Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բազմոցին նստած «դատավորները»

Օգոստոս 25,2023 10:00

Բարոյականության, խիզախության եւ հայրենասիրության գծով որպես «դատավոր» հանդես գալը չափազանց անշնորհակալ գործ է: Մի քանի օր առաջ դրանում կարող էինք եւս մեկ անգամ համոզվել: 17-ամյա Էլեն Առստամյանը, անցնելով ադրբեջանցի ահաբեկիչների կողմից տեղադրված «անցակետը», շրջապատված լինելով թշնամու զինվորներով, ենթարկվել է այդ նույն ահաբեկիչների քարոզչական գրոհին եւ ինչ-որ, որոշ հայերի տեսակետից, «ոչ-հայրենասիրական» բաներ է խոսել՝ պատասխանելով նրանց «լրատվամիջոցների» հարցերին:

Երբ ահաբեկիչները տեսագրություն են անում՝ իրենց պատանդների մասնակցությամբ եւ այն տարածում են համացանցով, ինչպե՞ս են նորմալ մարդիկ դրան արձագանքում: Արդյոք քննարկո՞ւմ են պատանդների ասածների քաղաքական բովանդակությունը: Շատ հեշտ է կուշտ փորով, բազմոցին նստած ինչ-որ դատողություններ անել: Այդ հարցերում դատավորներ չեն կարող լինել՝ ամեն մեկն ի՛ր համար է պատասխանատու, եւ քանի դեռ նա նույն պայմաններում, նույն իրավիճակի մեջ չէ, ինչ նրա քննադատության թիրախը, ավելի խոհեմ կլինի լռել:

Կարծում եմ, որ ընդհանրապես շարքային մարդկանց վարքը քննարկելը՝ «բարձր քաղաքական չափանիշներից» ելնելով, սխալ է: Դժգոհեք ոչ թե 17 տարեկան աղջնակից, որը փաստացի թշնամու զենքի նշանառության տակ ինչ-որ, ձեր կարծիքով, սխալ բան է ասել, այլ նրանցից, ովքեր ապրում են «դաչաների» բարձր պարիսպների հետեւում, հսկայական զորքի պաշտպանության տակ, եւ ասում են, որ Արցախում մաքառող, հայաստանյան անձնագրեր ունեցող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են, եւ նրանց անվտանգությունն ու իրավունքները պետք է պաշտպանվեն Ադրբեջանի օրենսդրության սահմաններում: Իբր հավատում են, որ դա հնարավոր է:

Բողոքեք նրանցից, ովքեր ոչ միայն Արցախի պետականությունը չեն ընդունում, այլեւ, ըստ էության, մերժում են նաեւ Հայաստանի պետականությունը, որը հիմնված է Անկախության հռչակագրի վրա: Նրանք դա ասում են ոչ թե սպառնալիքի տակ, այլ՝ կարծելով, որ այդպիսով պահպանելու են իրենց «իշխանական կայֆերը»: Դա, մեծ հաշվով, նույնպես սխալ հաշվարկ է: Բավականին աղքատ գիտելիքներ եւ նեղ մտահորիզոն ունենալով՝ նրանք պատմությունից չգիտեն, թե ինչպես են «վերջնարդյունքում» արեւելյան բռնապետությունները վարվում իրենց նմանների հետ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Երբ մարդու մի տեղը վնասվում է, ամբողջ օրգանիզմը ցավ է ապրում: Հենց այստեղ են ասել մեր պապերը՝ ցավդ տանեմ: Ո՞վ պիտի Արցախի ցավը տանի: Մեր բոլոր համայնքները, լինի Հայաստանում թե սփյուռքում՝ մի ազգ, մի ճակատագիր:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031