Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում ելույթ ունեցած ԱԺԲ անդամներն ու աջակիցները նշեցին, որ համաժողովրդական համախմբումն սկսվել է եւ այն այլեւս անկասելի է։
ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, հիշեցնելով, որ ինքը եղել է 1992 թվականին Շուշին ազատագրողներից եւ Շուշիի առաջին բնակիչներից մեկը, այս շարժմանը ավելի ակտիվ միանալու կոչով դիմեց վերջին երեք տարիներին հարկադրաբար իրենց բնակավայրերը լքած արցախցիներին։ Նա հայտարարեց, որ սկսվում է գործող վարչակազմի հեռացման պայքարի նոր փուլ եւ այսօրվանից հրապարակները պետք է ողողվեն մարդկանցով։
Կարդացեք նաև
«Մենք տուն չենք գնալու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր նպատակին՝ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը իշխանությունից։ Եվ մեր նպատակին հասնելու ենք հնարավորինս անցնցում։ Ժողովրդի կամքին հակադրվել ոչ մի քաղաքական ուժ չի կարող, դա լինի Փաշինյանը, թե Փաշինյանին բերողները, հանձինս Էրդողանի եւ Ալիեւի», ասաց նա։
Հանրահավաքի ավարտին մասնակիցները քայլերթ իրականացրին մայրաքաղաքի փողոցներով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ