Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու երնեկ՝ մի տեղ». Թանդիլյանը վստահեցնում է, որ իրենց ծրագիրը թե՛ քաղաքական է, թե՛ քաղաքային, իսկ շոուներն իրենց չեն հետաքրքրում

Օգոստոս 24,2023 21:12

«Մարդիկ դիմավորում են լավ, որքան հնարավոր է այս պայմաններում՝ Հայաստանի եւ Արցախի այս վիճակում: Մենք փորձում ենք իրավիճակը հասկանալով՝ խոսել մարդկանց հետ: Արձագանքը դրական է: Մենք տեսնում ենք, որ մարդիկ վճռական են սեպտեմբերի 17-ին իրենց խոսքն ասելու մեր երկրում իրավիճակի մասին»,- այսօր Քանաքեռ Զեյթունում գնահատելով նախընտրական քարոզարշավի առաջին օրը՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:

Նա նշեց, որ մարդկանց հետ զրուցելով՝ պարզ է դառնում, որ հուզող հարցերը տարբեր են՝ սկսած բակային խնդիրներից, աղբահանությունից, տրանսպորտից, օդի աղտոտվածությունից, մինչեւ քաղաքական դիրքավորումներ:

Խոսելով առաջարկվող ծրագրերի մասին՝ Թանդիլյանն ասաց, որ իրենց առաջարկները միանգամայն իրատեսական են. «Մենք հավատում ենք, որ կանաչ Երեւանը արժեք է ու առաջարկում ենք գործողությունների ծրագիր՝ ժամկետով: Դուք կվերցնեք բուկլետը ու կնայեք հետո՝ ճոպանուղու համակարգի կառուցումը անելո՞ւ ենք 3,5 տարի հետո, թե՞ չէ: Քաղաքացու օգնականի ինստիտուտի ներդնում ենք անելու մեկ տարվա ընթացքում, ուրբան անտառների ներդնում:

Մեր նպատակները չափելի են: Մենք առաջարկ ունենք յուրաքանչյուր քաղաքացու համար: Ով քաղաքական ընտրություն է անում, մենք իր հետ խոսում ենք քաղաքական լեզվով: Եվ իմ թեկնածությունն էլ քաղաքական լեզվի մասին է եւ քաղաքական է: Մենք մեր ծրագրով ցույց ենք տալիս մարդկանց, որ բոլորիդ լսել ենք, բոլորիդ պահանջներին տիրապետում ենք եւ առաջարկում ենք լուծումներ: Մենք քառաչափ մոդելի ծրագիր ենք ներկայացրել. ում հուզում է միայն իր վարչական շրջանը, ծրագրում կարող է կարդալ միայն վարչական շրջանի մասը:

Ում հուզում են բացառապես երեխաների հետ կապված հարցերը, թե քաղաքում երեխաների հարմարավետ ապրելու համար ինչ հարցեր ենք լուծելու, բացում է այդ սոցիալական խումբը եւ այդ մասն է կարդում: Ով մեզ նման երազում է Երեւանի ապագան, ինչպիսին է տեսլականը, պիտի կարդա մեգանախագծերը, պատկերացնի գենպլանը: Չկա մի բնագավառ, որի մասով մենք լուծում չենք առաջարկում: Եվ ամենակարեւորը մեզ համար՝ այդ բոլոր լուծումները իրատեսական են, փորձարկված են տարբեր երկրներում, վաղուց ներդրված են, ցավոք, Երեւանը դեռ դոփում է տեղում»:

Դիտարկմանը, որ մարդիկ ավելի շատ շոուներ են ուզում տեսնել՝ Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Մեզ շոուները չեն հետաքրքրում, մեզ հետաքրքրում է բովանդակությունը եւ առարկան, պատերազմից հետո մենք շոուների ժամանակ չունենք, ավելորդ խոսքերի ժամանակ չունենք: Մենք դրա համար մարդկանց պրոֆեսիոնալ թիմ ենք ներկայացնում ու ծրագրեր»:

Հարցին՝ 13 համարի ներքո եք հանդես գալիս ընտրություններին, այդ թիվը ձեզ մտահոգո՞ւմ է՝ Թանդիլյանը ժպտաց. «Ինձ ուրախացնում է»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ սա քաղաքակա՞ն ընտրություն է, թե՞ զուտ Երեւանի քաղաքապետի ընտրություն է՝ նա պատասխանեց. «Այն, որ ա քաղաքական ազդեցություն է ունենալու, ես կասկած չունեմ: Մենք լիարժեք հասկանում ենք, որ Երեւանը, քաղաքամայր լինելով, տոն է տալու քաղաքական փոփոխությունների: Համամասնական ընտրությունները նախ քաղաքական ընտրություններ են, բացի այդ, մենք ամբողջական իշխանափոխության, սահուն, անցնցում ընտրական պրոցեսների միջոցով իշխանափոխության կողմնակից ենք: Հետեւաբար, քաղաքական կոմպոնենտին ամբողջությամբ տիրապետում ենք ու առաջարկներ ունենք: Բայց մենք հաշտ ենք ու հաշվի ենք նստում երեւանցիների կարծիքի հետ: Ակնհայտ է, որ միայն քաղաքական ընտրություն անելիս բաց թողնել Երեւանի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ չի կարելի: Վերջապես սա մեր մայրաքաղաքն է եւ 5 տարին մեկ է այս հնարավորությունը: Մենք իրավունք չունենք չմտածել այդ խնդիրների մասին: Մեր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ մեր առաջարկած ծրագիրը թե՛ քաղաքական է, թե՛ քաղաքային ինչպես երկու երնեկ մի տեղ փաթեթով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031