Նախորդ հանրահավաքի ժամանակ ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ ինքը շուրջօրյա նստացույց է անելու Ազատության հրապարակում եւ մարդկանց կոչ էր արել գալ, շփվել, զրուցել Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ, քննարկել եւ համատեղ ելք գտնելու առաջարկներ անել։ Aravot.am-ը զրուցել է Ժիրայր Սեֆիլյանի հետ։
-Ձեր կոչին արձագանքողներ շա՞տ են եղել եւ ի՞նչ քննարկումներ եք ունեցել մարդկանց հետ։
-Իմ շուրջօրյա նստացույցի գլխավոր նպատակը այդ միջոցով, ինչը արտառոց միջոց է, առկա օրհասականությունը գիտակից շերտին հասցնելն էր։ Այսօր արդեն չորրորդ օրն է եւ ես եկա այն եզրակացության, որ իզուր չէ, որ նստել եմ։ Ի դեպ, ես երբեք նման բան չէի արել։ Նաեւ հասկացա, որ բազմաթիվ մարդիկ թերահավատ են, թե հնարավո՞ր է, արդյոք, մեր երկիրն այս վիճակից դուրս բերել։ Հասկացա, որ նրանք երբ որեւէ քայլ տեսնում են եւ այդ քայլի մեջ նույնիսկ հետեւողականության նշույլ տեսնում են, սկսում են թերահավատությունից դուրս գալ։ Կարող եմ ասել, որ այդ շարժը որոշ չափով արդեն տեղի է ունեցել։ Եվ մենք մեր ակտիվությունը չենք դադարեցնելու։ Պաուզաներ վերցնելու ժամանակն անցել է։
-Ի՞նչ ասել է ակտիվ գործունեություն։ Նախորդ հանրահավաքում միտք հնչեց, որ գործող իշխանությանը հեռացնելու ճանապարհին միջոցների մեջ խտրականություն չպետք է լինի։ Այսինքն, էքստրեմալ քայլերի կարո՞ղ եք գնալ։
Կարդացեք նաև
-Այժմ մեր ակտիվության առաջին նպատակը ժողովրդային համախմբումն է։ Եվ այդ համախմբման համար բազմաթիվ ուղղություններով պետք է աշխատանք տարվի։ Գլխավոր նպատակը համախմբումն է։ Բայց համախմբումն էլ ինքնանպատակ չէ։ Ժողովուրդն իր կամքը պարտադրելով պիտի հասնի այս ռեժիմից ձերբազատվելուն Փաշինյանի գլխավորությամբ։
Անշուշտ, քաղաքացիական անհնազանդության, իրավունքի շրջանակներում նույնպես։ Սակայն մեզ երբեք պետք չի ցնցումներով առաջ շարժվել։ Բայց եթե գործող իշխանություններն իիրենք սխալվեն, ժողովուրդը նաեւ իրավունք ունի պաշտպանվելու։ Հուսով եմ, բանը դրան չի հասնի։ Իշխանությունների կողմից կոպիտ սխալներ չեն լինի, որ ժողովուրդը դիմի իր իրավունքների պաշտպանության տարաբնույթ միջոցների։ Օրինակ, ապստամբությունը համարվում է ժողովուրդների սրբազան իրավունք։ Բայց կրկնում եմ․ պարտադիր չէ, որ բանը հասնի դրան։ Այժմյան ստեղծված վիճակը, որի մասին ասում ենք, թե պատմական առիթը բաց չպիտի թողնենք, նաեւ այս իմաստով հօգուտ մեզ է։
-Նախորդ հանրահավաքում արտահայտված մտքերից տպավորություն կար, որ մինչեւ Երեւանի ավագանու ընտրությունները իշխանափոխության հասնելու նպատակ ունեք։
-Չենք բացառել ։Դա մեր ժողովրդի համար կլիներ լավագույն տարբերակը։ Բայց ամեն ինչ կախված է ժողովրդից։ Եթե համախմբումը շուտ լինի, վստահ եմ, որ բանը դրան չի հասնի։
-ԱԺԲ-ն խոսում է անցումային կառավարության մասին։ Ունե՞ք այդ կառավարության կազմը եւ եթե այո, անուններ կարո՞ղ եք տալ։
-Մեր պատկերացրած անցումային կառավարության ծրագիրը, կազմը, թե քանի հոգուց պետք է բաղկացած լինի, մենք մշակած ունենք։ Բեւեռը որպես առանձին ուժ նաեւ ի վիճակի է իր կադրային ռեսուրսով ամբողջ բեռը վերցնել։ Բայց մենք այժմ այդպես չէ, որ ուզում ենք լինի։ Ինչո՞ւ։ Մենք հասկանում ենք, որ այս բեռը մեկ քաղաքական ուժ չվերցնի։ Սա բազմաթիվ ուժերի համախմբմանը համարժեք ծանրություն է։ Երկրորդ, մենք ուզում ենք, որ այդ ամենը արվի հնարավորս ներազգային համերաշխությամբ։ Մենք չենք ուզում Բեւեռի ծրագիրը պարտադրել։ Այդ պատճառով է, որ վերջերս սկսել ենք խոսել ծրագրի ճանապարհային քարտեզներից։ Եթե որեւէ քաղաքական ուժ իր ծրագրի մանրամասները հրապարակի, դա եւս պառակտման, չհամախմբվելու ընթացք է։
Մեր առաջարկն է․ ովքեր ունեն ծրագրեր, քննարկումները լինեն հանգիստ պայմաններում, ոչ հրապարակային։ Վստահ եմ, որ բանական քննարկումների դեպքում կոնսենսուսը շատ շուտ լինելու է։ Այս իմաստով մարտավարական նկատառումներից ելնելով մենք առաջարկում ենք ծրագրային կոմպոնենտը կլոր սեղանների շուրջ առանձին քննարկել տարբեր ուժերի հետ։ Մենք ասել ենք, որ սկզբնական փուլն սկսելու համար նախ պետք է զրույց։ Եվ եթե զրույցը ստացվի, կշարունակենք արդեն օրակարգի շուրջ։
-Կա՞ն քաղաքական ուժեր, որոնց հետ համագործակցությունը բացառում եք։
-Քաղաքական ուժեր՝ ոչ։ Քաղաքական անհատներ՝ այո։ Մենք այդ մասին բարձրաձայնել ենք։ Հանրապետության երեք նախագահներին ասել ենք՝ կողք քաշվեք, ձեր ակտիվությունը խանգարում է հայ ժողովրդի միասնությանը։ Թողեք ժողովուրդը համախմբվի պետականաստեղծ օրակարգի շուրջ։ Իսկ առաջինը կողք պետք է քաշվի Նիկոլ Փաշինյանը։ Նա այս հարցում մրցակցությունից դուրս է։ Նա բոլոր կարմիր գծերն անցել է։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ