«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քաղաքապետի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի համոզմամբ՝ այն ուժերը, որոնք մասնակցում են Երեւանի ավագանու ընտրություններին քաղաքային խնդիրներով, առանց որեւէ բացառության իշխանական օրակարգի մեջ են գործում:
«Մենք խնդիրը չենք դնում միայն մեզ ընտրելու վրա, ասում ենք՝ քվե տվեք այս օրակարգին: Ամենաառաջին խնդիրը՝ մենք գտնվում ենք ծայրահեղ ծանր վիճակում, որտեղից իրականում հստակ ելքեր կան: Մեր խնդիրները ամենեւին քաղաքային խնդիրներ չեն, բայց այն ուժերը, որոնք մասնակցում են այս ընտրություններին քաղաքային խնդիրներով, առանց որեւէ բացառության իշխանական օրակարգի մեջ են գործում: Ոնց է ստացվում, որ ընտրություններից մեկ ամիս առաջ մեր իմացած բոլոր ուժերը գոռում-գոչում են ՝ մենք կործանվում ենք, պետք է սթափվենք, կոչ են անում ժողովրդին չհամակերպվել այդ իրականության հետ, հանգիստ չնստեն տեղները, ինչպես կարելի է Արցախ ենք կորցնում, Հայաստան ենք կորցնում, իսկ դուք հանգիստ նստել եք, բայց հանկարծ գալիս է քաղաքապետի ընտրությունները, բոլորը մոռանում են դրա մասին ու գնում են կոյուղուց խոսելու: Այն դեպքում, երբ ՀՀ բնակչության 50 տոկոսը կենտրոնացված է Երեւանում: Այդպիսի բան լինո՞ւմ է: Եթե դա ձեզ համար առաջնահերթություն է, խնդիր ունեք հասարակությանը տրամադրելու պայքարի ու տեղից շարժել, ցանկացած հնարավորություն պետք է օգտագործեք, ոչ թե կոյուղուց կամ վերելակից խոսեք… այդ ուժերի խնդիրը, եթե նայում եք շուրջբոլորը, ամեն գնով իշխանական հարաբերություններում տեղ զբաղեցնելն է, ոչ թե իրական խնդիրներ լուծելը: Ուժերի մեծամասնությունը զբաղված է հաջորդ համապետական ընտրություններին դիրքավորվելով, սա որեւէ կերպ իշխանական օրակարգից չի տարբերվում »,- Aravot.am-ին ասաց Սուրեն Պետրոսյանը:
Նրա խոսքով, եթե իրականում ընդդիմադիր գործունեությամբ ինչ-որ մեկը հանդես է եկել, միմիայն իրենք են եղել. «Մեզնից բացի երկրորդը չի եղել, որ հակադրվի իշխանության օրակարգին: Եթե ստանանք նույնիսկ 15 տոկոս քվե, մի քանի ամսվա մեջ ոչ միայն իշխանափոխություն, այլեւ այնպիսի խորքային փոփոխություններ կլինեն, որ մենք նույնիսկ չենք կարողանա հավատալ: Չենք ասում, որ անպայման պետք է լինենք Երեւանի քաղաքապետ, որ կարողանանք փոփոխություններ իրականացնել,նման բան մեզ ընդհանրապես պետք չէ, քաղաքապետն էլ բացարձակ չի հետաքրքրում, մեզ պետք է մեր օրակարգը ստանա քվե: Իսկ մեր օրակարգն այն օրակարգն է, որ մենք ամենաառաջինը պետք է կարողանանք հասարակության մեջ կոտրել անզորության միֆը: Եթե մտածում ենք, որ այն ուժը, որի վրա պետք է հենվենք, հասարակությունն է, պետք է հասրաակության հետ աշխատենք:
Հասարակության մեջ փոխենք իր առաջնահերթությունները, պատկերացումները իրականության նկատմամբ, որը ձեւավորված է հիմնականում իշխանության կողմից, թե դուք անզոր եք, պետք է նվաստացմանը համակերպվեք ու այլն: Եթե մենք այս աշխատանքը չարեցինք, մնացած ամեն ինչ սուտ է: Իսկ մենք այսօր զբաղված ենք քարոզով, որ ձեր մոտ ամեն ինչ կարգին է, եկեք կանաչապատումով զբաղվենք: Այսինքն՝ ավելի ենք ամրապնդում իշխանության կողմից տրված այս նարատիվները:
Կարդացեք նաև
Հաջորդը՝ մարդուն պետք է վերադարձվի սուբեկտայնությունը, այսինքն՝ սեփական ճակատագրի հիմնական ու վճռորոշ դերակատարը միայն դու ես: Անզորությունը պետք է փոխարինվի պայքարով, միայն պայքարի օրակարգի տրամադրումով է հնարավոր հասարակությանը տանել խորքային փոփոխությունների»:
Մեր զրուցակիցը բացառեց իշխանության եւ իշխանության արբանյակ ուժերի հետ ցանկացած համագործակցություն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ