«Մենք պետք է քննարկենք շատ կարևոր հարց՝ Եվրասիական միության հետագա զարգացման առաջնահերթությունները»,- Ծաղկաձորում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն:
Նա, անդրադառնալով ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հայտարարությանը, ասաց․ «Իհարկե, ինչպես նշեց ՌԴ վարչապետը, ունենք տպավորիչ վիճակագրություն, բայց լինենք անկեղծ՝ հիմնական 4 բազային ազատությունները միությունը մեզ տվել է՝ ապրանքաշրջանառություն, ծառայություններ, կապիտալ, աշխատուժ։ ԵԱՏՄ-ն իր մեկնարկային կապիտալը մեզ տվել է և պահանջում է տնտեսական համագործակցության նոր ձևաչափի մշակում»։
Բելառուսի վարչապետը գործընկերներին առաջարկեց անկեղծ լինել ու նշեց, որ կան որոշ միջոցառումներ, որոնք ժամկետներից հետ են ընկել․ «Չեմ ուզում բարձրաձայնել, անուններ տալ, կարծում եմ՝ բոլորին էլ հայտնի է։ Այս հանգամանքը չպետք է թուլացնի միության հռչակագիրը, որը մշակվում է։ Ես առաջարկում եմ, որ այս փաստաթուղթը չկրկնօրինակի միության ռազմավարությունը, այլ ունենա ծրագրային, նորարարական բնույթ։ Այն չպետք է խստորեն սահմանափակվի ԵԱՏՄ-ի գործող համաձայնագրով։ Եվ արդյունքը պետք է լինի գործունակության նոր մակարդակը միության ներսում և համաշխարհային տնտեսության մեջ»։
Կարդացեք նաև
Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովի համոզմամբ՝ ԵԱՏՄ անդամ երկրների հետագա տնտեսական լիարժեք զարգացումը հնարավոր է միայն միության ինտեգրացիոն ներուժի օգտագործման պարագայում․ «Դրա համար պետք է խստորեն հետևել այն հանձնառություններին ու նպատակներին, որոնք մեր առաջ ենք դրել այս միության հիմնադրման ժամանակ։ Լինենք անկեղծ՝ ունենք խնդրահարույց հարցեր․ ամեն ինչ չէ, որ աշխատում է այնպես, ինչպես մենք պլանավորել ենք։ ԵԱՏՄ-ն այժմ որպես միություն հասունացման փուլ է ապրում։ Վստահ եմ, որ միասնական ջանքերով ԵԱՏՄ-ն զարգացման նոր որակական մակարդակի կհասցնենք»։
Ղրղըզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, հղում կատարելով համաշխարհային նոր զարգացումներին, նշեց․ «Պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջ։ Աշխարհը փոփոխվում է, փոխվում են համաշխարհային միտումները։ Շատ դեպքերում ոչ թե ռեսուրսը, այլ դրա փոխադրումը և դրանում տեղեկատվությունը դառնում է որոշիչ։ Այսպիսի իրավիճակում փոխվում են խաղի կանոնները, և շանս է բացվում նաև փոքր երկրների համար։ Եթե նախկինում մեծ ձուկն ուտում էր փոքրին, հիմա արագաշարժ ձուկը կարող է ուտել դանդաղաշարժին»։
Ըստ Ղրղզստանի վարչապետի՝ ԵԱՏՄ-ն պետք է օրինակելի լինի այլ միավորումների համար՝ գործունակության տեսանկյունից։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ