Այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ իրականացրեց Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում: Քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը իր թիմով շրջեց բակերով ու ներկայացրեց իրենց առաջարկները:
Կուսակցության համահիմնադիր, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը խոսեց բազմաբնակարան շենքերի անվտանգության մասին. «Մենք կարեւորում ենք բոլոր շենքերի անվտանգությունը, այդ կապակցությամբ առաջարկում ենք սեյսմակայունության բարձրացում իրականացնել՝ մինչեւ 9 բալ երկրաշարժին դիմանալու համար: Մենք նաեւ վերականգնելու ենք, անհրաժեշտության դեպքում կառուցելու ենք նոր ապաստարաններ: Բոլոր շենքերում ներդնելու ենք շենքերի եւ բակերի մաքրության համակարգ: Համատիրությունների համակարգը բարելավելու համար վերացնելու ենք համատիրություններին վճարվող գումարները՝ այդ բոլոր ծախսերն իրականացնելով քաղաքապետարանի կողմից: Բակերի տարածքներում գործող ավտոտնակների փոխարեն կառուցելու ենք ստորգետնյա parking-ներ եւ այդ ազատ տարածքները վերածելու ենք կանաչ տարածքների եւ խաղահրապարակների»:
Մանե Թանդիլյանն էլ նշեց. «Մենք ձեզ ապացուցելու ենք մեր աշխատանքով, որ արժանի ենք ձեր քվեին: Անպայման ծանոթացեք կուսակցության պատմությանը, թե ինչպես ենք հաղթել ՔՊ-ին տարբեր համայնքներում: Մենք դա գիտենք ինչպես անել»:
Համայնքի բնակիչները պատուհաններից, պատշգամբներից ողջունում եւ ձեռքով էին անում կուսակցության անդամներին: Մի կին ասաց. «Ես գիտեի դու Ղարաբաղում ես, ե՞րբ եք վերադարձել»: Թանդիլյանը պատասխանեց. «Ես վերադարձել եմ, կուսակցություն եմ ստեղծել, որ պայքարը շարունակեմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ