Այսօր լրագրողները «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանից հետաքրքրվեցին ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավից ստացած տպավորության մասին:
Հարցին՝ երեկ Ավինյանի քարոզարշավին մարզերից մարդիկ էին ներգրավված, ընդ որում՝ մարզային ՔՊ-ականներ էին, որոնք պաշտոններ են զբաղեցնում, նաեւ մամուլում հրապարակումներ կան, որ մարզերից քաղաքացիներին Երեւանում գրանցելու փորձեր կան, այսինքն, արդեն իսկ վարչական ռեսուրսը կիրառվում է, դուք սրա դեմ պայքարելու որեւէ միջոց ունե՞ք՝ Թանդիլյանը պատասխանեց. «Մենք չենք անհանգստանում այդ երեւույթներից, մենք գիտենք, որ դրանք տեղի են ունենում եւ մենք նաեւ դրան պատրաստ ենք: Այսինքն, այն վարչական ռեսուրսի, դրանից էլ այն կողմ փաթեթն է, որը ՔՊ-ն պիտի աներ:
Կարդացեք նաև
Մենք դրան պատրաստ ենք այս մրցապայքարում: Մենք խնդիրն այդտեղ չենք տեսնում: Միեւնույն ժամանակ այն արտահոսքը, որ եղավ, բոլորի աչքի առջեւ էր: Այսինքն, դա ոչ նորություն է, ոչ էլ ես պիտի հետեւեմ քարոզարշավին, որ իմանամ՝ դա տեղի է ունենում: Ես ցավում եմ, որ մեր հայրենակիցները նորից ականատես են լինում այն արատավոր երեւույթներին, որոնք միշտ տեղի են ունեցել ընտրություններում, բայց նաեւ վստահեցնում եմ, որ մտահոգվելու իրենք էլ խնդիր չունեն: Մի գործ ունեն անելու՝ սեպտեմբերի 17-ին գնալ ընտրության, ընտրել 13 ուժեղ համարը, որովհետեւ դա բերելու է վերջ մի բանի եւ լավ բանի սկիզբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ