Լրահոս
Օրվա լրահոսը

«Էժանագին», «անլուրջ» հայտարարություններ. ԳԽ պատգամավորները՝ անկախության Հռչակագրի՝ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունների մասին

Օգոստոս 24,2023 21:33

«Անկախության Հռչակագիրը այլաբանորեն միայն տգետը կարող է մեկնաբանել: Դա հղկված եւ դեպի ապագան տանող փաստաթուղթ է: Հասկանում եմ, իր համար խոչընդոտ է այդ փաստաթուղթը, որ Արցախը հանձնի Իլհամին, քանի որ անկախության Հռչակագիրը սահմանադրական փաստաթուղթ է, որտեղ հստակ, ամեն ինչ ամրագրված է: Այսինքն, նման էժանագին հայտարարություններ անելով, չնչին տոկոս իր կերակրատաշտից օգտվողներին մոլորեցնելով՝ ոչնչի չի հասնելու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց 1990-95 թվականներին ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, անկախության Հռչակագրի պատրաստման հանձնաժողովի անդամ, ՀՅԴ-ական պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, երեկ՝ օգոստոսի 23-ին, Հայաստանի անկախության Հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի առիթով հղած իր ուղերձում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ 20-րդ դարավերջին ընդունված այդ փաստաթղթով որդեգրել էինք մի բանաձեւ, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն բերել էր անկախության կորստի: Նա նաեւ նկատել էր. «Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ» եւ հավելել. «…Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում»:

Մեխակ Գաբրիելյան

Մեխակ Գաբրիելյանը նաեւ հավելեց. «Երկար ժամանակ է ես այդ մարդուն չեմ լսում, որովհետեւ անիմաստ եմ համարում լսել նման մարդուն, բայց, մյուս կողմից էլ, նա առայժմ մեր պետության ղեկավարն է. Աստվածաշունչն ասում է՝ «Տգետ թագավորը կորստյան է մատնում իր ժողովրդին». Սիրակի իմաստնություն, իսկ Առակաց գրքում ասում է՝ «Արդար թագավորը բարձրացնում է իր երկիրը, իսկ անօրենը կործանում է այն»: Հիմա, այս մարդը եւ տգետ է, եւ անօրեն, եւ անաստված, ինքն այդ բոլորի մարմնացումն է ու քանի որ նաեւ ծառայում է իրեն հաղթողին՝ ռուս-թուրքական երկվորյակին, փորձում է Հայաստանը վերածել ավերակի: Բայց ինքը մոռանում է, որ հայ ժողովուրդն Աստծո ընտրյալ ժողովուրդն է եւ դեպի հավերժություն է գնալու: Այսինքն, ինքը լինելով կիսագրագետ՝ չի կարողանում ըմբռնել Անկախության հռչակագրի խորքային երեւույթը: Այն ժամանակ դա երեւույթ էր  ամբողջ հետխորհրդային տարածքում, ինչպես նաեւ աշխարհում»:

Հիշելով, որ տեքստի շուրջ բարդ քննարկումներ էին լինում, բայց առանց մեկմեկու վիրավորելու՝ ընտրվում էր ոսկե միջինը, Մեխակ Գաբրիելյանը նաեւ հավելում է. «Ամեն մի բառն այդտեղ տքնաջան բանավեճերի արդյունքում է ծնվել: Դա այնպիսի փաստաթուղթ է, որն ուղեցույց է՝ հայոց պետականության, հայոց պետության ապագայի առումով: Հիմա, այս մարդը, քանի որ որոշել է, որ Արցախը՝ Հայաստանի մի մասը, իր հոր «դուքյանն է», տալիս է Ադրբեջանին. ո՞վ ես դու, որ կարողանաս Հայաստանից թեկուզ մեկ թիզ հող վաճառել մեր թշնամուն, ո՞վ է քեզ այդ իրավունքը տվել, ոչ մեր ժողովուրդն է տվել, ոչ էլ Աստված կբարեհաճի, որ այդպես լինի: Ինքը չի կարողանալու դա իրականացնել եւ, կարծում եմ, շուտով ինքը ոչ միայն լքելու է վարչապետի աթոռը, այլ նաեւ Պուտինի, Իլհամի հետ միասին կանգնելու է Հաագայի դատարանի առջեւ: Պուտին-Իլհամ-Փաշինյան եռյակը հանցագործների եռյակ է, իսկ Պուտինն էլ ոչ միայն Հայաստանի նկատմամբ հանցագործություն կատարեց, այլ նաեւ իր հանցագործությունն Ուկրաինայում շարունակեց: Կարծում եմ, շուտով ականատեսը կլինենք նրա, թե ինչպե՞ս է կանխվում այդ եռյակի՝ Հայաստանի նկատմամբ շարունակվող հացագործությունը եւ ինչպես է Արցախը վերադառնում Հայաստանի գիրկ»:

Բագրատ Ասատրյան

1990-95 թվականներին ՀՀՇ-ն ներկայացնող պատգամավոր Բագրատ Ասատրյանն էլ մեր զրույցում ասաց. «Ես ուղղակի ցավում եմ ու ոչ մի լրջություն չեմ տեսնում: Սա մեր պատմությունն է, իսկ պատմության նկատմամբ այդպես չեն վերաբերվում»:

Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի նպատակը: Մեր զրուցակիցն ասաց, որ անկեղծորեն չի հասկանում եւ մեկնաբանություններ էլ չունի: Նա անտրամաբանական է համարում այն մոտեցումը, թե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է լուծարել ՀՀ երրորդ հանրապետությունը, քանի որ Հայաստանի առաջին, երկրորդ կամ երրորդ հանրապետություններ մենք ենք ասում եւ դա ոչ մեկի համար ոչ մի արժեք չունի, իրականում կա Հայաստանի հանրապետություն, որը սուվերեն պետություն է, որի սուբյեկտայնությունը պարզ է, իսկ մնացյալը, իր գնահատմամբ, մեկնաբանություններ են, որոնք կարող են, մեղմ ասած, անլուրջ լինել, անհաջող լինել եւ այլն: Ամեն դեպքում, Բագրատ Ասատրյանը լուրջ բան չի տեսնում Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ եւ չի կարծում, որ լուրջ հետեւանք կամ արձագանք ստանա այն:

Պարույր Հայրիկյանը եւ Գերագույն խորհրդի մի քանի այլ պատգամավորները

Նույն շրջանում ԱԻՄ համակիրների մանդատով ԳԽ-ում ներկայացված, նորերս Հայաստան վերադարձած վտարանդի անկախական Պարույր Հայրիկյանն էլ մեր զրույցում ասաց. «Ամենաբարդ գործը հոգեպես անառողջի տրամաբանությունը վերլուծելն է»: Ապա հավելեց. «Ո՞նց կարող է մարդ 30 տարուց ավել ապրի, աշխատել լրագրող՝ անկախության Հռչակագրի ներքո, 33 տարի հետո դառնա իշխանակիր, որոշի երկիրը հանձնել եւ այդ ժամանակ էլ որոշի, որ այդ փաստաթուղթն անկատար է: Իսկ ամենավտանգավորը՝ ճշմարիտ մտքերին ուղեկցող ստերն են: Օրինակ, որ ժողովրդավարությունը շատ լավ է, ինքն այն բարձր է գնահատում ու դրան զուգահեռ էլ մի նման հզոր անհեթեթություն. այդ դա արդեն վտանգավոր է»:

Պարույր Հայրիկյանի տպավորությամբ, Նիկոլ Փաշինյանը երկիրը հանձնելու իր նպատակին հիմնավորումներ ու արդարացումներ է փնտրում. «Ոչ միայն երկիրը հանձնելու, գուցե՝ ավելի վատ բաներ: Երկիրը հանձնել ինքը չի կարող, բայց կարող է այնպիսի իրավիճակի հասցնել, որ հետեւանքները շտկելը բարդ կլինի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031