Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հաղթանակ» կուսակցության անդամներն այսօր քարոզարշավ էին իրականացնում Արաբկիր վարչական շրջանում։ Կուսակցության՝ ավագանու մի քանի թեկնածուներով Արաբկիրի այգիներից մեկում էին քարոզարշավի։
«Հաղթանակի» քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանն Aravot.am –ի հետ զրույցում վստահ ասաց՝ կեսից դուրս չի չի գա ընտրապայքարից, ինչպես հաճախ տեսել ենք այլ ընտրությունների ժամանակ։ Մնացականյանը վստահ է՝ երեւանցիների 30% քվեն կստանան։
«Երեւանը չպետք է ներկայացված լինի մեկ կուսակցությունով, մեկ կուսակցությունով պառլամենտում տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Մեր նպատակն է, որ Երեւանը ունենա ավելի դեմոկրատական, բազմակարծիք ավագանի, սա ամենակարեւորն է ինձ համար»,-ասաց Մնացականյանը։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ ընտրություններից հետո նույնիսկ Երեւանի ավագանիում կոալիցիոն քաղաքային իշխանություն ձեւավորվի, իր գլխավորած ուժը, եթե բավարար ձայն ունենա, բացի «Քաղաքացիական պայմանագրից», կհամագործակցի այլ ուժերի հետ․«ՔՊ-ի թիմի հետ չեմ ուզում աշխատել։ Այդ թիմի անգրագիտությունն է դրդել, որ ես այսօր զբաղվում եմ քաղաքականությամբ, ինչը չէի ուզում»։
Կարդացեք նաև
Այժմ կուսակցությունը միասնական շտաբ ձեւավորելու շուրջ բանակցում է ընտրություններին հայտ ներկայացրած այլ ուժերի հետ։
Նախընտրական ծրագրով, որը կոչվում է «Վիկտորի պլան», կուսակցությունն առաջարկում է հասարակական տրանսպորտն անվճար դարձնել։
«Մենք ինչ խոստանում ենք, հնարավոր է»,-ասաց Մնացականյանը։ Երեւանի տրանսպորտն անվճար դարձնելու համար, ըստ Մնացականյանի, տարեկան անհրաժեշտ է 10 միլիոն դոլար․«Մենք չենք մտնում բյուջե։ Մեր թիմում քաղաքային կառավարման փորձ ունեցողներ են, նրանք աշխատել են Երեւանի քաղաքապետարանում։ Մենք առաջարկում ենք Երեւանի կենտրոնի շենքերի մեծ մասի մանսարդները պետությունը վաճառի անհատներին, օրինակ 1000 դոլարով մեկ քմ-ն ու այդ գումարն ուղղել անվճար տրանսպորտի ծրագրին։Այսինքն՝ Երեւանի ամբողջ հասարակական տրանսպորտն անվճար դարձնել ընդամենը 10 շենքի տանիքը վաճառելով։ Մենք հարյուրավոր նման շենքեր ունենք, որ կարող ենք տանիքները վաճառել․․․»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Վիկտորի պլան»-ով առաջարկվում է թաղային դպրոցների զարգացմանը մասնակից դարձնել նաեւ բիզնեսին։
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Շենքերի մանսարդները, եթե չեմ սխալվում, շենքի բնակիչների ընդհանուր սեփականությունն է։