվող պաշտոնական Բաքվի քաղաքականությանը Փաշինյանի իշխանությունն ինչպե՞ս է հակազդել` բացի արձագանքելուց:

Օրերս, ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը հերթական անգամ անդրադարձավ Բաքվի կողմից հետեւողականորեն շրջանառվող` «Արեւմտյան Ադրբեջան» հայեցակարգին: «Մարդասիրական քողի ներքո ադրբեջանական իշխանությունը, կեղծ ցուցակներ կազմելով, Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան: Ադրբեջանի իշխանության ուղիղ համակարգմամբ, նկատի ունենալ ով Հայաստանը, «Արեւմտյան Ադրբեջան» բացարձակ կեղծ հայեցակարգի շրջանակում կազմվել են, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան» վերադարձողների համար համակարգող մարդկանց հատուկ ցուցակներ: Այդ ցուցակներում Հայաստանի քաղաքների ու գյուղերի անվանումները ներկայացված են ադրբեջանական կեղծ անվանումներով»,- գրել է նա։ Ըստ Թաթոյանի. «Սա իրականում ադրբեջանական իշխանության ռազմաքաղաքական ծրագիր է, բայց փորձ է արվում դրան տալ մարդասիրական բնույթ՝ թաքցնելու համար Հայաստանի Հանրապետությանն ուղղված տարածքային նոր նկրտումները եւ սպառնալիքները։ Ընդ որում, խոսքը ոչ թե 1 կամ 2 բնակավայրի, այլ Հայաստանի ամբողջ տարածքի մասին է. ինչպես իրենք են նշում՝ 29,800 քառ.կմ։ Հատկապես ուշագրավ է, որ 2020թ. 44-օրյա պատերազմից առաջ «Արեւմտյան Ադրբեջան» տերմինը գրեթե չի գործածվել Ադրբեջանում։  Այս նոր եզրույթն իր հայեցակարգով մշակվել եւ շրջանառվում է հատկապես 2022թ. սկսած։ Ընդ որում, Ադրբեջանում պաշտոնյաներ են արդեն խոսում վերադարձի ինչ-որ առաջին փուլի եւ արդեն մոտ 300,000 մարդու մասին»։

Բաքուն տեւական ժամանակ է, ինչ շրջանառության մեջ է դրել այդ թեզը: Հուլիսին, հիշեցնենք, որ Բաքվից պնդեցին, թե Բրյուսելում հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների օրակարգում ընդգրկվել եւ քննարկվել է նաեւ Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Ավելին, Հայաստան վերադառնալ ցանկացող ադրբեջանցիներին միավորող, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը շտապեց ողջունել «պատմական» այդ իրադարձությունը, ընդգծելով, թե` «Միշելի, Փաշինյանի եւ Ալիեւի մակարդակով իրենց նախկին բնակավայր վերադառնալու հարցի քննարկումը ոգեշնչող է»։

Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանի կառավարության հովանավորչությունը վայելող այս կառույցը դեռեւս մարտ ամսին էր հատուկ նամակ հղել Շառլ Միշելին՝ խնդրելով աջակցել Հայաստան ադրբեջանցիների անվտանգ վերադարձին։

Բաքվի քաղաքական այդ նախաձեռնությունը, որը Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցման պետական ծրագրի մաս է կազմում, մի քանի ամսվա պատմություն ունի։ Փախստականներ ներկայացող ադրբեջանցիները հատուկ կազմակերպություն են ստեղծել, այն անվանել «Արեւմտյան Ադրբեջանի համայնք»։ Կառույցն իր գործունեության մասին պաշտոնապես հայտարարեց դեռ անցյալ տարի օգոստոսին, ամիսներ անց իր հարկի տակ երկու անգամ հյուրընկալեց երկրի նախագահին։

«Ներկայիս Հայաստանը մեր տարածքն է», – այդ կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց Ալիեւը՝ իր անվերապահ աջակցությունը հայտնելով կառույցի գործունեությանը։ Ալիեւի հաշվարկներով` «Հայաստանի ավելի քան 300 քաղաքներում եւ գյուղերում ադրբեջանցիներ են ապրել», իսկ «ավելի քան 170 գյուղերում միայն ադրբեջանցիներ են բնակվել»։ «Նրանց (ադրբեջանցիների) վերադարձը չի նշանակում այնտեղ բնակվող հայերի վտարում»,- «մեծահոգաբար» հավելել էր Ալիեւը։

Սյունիք ու Երեւան ադրբեջանցիների վերադարձի պայմանների մասին Ադրբեջանի կառավարությունը հատուկ փաստաթուղթ է մշակել՝ հարցը «պետք է արտացոլվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում», իսկ ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանի տարածքում պետք է ապահովի «ադրբեջանական կողմի համար վստահելի եւ բարեկամ երկրների ուժերից կազմված միջազգային առաքելություն»։ Թե որ երկրներն են դրանք՝ Բաքուն չբարձրաձայնեց։ Պաշտոնական փաստաթղթով նաեւ պնդում են, որ Հայաստան պետք է վերադառնան «ոչ միայն տեղահանված ադրբեջանցիները, այլեւ նրանց ժառանգները»։ Կազմակերպությունը հայտարարել է, որ արդեն սկսել է Հայաստանից «տեղահանված ադրբեջանցիների հաշվառումը»։

Ի պատասխան Ադրբեջանից տարածվող վերոնշյալ հայտարարություններին՝ Փաշինյանը նախ սահմանափակվեց նշելով հետեւյալը` Հայաստանում էլ Ադրբեջանից բռնագաղթածների մարդահամար է անցկացվելու։

Ստացվում է, Բաքուն «ինտեգրացիոն» յուրօրինակ հայեցակարգ է առաջ մղում նաեւ Հայաստանի դեպքում, որը, այո, ներկայացվում է որպես հումանիտար հարց: Հետեւողական քայլերով այդ ծրագիրն իրագործվում է:

Դեռ անցյալ տարի դեկտեմբերին Ալիեւը հանդիպեց «Արեւմտյան Ադրբեջան» կազմակերպության ակտիվիստների հետ: Ի դեպ, «Արեւմտյան Ադրբեջան» վերադարձի ծրագիրը Ալիեւը հրապարակեց իր ծննդյան օրը, հատուկ ընդգծելով՝ 44-օրյա պատերազմից առաջ ծննդյան տոները գրավյալ տարածքներից տեղահանվածների հետ է նշել, խոստանալով, որ նրանք հայրենիք կվերադառնան. «Այսօր նույնը անում եմ Արեւմտյան Ադրբեջանի համայնքի հետ, եւ կարծում եմ, որ սա խորհրդանշական նշանակություն կունենա»։ Ալիեւի ծննդյան օրը` դեկտեմբերի 24-ին, ադրբեջանական իշխանությունները Բաքվում հատուկ միջոցառում էին կազմակերպել «Արեւմտյան Ադրբեջանից» տեղահանված համայնքի համար՝ քարտեզների ու պատմական փաստաթղթերի ցուցադրությամբ։

Հունվարին արդեն Ալիեւը հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասաց. «Ժամանակն է ավելի բաց խոսել մեր վերադարձի մասին Զանգեզուր»… Մենք երբեք հանդես չենք գալիս նախաձեռնություններով, որոնք անհնար է իրագործել։ Վստահ եմ՝ մենք կհասնենք այս նպատակին եւս, եւ կվերականգնենք պատմական արդարությունը»։ Իր ծավալուն եւ ծրագրային ելույթում Ալիեւը պնդել էր, թե ներկայիս Հայաստանի հարյուրավոր բնակավայրերում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել, մոտ 90 գյուղում էլ նրանք եղել են մեծամասնություն, եւ պետք է վերադառնան՝ խաղաղ ճանապարհով։ «Կանխատեսում եմ, որ Հայաստանում կրկին հիստերիա է սկսվելու, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել եւ այլն։ Ոչ։ Մենք ցանկանում ենք դա անել խաղաղ ճանապարհով։ Մենք ցանկանում ենք ապահովել մեր իրավունքները խաղաղ միջոցներով եւ միջազգային կոնվենցիաներով», -ասել էր Ալիեւն ու պնդել, թե`պետք չէ ժամանակ կորցնել։

Այս հորդորից անմիջապես հետո՝ ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին հոդվածներ ու հարցազրույցներ հրապարակել՝ «Մեծ վերադարձի երկրորդ փուլը» խորագրով, իսկ պետական «Ազերթաջ» գործակալության կայքում միայն օրական առնվազն մեկ նյութ էր հրապարակվում այդ թեմայով։

Բացի այդ, Ադրբեջանի Պատմության ինստիտուտում ստեղծվել է «Արեւմտյան Ադրբեջանի» գծով հատուկ բաժին, նաեւ` բանահյուսության ինստիտուտում, համաժողով է կազմակերպվել «Մեծ վերադարձի թեմայով», պետական լրատվամիջոցներում էլ ի հայտ են եկել հատուկ քարտեզներ, որտեղ ներկայացվում են «Ադրբեջանի հողերը» իրենց «պատմական» անուններով։

Ալիեւի առաջին՝ դեկտեմբերյան ելույթից հետո Հայաստանի արտգործնախարարությունն ընդամենը հայտարարեց, թե դա եւս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը որեւէ կերպ շահագրգիռ չէ խաղաղության եւ կայունության հաստատմամբ: «Ալիեւը հնչեցնում է նոր տարածքային պահանջներ», – ընդգծել էր պաշտոնական Երեւանը՝ հորդորելով միջազգային գործընկերներին հասցեական հայտարարությունների եւ թիրախային գործողությունների միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ռազմատենչ եւ առավելապաշտական հռետորաբանությունը։

Բաքուն շարունակեց գործել: Այս տարվա հունվարին «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» անվամբ կազմակերպությունը տարածեց հայտարարություն, որով դատապարտեց «այսօր Հայաստանի տարածք համարվող պատմական հայրենիքից ադրբեջանցիների վտարումը»: Կազմակերպությունը նշել էր, թե` «ադրբեջանցիների առավել դաժան վտարումը տեղի է ունեցել 1905-1906, 1918-1921, 1948-1953 եւ 1988-1991 թվականներին»: Կազմակերպությունը հայտարարեց, որ պայքարելու է Հայաստանից վտարված ադրբեջանցիների իրավունքների վերականգնման համար. «Հիմնվելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված վերադարձի իրավունքի, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային համաձայնագրի, Փախստականների կարգավիճակի կոնվենցիայի եւ միջազգային այլ համաձայնությունների վրա, «Արեւմտյան Ադրբեջանի համայնքը» գործելու է ներկայիս Հայաստանից վտարված ադրբեջանցիների անձնական եւ հավաքական իրավունքները վերականգնելու համար, ներառյալ ապահով վերադարձն իրենց տներ»: Ավելին, կազմակերպությունը Հայաստանից պահանջեց` «ստեղծել վտարված ադրբեջանցիների արժանապատիվ եւ անվտանգ վերադարձի պայմաններ» եւ խնդրեց ՄԱԿ-ի անդամ երկրներին եւ պատկան միջազգային կազմակերպություններին՝ «նպաստել Հայաստանից վտարված ադրբեջանցիների ապահով եւ արժանապատիվ վերադարձին»:

Միայն մարտ ամսին պաշտոնական Երեւանը մատնանշեց Բաքվից հնչող սպառնալիքներն ու Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունները: Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան» ձեւակերպմանը։ Ըստ Փաշինյանի, այս անհեթեթ խոսույթը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է. «Եվ այս շարունակական, Հայաստանի Հանրապետության գոյության իրավունքը կասկածի տակ դնող քաղաքականությունն ու խոսույթն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորման պատճառը»։ Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվում, քանի որ Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի գոյության իրավունքը։ Իսկ այս պարագայում ինչպես է ընդհանրապես հնարավոր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, Փաշինյանը որեւէ բացատրություն չներկայացրեց։

Մարտին նաեւ ԱԳՆ-ն արձագանքեց Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթին, փաստելով, որ այն Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների եւ հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսեւորում էր: Ալիեւն այդ ելույթում ասել էր, թե ինչպես Ադրբեջանը կապահովի Ղարաբաղի հայերի անհատական իրավունքներն ու անվտանգությունը, այնպես էլ Հայաստանը պետք է ապահովի արեւմտյան ադրբեջանցիների իրավունքներն ու անվտանգությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Հայաստանի ԱԳ նախարարությունը ընդգծում է, որ Անկարայում նման սադրիչ թեզեր հնչեցնելը նպատակ ունի ոչ միայն խաթարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության բանակցությունները, այլեւ արգելակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դրական դինամիկան։ «Տարածաշրջանի կայունությամբ եւ խաղաղությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներն աներկբայորեն պետք է գնահատական տան Ադրբեջանի նախագահի նմանօրինակ քաղաքականությանը եւ գործուն քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները վերացնելու եւ ուժի կիրառման դրսեւորումները բացառելու ուղղությամբ», նշեց ԱԳՆ-ն։ Հայաստանի ԱԳՆ-ն նաեւ շեշտեց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արեւմտյան Ադրբեջան» մտացածին անվամբ՝ Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Ալմա Աթայի հռչակագիրը, այլ նաեւ Պրահայի եւ Սոչիի հայտարարություններով իր իսկ ստանձնած պարտավորությունները։

Բաքվի նպատակը հստակ է, խնդիրն առավել քան ակնառու է, որպես` ՀՀ ինքնիշխան պետության դեմ նետված ընդգծված մարտահրավեր: Հետեւաբար, ինչպե՞ս է Փաշինյանի կառավարությունը հակազդում Ադրբեջանի իշխանությունների այս ծրագրին գործնականում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 24.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031