Շիրակի մարզի պատգամավորների թիվն այսօր համալրվել է ևս մեկով․ ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը վերցրել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատը՝ միանալով «Հայաստան» խմբակցությանը։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով Անդրանիկ Թևանյանը վայր էր դրել իր մանդատը, իսկ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի հաջորդ համարը ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանն էր:
Վերջինս քիչ առաջ ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ տեղեկացնելով․
«Սիրելի հայրենակիցներ,
Կարդացեք նաև
Այսօր ստանձնել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը և միացել ԱԺ-ի «Հայաստան» խմբակցությանը։
Հաշվի առնելով, որ օրհասական այս օրերին Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կանգնած են անվտանգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյական լուրջ մարտահրավերների առաջ, անդավաճան մնալով իմ և հարազատ կուսակցության որդեգրած սկզբունքներին, այսուհետ պայքարը շարունակելու եմ նաև ՀՀ-ի ԱԺ-ի պատգամավորի կարգավիճակում։
Շնորհակալություն վստահության համար։
Աստված պահապան մեր Հայրենիքին և հայ ժողովրդին»։
Նկատենք, որ Մհեր Մելքոնյանն աչքի է ընկնում իր համարձակ քննադատություններով, անչափ ակտիվ է սոցիալական հարթակում։
Այսպիսով Շիրակի մարզից ընտրված պատգամավորների թիվը դարձավ 5․ երեքը՝ Կարեն Սարուխանյանը, Դավիթ Առուշանյանն ու Էմմա Պալյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են, իսկ Մարտուն Գրիգորյանն ու Մհեր Մելքոնյանը՝ ընդդիմադիր խմբակցություններից։
Մարտուն Գրիգորյանը «Պատիվ ունեմ» խմբակցությունից է, նա մինչ Մհեր Մելքոնյանի խորհրդարան մտնելը համարվում էր մարզի միակ ընդդիմադիր պատգամավորը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ